Բաժիններ՝

«Ինչ սխալ արել ենք՝ դա պարսպից դուրս է եղել, իսկ ԱԱԾ-ն բերել է պարսպից ներս». Առևտրականները՝ կատարած խախտման ու դրա պատճառների մասին

Մայիսի 18-ից Բագրատաշենի մաքսակետում են պահվում Թուրքիայից Հայաստան բերված ապրանքները:

«Մենք չենք ասում, որ անմեղ ենք. այստեղ կան նաև մեր սխալները, որոնք բարձրաձայնել և ընդունել ենք: Մենք չգիտենք, թե մեր գործով ովքե՞ր են զբաղվում: Միայն տեղեկացրել են, որ քրեական գործ է հարուցվել 205 հոդվածի առաջին կետով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առևտրականներից Քրիստինե Մանուկյանը:

«Մենք լուրջ վտանգ ունենք. շատ հայ ընտանիքներ գնում են դեպի անդունդ: Բոլորս բանկերում պարտքեր ունենք: Բեռները, 15 օր է՝ պահված են մաքսատանը: Որոշակի քանակություն կա, որ առանց մաքսազերծման՝ փորձել ենք հանել, ու դրա մասին խոստովանել ենք: Ունեցել ենք մեխանիզմ, որն աշխատացրել ենք, այնտեղ մաքսավորներ չկան: Ինչ սխալ արել ենք՝ դա պարսպից դուրս է եղել, իսկ ԱԱԾ-ն բերել է պարսպից ներս: Խախտված բեռի չափը մոտ 3 տոննա է: Անօրինական քայլի դիմել ենք մաքսազերծման բարձր գնի պատճառով: Մենք ապրում ենք Հայաստանում, բայց 4 եվրոյին համարժեք դրամով ենք մաքսազերծում: Եթե, ասենք, վերնաշապիկը 1 դոլարով ես գնել, 4 եվրո մաքսազերծումն էլ ավելացնես՝ բերես, պետք է մտածես, թե ում նվիրես, որովհետև չես կարող վաճառել այդ գներով: Միայն ես շաբաթը 4-5 տոննա բեռ եմ մաքսազերծում»,- նշեց նա:

Քրիստինե Մանուկյանի փոխանցմամբ՝ իրենք «Վերջին զանգի» համար նախատեսված ապրանք էին բերել:

Կարդացեք նաև

«Բեռները պատկանում են 40 ուղևորի: Ընդունում ենք մեր սխալը, տվե՛ք մեր տույժի չափը: Առաջին օրն ասացին, որ 9000 եվրո տուգանք են տալու: Համաձայնվեցինք՝ ասելով, մենակ թե բեռները թողնեն: 4 ժամ հետո մոտեցան, ասեցին՝ չէ, թիվը փոխվեց, 14.000 եվրո է: 4 տոննա 900 կգ բեռ է եղել, որից 2 տոննա 800 կգ մաքսազերծված ապրանքն է եղել, 1 տոննա 50 կգ էլ եղել է հասանելի ապրանքը (ուղեկցվող 25 կգ չմաքսազերծվող բեռի մասին է խոսքը): Մեզ ասացին, որ գործ է հարուցվելու, մենակ մենք չէինք կարող այս ամենն անել: Կնքեցին վրացիներին պատկանող ավտոբուսը, որի համար օրը 2400 դոլար է պահանջում վրացական կողմը: Ընթացքում մեզ հայտնեցին, որ տույժը հաշվել են, և 17.000 եվրո է դարձել, կրկին համաձայնության եկանք, որովհետև այլընտրանք չունեինք, բայց հիմա պահանջում ենք, որ կրկին զննեն ապրանքը, տույժի չափը վերանայեն: Խնդրում եմ՝ ներեն մեզ, պատիժը ներկայացնեն»,- մանրամասնեց Քրիստինեն:

Նրա խոսքով, եթե հարցն արագ չլուծվի, ապա պատրաստվում են բողոքի ակցիաներ անել, փողոցներ փակել:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ից Բագրատաշենի մաքսակետում են պահվում Թուրքիայից Հայաստան բերված ապրանքները:

«ԱԱԾ սահմանապահ զորքերը Բագրատաշենի մաքսատանն օրենքին համապատասխան միջոցառումներ են իրականացրել»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում մայիսի 24-ին հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Բագրատաշենի մաքսատանը ստեղծված իրավիճակին։

Արթուր Վանեցյանի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն տվյալներ ունի, որ Մաքսային ծառայության որոշ ծառայողների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ որոշակի գումարի դիմաց այդ ապրանքները տեղափոխել Հայաստանի Հանրապետություն։ ԱԱԾ-ի կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է խախտումը և կասեցվել է բեռների անցումը։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս