Մասնագիտությամբ իրավաբան Էջմիածնի քաղաքապետը լավ չի պատկերացնում իր լիազորությունների շրջանակը
Այսօր՝ ուղիղ կեսգիշերին, Լեհաստանի Կրակով քաղաքում «Մշակութային ժառանգության քաղաքների» ամենամյա համաժողովին մասնակցող Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ուղիղ եթերով դիմեց իր համաքաղաքացիներին՝ հատուկ շեշտելով, որ Կրակով իր այցը «ոչ մի լումա չի նստել» քաղաքային բյուջեի վրա, որովհետև ուղևորության հետ կապված բոլոր ծախսերը հոգացել է հրավիրող կողմը։
Սակայն ուղիղ եթերով Էջմիածնի քաղաքապետի՝ իր համաքաղաքացիներին դիմելու շարժառիթը բոլորովին այլ էր։ Ի թիվս այլ անդրադարձների, որ վերջինս կատարում էր՝ ի պատասխան երեկ ինչ-որ քաղաքացու՝ ուղիղ եթերով հնչեցրած մտքերի կամ պնդումների, Դիանա Գասպարյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ Էջմիածնի քաղաքապետարանը ևս 30 տարով երկարաձգել է գեներալ Մանվել Գրիգորյանին վարձակալությամբ տրված, քաղաքապետարանի դիմաց գտնվող տարածքի վարձակալությունը՝ հատուկ շեշտելով, որ «Էջմիածնի քաղաքապետարանը Մանվել Գրիգորյանի սրճարանի վարձակալության պայմանագիրը ոչ միայն չի երկարաձգել, այլև՝ հակառակը, քայլեր է ձեռնարկում այն ժամանակից շուտ լուծարելու ուղղությամբ»։
Նա տեղեկացրեց, որ «քաղաքապետարանի դիմացի տարածքը սրճարան կազմակերպելու և կառուցելու համար Մանվել Գրիգորյանի մերձավորներին (սակայն բոլորս գիտենք, որ այդ ամենի հետևում հենց նա է կանգնած), տրվել էր վարձակալության 2003 թվականին՝ 25 տարով, այսինքն՝ մինչև 2028 թվականը, տարեկան մոտ 23 հազար դրամի չափով վարձավճարով»։
Ըստ Գասպարյանի՝ պայմանագիրը կնքված է այնպես, որ այն մինչև ժամկետի ավարտը լուծելու որևէ իրավական հնարավորություն չի նախատեսում, և միակ բանը, որ քաղաքապետարանը հնարավորություն ունի փոփոխել, վարձավճարի չափն է։
Այսինքն՝ պայմանագրով նախատեսված է, որ, եթե հողի կադաստրային արժեքի վերաբերյալ փոփոխություն է լինում վարձակալական ժամկետի ընթացքում, ապա վարձատուն իրավունք ունի պահանջել ավել վարձակալական գումար, և եթե վարձակալը չի համաձայնում, ապա միակողմանի դադարեցնում է վարձակալության պայմանագիրը, իսկ եթե համաձայնում է, ցավոք, պետք է շարունակի վարձակալել։ Այդ նպատակով Էջմիածնի քաղաքապետարանը որոշել է սահմանել նոր վարձավճար՝ տարեկան մոտ 7 միլիոն դրամ, և այս մասին արդեն ծանուցվել են սրճարանի վարձակալները։
Դիանա Գասպարյանը հայտնեց, որ բոլորի համար էլ պարզ է, որ ամառային ամիսների ընթացքում վարձակալը չի կարողանալու այդքան եկամուտ ապահովել, որպեսզի տարեկան մոտ 7 միլիոն գումար վճարի վարձակալության դիմաց, ու հույս հայտնեց, որ այդքան գումար վարձակալները չեն համաձայնի վճարել, և իրենք պայմանագիրը կլուծարեն, իսկ մինչ այդ կոչ արեց բոյկոտել այդ սրճարանի աշխատանքը.
«Օգտվելով առիթից՝ ես ցանկանում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել, հորդորել բոյկոտել այդ սրճարանի աշխատանքը, որևէ դեպքում, անգամ ամառվա ամենաշոգ եղանակին ծարավ լինելու դեպքում գեթ մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից, որպեսզի սրճարանը որևէ եկամուտ չապահովի»,- ասել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ նշելով, որ ինքը հավատում է, որ տարածքն ազատագրվելու է և վերադարձվելու է քաղաքին։
Տարածքը, փաստորեն, թշնամու խլած հող էր, որ պիտի ազատագրվի ու վերադարձվի։
Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ այս տեքստն արտաբերողն Էջմիածնի սովորական քաղաքացի չէ, այլ մասնագիտությամբ իրավաբան, նախկինում՝ Արդարադատության նախարարության աշխատակից, Էջմիածնի քաղաքապետը։
Իրավաբան Դիանա Գրիգորյանը պետք է որ իմանար, որ լինելով քաղաքապետ՝ անձն ունի օրենքով սահմանված լիազորությունների, պարտավորությունների ու իրավունքների հստակ շրջանակ, ու ինքը պարտավոր է գործել դրանց շրջանակներում, և որպես քաղաքապետ՝ պարտավոր է իրականացնել միայն այդ շրջանակներում առկա գործողություններից մեկը։
Դժվար թե Դիանա Գրիգորյանն իր պաշտոնի անձնագրում կարողանա մատնանշել մի կետ, որը կարող է նրան թույլ տալ կոչ անել բոյկոտել գործող բիզնեսը ու միտումնավոր վնաս պատճառել նրան։
Սա նաև Սահմանադրությամբ է նախատեսված։
Կարճ ասած՝ իր այս ուղիղ եթերով արված հայտարարություններով Էջմիածնի քաղաքապետը կատարել է մի գործողություն, որն իր պաշտոնից բխող որևէ իրավասության մեջ չի կարող տեղավորվել, և եթե հետագայում կպարզվի, որ այդ կոչն էական վնաս է պատճառել տվյալ տնտեսվարողին, ապա չի բացառվում, որ այդ արարքը դիտարկվի և քննության առարկա դառնա նաև Քրեական օրենսգրքի շրջանակներում։
Այս պահին միանշանակ է, որ Էջմիածնի քաղաքապետը դուրս է եկել իր լիազորությունների ու իրավասությունների շրջանակից։
Սա, թերևս, այնքան էլ տարօրինակ չէ՝ հաշվի առնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարաններն արգելափակելու հայտնի կոչը: Փաստորեն հենց այդ կոչից ոգեշնչված՝ այսուհետ տեղական իշխանիկները կարող են իրենց իրավունք վերապահել և կոչ անել բոյկոտել դատարանի վճռով որևէ կերպ գործունեության սահմանափակում չունեցող տնտեսվարողի գործունեությունը։