Բաժիններ՝

ՊՄՏՀ-ի լիագումար նիստին կմասնակցեն ՌԴ-ի, ՉԺՀ-ի, Հայաստանի ղեկավարները և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը

Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի հունիսի 7-ի լիագումար նիստին կմասնակցեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը եւ Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Նա հիշեցրել է, որ Պուտինն ավանդաբար ելույթ է ունենում համաժողովի լիագումար նիստում, իսկ ՊՄՏՀ-ի պատվավոր հյուրն այս տարի կլինի Սի Ցզինպինը: «Հյուրերի կարգավիճակով համաժողովին կմասնակցեն Բուլղարիայի նախագահը, Հայաստանի եւ Սլովակիայի վարչապետները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Բոլոր այս ղեկավարները կմասնակցեն հունիսի 7-ի լիագումար նիստին»,- ասել է Ուշակովը:

Բացի այդ, համաժողովին ներկա կլինեն Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը, ինչպես նաեւ Վենեսուելայի եւ Կոտ դ՛Իվուարի փոխնախագահները, Աբխազիայի վարչապետը, Բոսնիայի եւ Հերցեգովինայի նախագահության նախագահը, Բելառուսի, Բելգիայի, Իրաքի, Ղազախստանի, Կատարի, Ղրղզստանի, Կուբայի, Լյուքսեմբուրգի, Մոնղոլիայի, Սերբիայի եւ Ուզբեկստանի փոխվարչապետներն ու կառավարությունների փոխնախագահները եւ եւս 40-ից ավելի արտաքին գործերի նախարարներ եւ խորհրդարանների խոսնակներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս