«Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությունը կարելի է երկակի գնահատել». Գևորգ Պետրոսյան
Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պետրոսյանի հետ։
– Պարոն Պետրոսյան, դատավորների ընդհանուր ժողովի՝ ժամեր տևած քննարկումից հետո տարածված հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում։
– Այն կարելի է երկակի գնահատել՝ իրենց համար անսպասելի և նաև քննադատելի է ԲԴԽ-ի անգործությունը, որովհետև Սահմանադրության համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն այն պետական մարմինն է, որը պետք է ապահովեր դատական համակարգի անկախությունը։ Հավանաբար, նրանք դժգոհ էին ԲԴԽ անգործությունից, որ այն ժամանակին չարձագանքեց վարչապետի կոչերին և դրանց վրա հիմնված հասարակական ակցիաներին։
Երկրորդը՝ երևի թե այստեղ իրավացիորեն իրենց ինքնապաշտպանական բնազդը խոսեց, որովհետև մենք բոլորս անցել ենք դատական համակարգի գոյության պաշտպանությանն ուղղված քայլերին՝ բացի դատավորներից։ Եվ ճիշտ է, որ դատավորները նույնպես արձագանքեին, որովհետև այստեղ նրանց պատվի, նրանց արժանապատվության, աշխատանքի, գործարար համբավի խնդիրն էր։ Ինձ համար էլ անհասկանալի էր այսքան օրերին դատավորների լռությունը։ Կարծում եմ՝ ճիշտ ու տեղին էր իրենց հայտարարությունը։
Ոմանք այն գնահատում են կոշտ, բայց ես գնահատում եմ շատ ճիշտ։ Եվ ես խորհուրդ կտայի, որ խնդիրը զարգանար ոչ թե՝ դատավորներ և ԲԴԽ հակասությամբ, այլ՝ նրանց միասնությամբ։ Եվ այն, որ այսօր ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել, դա հիմք չէ հավասարեցնելու, թե այդ մարմինն այլևս գոյություն չունի։ Այդ մարմինն իր մյուս կազմով գոյություն ունի և, կարծում եմ, պետք է ակտիվորեն իրականացնի սահմանադրական գործառույթը։
Մենք չենք կարող երբևէ ակնկալել անկախ դատարան, եթե այդ դատարանի նկատմամբ հենց երկրի ներսում գործադիր իշխանության կողմից կան ճնշումներ, գործադիր իշխանության կողմից արված հայտարարությունների հիման վրա նաև Սահմանադրությանը հակասող գործողություններ։ Այդ պարագայում երբեք չի կարելի հույս փայփայել անկախ դատարանի մասին։ Մենք միշտ էլ այն կարծիքին ենք եղել, որ դատական համակարգը լուրջ վերափոխումների կարիք ունի, բայց մեր կյանքի այս փուլում ճիշտ չենք համարում այդ վերափոխումները կատարել վիրահատական այս կտրուկ և հատու միջոցներով։
Դրանք պետք է կատարվեն աստիճանաբար, գիտակցված, հաշվարկված։ Մենք իրավունք չունենք ոչնչացնել մի բան, ինչի երաշխավորված երկընտրանքը մենք չունենք։ Իսկ այսօր ոչ մեկը չի կարող ապացուցել հանրությանը, որ, եթե մենք ամբողջ դատական կորպուսն այսօր շարքից հանենք, ապա հաջորդ օրը կունենանք դրան արդյունավետ, առնվազն գոնե հավասար փոխարինող կառույց։ Դրա համար պետք է աստիճանաբար անցնել այդ համակարգի վերափոխմանը։
Ավելին՝ եթե խոսում ենք վեթինգի մասին, ապա այդ վեթինգը պետք է սկսել Ազգային ժողովից, կառավարությունից, ապա անցնել դատական համակարգին, որովհետև դրանք բոլորը միասնական փոխհամաձայնեցնող, փոխլրացնող են։ Ճիշտ է, դրանք իշխանության տարբեր թևեր են, բայց չի կարող իշխանության տարբեր թևերից մեկի մեջ աններդաշնակությունը որևէ ձևով չարտահայտվել մյուս թևի ներդաշնակության վրա։ Դրա համար, եթե խոսում ենք իսկապես ամբողջ պետական համակարգի վեթինգի մասին, ապա ես կառաջարկեի սկսել Ազգային ժողովից, թե ովքեր են այն պատգամավորները, որոնք ոչ մի ելույթ չեն ունենում, որևէ հանրօգուտ աշխատանքով չեն զբաղվում, հասարակությանը չեն հանդիպում, մարդկանց խնդիրներին տեղյակ չեն, պարզապես գալիս են այնտեղ հեռախոսով խաղալու կամ պարապ ինքնահիացմամբ զբաղվելու։
– Վեթինգով անցած լինելը պատվաբե՞ր է, թե՞ ոչ։
– Եթե որևէ երևույթ, առանց դրա տեղական առանձնահատկություններն ուսումնասիրելու, վերցնում ենք և մեխանիկորեն տեղայնացնում, դա չի կարող արդյունավետ գործել։ Հիմա գուցե վեթինգն Անգլիայում կամ Ավստրալիայում արդյունավետ է, կամ պատվաբեր է նրանց համար։ Գուցե այնտեղ այնպիսի իրավակարգավորումներ են, որ նույնիսկ վեթինգի ենթարկվողներն են ուրախ այդ գործընթացով անցնելու համար և ընկալվում են՝ որպես ազնիվ պետական ծառայողներ։
Բայց մենք չենք կարող ասել՝ դա Հայաստանում ինչ միջոցներով կընթանա, ինչ մեթոդներով։ Մենք անգամ չենք կարողանում պատասխանել հարցին, թե այդ վեթինգն ով է անցկացնելու, ինչ սկզբունքով, ինչ միջոցներով։ Հետևաբար՝ այսօր շտապել կարծիք հայտնել, թե վեթինգը պաշտոնյաների արժանապատվությանը կվնասի, թե կօգնի, կամ ինչպես կանդրադառնա նրանց աշխատանքային գործունեությանը, այս պահին ես չեմ կարող ասել։ Համենայն դեպս, եթե մենք վեթինգը նկատի ունենք զտումը, ապա դա կարելի է սկսել կոնկրետ գործերով։ Եթե մի դատավոր արդյունավետ աշխատում է, որևէ ձևով չի խախտել օրենքը, երբևէ կարգապահական տույժի չի ենթարկվել, ավելին՝ խրախուսվել է, իր աշխատանքային գործունեությունն իրականացրել է բացառապես օրենքի հիման վրա, մենք նրան կանչենք ասենք՝ դուք պետք է պարբերաբար այսպիսի հաշվետվություններ ներկայացնե՞ք։
Առանց այդ էլ հաշվետվություններ տալիս են՝ նրանք գույքի և եկամուտների հայտարարագիր են լրացնում։ Դրանից ավելի ի՞նչ է պետք օրինազանց դատավորին կարգի հրավիրելու համար։ Ինձ թվում է՝ ոչինչ։ Երբ կլինի օրենսդրական նախագիծ, նոր դատողություն կանենք, թե դա ինչպես կանդրադառնա ամբողջ դատական համակարգի և դրա առանձին ներկայացուցիչների աշխատանքի որակի, ինքնազգացողության, պատվի ու արժանապատվության վրա։
– Բայց գույքի և եկամուտների հայտարարագրերն այսօրվա դրությամբ զուտ դեկլարատիվ բնույթ չեն կրում։ Չէ՞ որ տարբեր դատավորներ նշում են խոշոր չափերի նվիրատվությունների մասին, իսկ Էթիկայի հանձնաժողովը երբևէ որևէ ուսումնասիրության մասին հրապարակում չի արել։
– Ի՞նչն է խանգարում, որ հիմա անի։ Եթե տվյալները կասկածելի են թվում, ոչինչ չի խանգարում, որ հիմա անի։ Այսինքն՝ պետք չէ, որ մենք ինչ-որ օտարածին երևույթ բերենք, առանց հասկանալու՝ դա ինչ է, և առանց օրենքով սահմանված գործիքակազմի՝ ընտրանքային ձևով կիրառենք, որը նույնպես հղի է սուբյեկտիվիզմի վտանգով, քան մեր եղած օրենսդրությունը կիրառելը։ Մեր առկա իրավակարգավորումը բավարար է, որ, եթե իսկապես կասկածելի տվյալներ կան, կոնկրետ դատավորների հետքերով պետությունը գնա։ Բայց դրա պատճառով քանդել ամբողջ համակարգը և անունը դնել արդիականացում, ինձ համար այդ արդիականացման ապագան շատ մշուշոտ ու կասկածելի է թվում։