«Ժամանակի ռեսուրսը վարաչապետի դեմ է աշխատում». Քաղտեխնոլոգ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը դուր չեկավ ՀՀ իշխող քաղաքական ուժին։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով վերջին իրադարձություններին, նշեց ընտրական քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
«Դատարանների մուտքերն արգելափակելու կոչը տեղի ունեցավ միայն այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց: Հարց է առաջանում՝ իսկ եթե խափանման միջոցը չփոխվեր, նույն այդ գործողությունները կլինեի՞ն, ենթադրում եմ՝ ոչ, որովհետև, եթե լինեին, մինչ այդ կլինեին»,- մանրամասնեց նա։
Բադալյանն անդրադարձավ նաև վերջին ակցիայի քաղաքական մի քանի այլ նրբերանգի: Ըստ նրա՝ այն ապացուցեց «սուպերվարչապետական համակարգի» առկայությունը Հայաստանում։
«Վարչապետը շատ է խոսում, թե այստեղ սուպերվարչապետական համակարգի հարց չկա, քանի որ ինքը կանգնում է կարմիր լույսի տակ…, գնում է դատարան՝ ցուցմունք տալիս, բայց մենք տեսանք, որ, երբ նա կոչ արեց, միաժամանակ հանձնարարեց ոստիկանությանը՝ չխանգարել։ Սա ցույց է տալիս, որ ՀՀ-ում «սուպերվարչապետական» ինստիտուտը գոյություն ունի»,- ասաց նա։
Հաջորդը, ըստ քաղտեխնոլոգի՝ այն էր, որ ՀՀ երկրորդ նախագահը ստացավ ժամանակի ռեսուրս. «Ընտրական կամպանիայի ժամանակ չորս ռեսուրս է կարևոր՝ թեկնածուն, թիմը, ժամանակը և ֆինանսները։ Թեկնածուն պիտի կամային հատկանիշներ ունենա, ինչն ունի երկրորդ նախագահը, նա ունի համախոհներ, ըստ մամուլի՝ ֆինանսական ռեսուրսներ, նրա համար կարևորը ժամանակի ռեսուրսն էր»։
Բադալյանը հավելում է, որ այս գործընթացներում շահողը երկրորդ նախագահն է, կորցնողը՝ վարչապետը. «Ժամանակի ռեսուրսը վարաչապետի դեմ է աշխատում. նա չի կարողանում ոչինչ ցույց տալ՝ տնտեսական հեղափոխությունը չկա, դատաիրավական բարեփոխումների հայեցակարգը չկա, ներդրումներ չկան»։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ նկատեց՝ Քոչարյանի խափանման միջոցի վերանայումը Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր քաղաքական օրակարգեր ձևավորեց։
«Այստեղ հարցը նրանում է՝ արդյո՞ք դատարանի որոշումը շատ անսպասելի էր իշխանությունների կամ անձամբ վարչապետի համար։ Ես իմ տպավորություններով կարող եմ առաջնորդվել՝ գուցե իշխանության համար անսպասելի էր, մի քիչ կասկածում եմ, թե վարչապետի համար այդ աստիճան անսպասելի էր։ Այս առումով ասել, որ խորհրդակցության ընթացքում հնչեցված թեզերը դրանք ուղղակի ռեակցիա էին էդ դատական որոշման վրա… Արտաքինից գուցե էդպես էր, բայց իրականում ինչ-որ գործողություններ եղան, որոնք կապված են և՛ դրսի հետ, և՛ ներսի հետ, ինչ-որ պայմանավորվածություններ, որոնք բերեցին նրան, որ դատարանը խափանման միջոցը փոխեց»։
Ըստ քաղտեխնոլոգի՝ դատավորները թիրախավորվեցին, քանի որ պետք է այդ որոշման համար մեղավորներ լինեին։ Ինչ վերաբերում է ակցիաներին, ապա Վ. Հակոբյանն ասաց, որ «դրսում այն մի օր կարող է օգտագործվել Հայաստանի դեմ», քանի որ ոչ ժողովրդավարական գործողություններ էին. «Պետք է բարեփոխումներ անցկացնել, այլ հարց է՝ ինչ գործիքակազամով»։
Վիգեն Հակոբյանը նաև նշեց, որ իրեն մտահոգում է այն, որ դրսից շատ ուժեր կան, որոնք շահագրգիռ են ՀՀ-ում այդ անցումային արդարադատության ներդնելու հարցում. «Ժամանակը ցույց կտա, թե ինչն է իրենց շահագրգռվածությունը»։
168.am–ը բանախոսներից հետաքրքրվեց՝ եթե կա կոնսենսուս դատական ռեֆորմների մասով, ապա ինչո՞ւ չեն իրականացվել դրանք՝ հաշվի առնելով, որ ԱԺ-ում մեծամասնությունն իշխող կուսակցության թիմի ներկայացուցիչներն են, և արդյո՞ք այս անգամ Փաշինյանի հեղափոխական գործիքակազմն աշխատեց՝ հաշվի առնելով դատարաններն արգելափակելու ակցիային մասնակցածների մասով շրջանառվող 1100 թիվը։
Հարցին ի պատասխան՝ Արմեն Բադալյանը նկատեց. «Իշխանությունների չիմացության պատճառով։ Դատական համակարգի բարեփոխումը միայն Դատավորների փոփոխություն չէ. Դատաիրավական բարեփոխում ես ասում՝ պետք է պատկերացում ունենաս, պետք է երկրի զարգացման տեսլական ունենաս…։ Պարզվեց՝ հիմա էլ դատավորներն են մեղավոր, որ ներդրումներ չկան»։
Ինչ վերաբերում է գործիքակազմին, ապա նա նշեց, որ այն ձևականորեն աշխատեց. «Բովանդակային տեսակետից չաշխատեց, մարդկանց թվաքանակը շատ քիչ էր։ Եթե չգնային՝ չշրջափակեին, վարչապետն ուղերձ հղեր, ի՞նչ պիտի լիներ»։
Վիգեն Հակոբյանն արձագանքելով մեր հարցին՝ ընդգծեց, որ գործող իշխանության գլխավոր թերությունն այն է, որ չկա համակարգային մոտեցում որևէ խնդրի հարցում. «Կա ֆլեշմոբային, պրոռեակտիվ մտածելակերպ, ինչը պայմանավորված է նրանով, որ իշխանության մի մասի՝ քաղակտիվիստների, գրանտային անցյալ ունեցողների մոտ, հիմնականում գործելակերպը հենց էդպիսին է՝ ֆելշմոբային։
Ըստ Հակոբյանի՝ PR-ի տեսանկյունից դատարանների մուտքերն արգելափակելու գործիքակազմն աշխատեց, մնացյալի մասով՝ ոչ. «Չաշխատեց այն պատճառով, որ գուցե կտրվել են իրականությունից: Վարչապետը մի քանի անգամ ասել է՝ եթե ընտրություններն այսօր լինեն, իրենք ավելի շատ ձայն կհավաքեն: Սա առնվազն միանշանակ չի»։
Անդրադառնալով Քոչարյանի գործին՝ Հակոբյանը շեշտեց, որ «Ռոբերտ Քոչարյանի գործը բարդ գործ է, և Նիկոլ Փաշինյանը, Մարտի մեկի թեման դարձնելով իր իշխանության ամենաթրենդայինը, ինչ-որ չափով դարձավ դրա պատանդը»։
Զարուհի Դիլանյան