Որևէ կերպ լրագրողների աշխատանքը սահմանափակելն անընդունելի է. Գայանե Աբրահամյան

«Ինձ համար աբսուրդ է դա, որևէ կերպ լրագրողների աշխատանքը սահմանափակելն անընդունելի է, անգամ, եթե էթիկայի պայմանները խախտելով որոշ գործողություններ իրականացվում են։ Անշուշտ, որևէ մեկը չի կարող չհաստատել, որ դռների արանքից գաղտնալսելն էթիկայի խախտում է։ Բայց անգամ այդ դեպքում, ես կարծում եմ, որ որևէ կերպ լրագրողների աշխատանքը սահմանափակելն անընդունելի է, և, բնականաբար, լրագրողները պետք է կարողանան կանգնել այնտեղ, որտեղից միանգամից կկարողանան ինֆորմացիա ստանալ, այսինքն՝ դռների մոտ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու՝ իշխանական պատգամավորների քննարկումներին։

Ըստ նրա՝ ԱԱԾ-ին դիմելու առաջարկը ներքին արտահոսքի բացահայտման մասին է, և ոչ թե նրա, թե լրագրողներն ինչպես են այդ ինֆորմացիան ստանում.

«Որոշակի կասկածներ կան, որ մեր էլեկտրոնային փոստերն են կոտրում, և այդպես է արտահոսք լինում։ Եվ դա շատ վաղուց է։ Ենթադրում եմ՝ այդ խնդիրը բացահայտելու համար է խոսվել ԱԱԾ-ին դիմելու մասին։ Այլապես չեմ պատկերացնում, թե ԱԱԾ-ն լրագրողների հետ կապված ինչ պետք է անի»։

Գ.Աբրահամյանը նշեց, որ, եթե լրագրողն էթիկայի խախտմամբ է գործունեություն ծավալում, դա պատգամավորները չպետք է սահմանափակեն.

«Դա ներքին կարգավորման խնդիր է, լրագրողական համայնքը պետք է կարգավորի»։

Անդրադառնալով պատգամավորների օգնականների կողմից լրագրողների շարժը վերահսկելու մասին հարցին՝ Գ.Աբրահամյանը նշեց.

«Ես վաղուց անընդհատ ասում եմ, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք խմբակցության բոլոր նիստերի ժամանակ ուղիղ եթերում խոսելու, այսինքն՝ մենք պետք է շատ լավ իմանանք, որ, եթե որևէ բան ենք խոսում, որը չպետք է արտահոսք ունենա, չպետք է դուրս գա, ուրեմն կա՛մ այդ շենքում չպետք է խոսենք, կա՛մ ուղղակի չպետք է խոսենք։ Մի քանի անգամ եղել է, որ խմբակցության նիստի ժամանակ հարց է հնչել՝ դա հրապարակվելու ենթակա՞ է, թե՞ ոչ, ասել ենք՝ համարեք, որ ուղիղ եթերում ենք խոսում։

Ամբողջ աշխարհում նորմալ են այդ արտահոսքերը, ես այդտեղ խիստ աննորմալ բան չեմ տեսնում, և լրագրողների մասով սահմանափակումներ չպետք է արվեն։ Պետք է հասկանանք, թե մեր ներսից որն է խնդիրը, եթե ներսից ինֆորմացիայի արտահոսք կա, դա խնդիր է, և պետք է պարզենք։ Իսկ լրագրողները ցանկացած միջոց, այո, կարող են կիրառել, և դա զուտ ներքին լրագրողական ինքնակարգավորման մարմնի խնդիր կարող է դիտարկվել։ Էթիկայի խախտման հարցում գործադիր կամ օրենսդիր մարմինը որևէ ներգրավվածություն չի կարող ունենալ։ Դա շատ հստակ է և ամբողջ աշխարհում ընդունված նորմ է»։

Հարցին՝ ԱԺ ձևավորման սկզբնական շրջանում ասվում էր, որ պետք է նորընտիր պատգամավորների հետ աշխատանք տարվի մամուլի հետ շփվելու վերաբերյալ, արդյոք դա իրականացվե՞լ է, Գ.Աբրահամյանը պատասխանեց, որ Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) պարբերաբար մի քանի թրեյնինգ է արել բոլոր խմբակցությունների պատգամավորների համար՝ հրապարակային խոսքի, բանավիճելու հմտությունների մասին։

Տեսանյութեր

Լրահոս