««Արցախի դավադիր ուժերի» թեզը Բաքուն կարող է օգտագործել սեփական ագրեսիան՝ որպես պատասխան պաշտպանական գործողություն հրամցնելու համար»

Հարցազրույց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ

– Պարոն  Ջամալյան, օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ հայտարարել էր, որ նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր կան, ովքեր փորձում են տարաձայնություններ, նույնիսկ թշնամանք սերմանել Հայաստանի և Արցախի ժողովուրդների միջև։ Եվ այս համատեքստում, նշել է, որ այս ամենի հետևում տեսնում է դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Ձեր կարծիքով՝ այս հայտարարությունը որքանո՞վ է վտանգավոր, և Ադրբեջանն այն ինչպե՞ս կօգտագործի։

– Այն, որ պաշտոնական Բաքուն ապագայում կօգտագործի այդ թեզը մեր դեմ, գրեթե կասկած չունեմ։ Նախադեպը կա՝ 2016-ի ապրիլին իր ագրեսիան քողարկելու համար ադրբեջանական կողմը խաղարկել է այդ սցենարը, թե իբր իրենք դիմել են պատասխան գործողությունների։ Ի  վերջո, հենց հիմա իրենց զորավարժությունների սցենարով խաղարկվում է նույն սցենարը, պատասխան գործողություններ՝ ի պատասխան նախահարձակ գործողությունների։ Առհասարակ՝ միշտ ագրեսոր կողմն իր նախահարձակ գործողությունները հիմնավորում է իբր պաշտպանական նկատառումներով։ Եվ, իհարկե, վարչապետի, եթե շատ մեղմ արտահայտվենք, վրիպումը սկզբունքորեն բարենպաստ քաղաքական ֆոն է ստեղծում Բաքվի համար։

Այստեղ, թերևս, միակ դրական կողմն այն է, որ վարչապետը դավաճանություն ու դավադրություն է որակում տարածք հանձնելը, և, փաստորեն, այդ թեման արծարծելը դիտարկում քաղաքական մարգինալության հարթությունում։

Սա անկասկած օգտակար է՝ բանակցային գործընթացում տարածքային զիջումների անընդունելի սցենարները մերժելու առումով։ Սակայն միաժամանակ վարչապետը թիրախավորում է ոչ ավել, ոչ պակաս, Արցախի մեր հայրենակիցների մի հատվածի, դավադրության մեջ մեղադրում ինչ-որ ուժերի՝ առանց հստակ անուններ հնչեցնելու, ինչն անընդունելի է։ Զուգահեռաբար՝ ինչ-որ «տարօրինակ զուգադիպությամբ»՝ անհեթեթ միջադեպ է տեղի ունենում Վիտալի Բալասանյանի հետ, ով անուրանալի վաստակի տեր զինվորական է։ Առհասարակ այնպիսի տպավորություն ունեմ, որ թևակոխում ենք ներքին լարվածության մի շատ վտանգավոր շրջան՝ ցնցումներով լի ու անկանխատեսելի հետևանքներով։ Երկրում ատելության մթնոլորտ է ձևավորվում։

– Մտավախություններ ունե՞ք, որ Ադրբեջանը կարող է հրահրել սադրանքներ կամ պատերազմ և ամբողջ պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա՝ նշելով, որ ՀՀ վարչապետի նշած դավադիր ուժերն են գնացել նման քայլի։

– Անկեղծ ասած, չեմ կարծում, թե հակառակորդը լիովին պատրաստ է լայնամասշտաբ ռազմական գործողությունների դիմելու, ու ընդամենն առիթն է պակասում։ Պարզապես, կրկնում եմ, որ հնարավոր երրորդ ագրեսիայի դեպքում «Արցախի դավադիր ուժերի» թեզը Բաքուն կարող է օգտագործել սեփական ագրեսիան՝ որպես պատասխան պաշտպանական գործողություն հրամցնելու համար։

– Այս ընթացքում հակառակորդն իրականացնում է լայնամասշտաբ զորավարժություններ, որոնք ղեկավարում է անձամբ պաշտպանության նախարարը, ամբողջ սահմանի երկայնքով կատարում է ինժեներական աշխատանքներ, պատրաստում փոսճանապարհներ, և սահմանում համեմատաբար անդորր է, այս ամենի հետևում ի՞նչ վտանգներ կան, իրատեսակա՞ն է, որ հայկական սահմանին մոտ բերված զինտեխնիկան հակառակորդը հետ չտանի և կրկնի 2016 թվականի ապրիլի սցենարը։

– Ակնհայտ է, որ Բաքուն պատրաստվում է նոր ագրեսիայի, և թե՛ այս, և թե՛ նախորդ զորավարժություններն ընդհանուր պատկերացում են տալիս, թե ինչ մարտավարական սխեմաներ կարող է կիրառել հակառակորդն այդ ագրեսիան սանձազերծելու դեպքում։ Պետք է ելնել ադրբեջանական երրորդ ագրեսիայի անխուսափելիության դիրքերից ու նախապատրաստվել վերջինիս։

– Վերջին շրջանում ակնհայտ են դարձել Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև տարաձայնությունները, համենայն դեպս, մամուլում ու մասնավոր խոսակցություններում հաճախ է այդ մասին հիշատակվում, նաև՝ պաշտոնյաների կողմից, այս իրավիճակն ի՞նչ վտանգներով է հղի։

– Հանրության շրջանում նման տպավորության առկայությունն անգամ վտանգավոր է։ Ուստի պետք է գնահատականներում զգույշ լինենք՝ հանրային ընկալումներում հանիրավի ուռճացված պատկեր չձևավորելու համար։ ՀՀ և Արցախի ղեկավարների միջև անգամ աննշան տարակարծությունները պետք է անմիջապես հարթվեն, և հույս ունեմ, որ Արցախի նախագահի հետ վարչապետի վերջին հանդիպումից հետո սուր անկյունները հարթվել են։ Այս առումով սկզբունքորեն կարևոր է, որպեսզի Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքում Բակո Սահակյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստն առաջին հերթին հենց վարչապետի ու իր թիմի կողմից արժանանան վճռական դատապարտման։ Ի դեպ, այստեղ տեղին է հատկապես շեշտելը՝ Բակո Սահակյանի կառավարման օրոք Արցախը զարգացել է, բազմաթիվ կենսականորեն կարևոր հարցեր են լուծվել։

– Ի՞նչ կարծիք ունեք ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծման հետ կապված, արդյո՞ք ապրիլյան պատերազմի մասով ամեն ինչ պարզ չէ։

– Ապրիլյան մարտերի իրական ռազմաքաղաքական ելքն այն է, որ սանձազերծելով երկրորդ ագրեսիան Արցախի դեմ, ու ձախողվելով՝ Բաքուն ըստ էության լեգիտիմացրեց Արցախի ներկա սահմանները։ Ինչ վերաբերում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, ապա, եթե հաշվի առնենք, թե ինչ համատեքստում վարչապետն առաջ քաշեց այդ գաղափարը, ապա լուրջ մտավախություն կա, որ այդ հանձնաժողովը կարող է վերածվել քաղաքական պայքարում մրցակիցներին հարվածելու գործիքի։ Այստեղ հատկապես ընդգծեմ՝ աներկբա է, որ, եթե կան այնպիսի պաշտոնյաներ, ովքեր չարաշահումներ են թույլ տվել, ապա երբեք ուշ չէ անկողմնակալ քննություն սկսել  ու հանցակազմի առկայությունն անհերքելի փաստերով ապացուցելու դեպքում՝ պատժել խստագույնս։ Տվյալ դեպքում, ըստ իս, կարևորը ոչ այնքան քննության ձևաչափն է, որքան այն չքաղաքականացնելը։

– Պարոն Ջամալյան, ՓաշինյանԱլիև պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ չի արծարծվում Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների մասին, արդյո՞ք դրանք անտեսելով՝ հայկական կողմը հաղթաթուղթ չի տալիս հակառակորդին բանակցային գործընթացի և հետագա գործողությունների ժամանակ։

– Իհարկե տալիս է։ Մանրամասնենք. առավել քան ակնհայտ է, որ 2016-ի ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ չպետք է մնա անհետևանք ագրեսոր կողմի՝ Ադրբեջանի համար։ Պաշտոնական Բաքուն պետք է պատասխանատվություն կրի այդ ագրեսիայի համար։ Պաշտոնական Երևանն այս դիրքորոշման կրողը պետք է լինի։ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները հենց այս համատեքստում պետք է դիտարկել։

Ըստ էության, այդ պայմանավորվածությունները մադրիդյան սկզբունքները բեկանելու առաջին կարևոր քայլը պետք է համարել։ Իսկ որ մադրիդյան սկզբունքները, բառի բուն իմաստով, կործանարար են մեր պետականության համար՝ աներկբա է։ Այդ իսկ պատճառով կարծում եմ՝ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները հայկական դիվանագիտության և անձամբ Սերժ Սարգսյանի ձեռքբերումը պետք է համարել։ Հայկական կողմն այդ համաձայնությունների ձեռքբերումը դիտարկել է՝ որպես հնարավոր ադրբեջանական ագրեսիան կանխելու միջազգային մեխանիզմ, և դրանց նախապատրաստական աշխատանքները սկսել 2016-ի ապրիլյանից առաջ։ 2016-ի ապրիլյան ադրբեջանական ագրեսիայից հետո այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին հայկական կողմի սկզբունքային դիրքորոշման շնորհիվ։

Այստեղ կա ևս մեկ կարևոր հանգամանք։ Վերջերս իր հարցազրույցներից մեկում Դավիթ Շահնազարյանը, ով ադրբեջանաարցախյան հակամարտության պրոբլեմատիկային քաջատեղյակ պետական այրերից է, անդրադառնալով Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններին՝ նշել է, որ վերջիններս կոչված են եղել «միջազգայնացնելու շփման գիծը»։ Այսինքն՝ այդ պայմանավորվածությունները ձեռք բերելն առկա իրողությունները՝ Արցախ-Ադրբեջան ներկա պետական սահմանը լեգիտիմացնելու ուղղությամբ արված կարևոր քայլ էր։ Ըստ այդմ՝ հայկական կողմը պետք է անի ամեն ինչ այդ պայմանավորվածություններն օրակարգ վերադարձնելու ուղղությամբ։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս