«Ըստ Փաշինյանի՝ եթե մարդ անցյալ տարի աղքատ էր, ապա իշխանություններն էին մեղավոր, իսկ եթե այսօր է աղքատ՝ աղքատությունը մարդու գլխի մեջ է». ՀՅԴ անդամը՝ իշխանությանը

Ազատության հրապարակում տեղի է ունենում ՀՅԴ հանրահավաքը, որտեղ մասնակիցները ներկայացնում են առկա իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ իրենց  մոտեցումներն ու տեսակետները։  Այն կրում է  «Զարգանալու ենք չզիջելով՝ լրջացե՛ք» խորագիրը։

«Մենք հավաքվել ենք, որպեսզի ցույց տանք, որ ՀՀ քաղաքացիների մի մասը համաձայն չէ, մտահոգ է Հայաստանում տեղի ունեցող գործառույթներով: Թե՞ սիրո և համերաշխության Հայաստանում մենք չենք կարող արտահայտվել, քանի որ կարող է՝ ժողովրդի թշնամի դիտվենք: Սերն ու համերաշխությունն այն չէ, որ մեծամասնությունը համերաշխաբար ճնշում է փոքրամասնությանը, այլ նրանում է, որ թե մեծամասնությունը, թե՛ փոքրամասնությունն ազատորեն կարող են կարծիք հայտնել: Ընդունում եմ, որ մեր հայտնած կարծիքը ոմանց կարող  է դուր չգալ, բայց մեր սիրտն այս երկրի համար պակաս չի ցավում:

Մենք այս երկրի բարեկամներն ենք։ Տեղին է հիշել Լյութեր Քինգի խոսքը՝ «Վերջիվերջո կհիշվի ոչ թե մեր թշնամիների խոսքը, այլ բարեկամների լռությունը»: Մենք այսօր չենք կարող լուռ մնալ և հավաքվել ենք, որ արտահայտվենք: Կառավարության ղեկավարը մի քանի օր առաջ 100 ձեռքբերում  ներկայացրեց. վատ չէ՝ 100 ձեռքբերում՝ 365 օրվա ընթացքում: Բայց որպես ձեռքբերում է ներկայացված, օրինակ՝ նախարարությունների միավորումը:

Այդ միավորման արդյունքում մշակութային կյա՞նքն աշխուժացավ, գյուղացու կյա՞նքը բարելավվեց, սփյուռքի հետ հարաբերություննե՞րն ամրապնդվեցին: Կասեք՝ մի քանի օր առաջ է օրենքը փոխվել, ի՞նչ արդյունքների մասին ես խոսում: Ընդունում եմ, ճիշտ եք, եթե արդյունքների մասին չենք կարող խոսել, այդ չեղած արդյունքներն ինչպե՞ս են որպես ձեռքբերում ներկայացնում: Ընդունում եմ, կան նաև իրական ձեռքբերումներ: Դրանց մի մասը նախորդ կառավարության ձեռքբերումների շարունակությունն է: Մասնավորապես նշվում է համայնքներին տրվող սուբվենցիաների մասին:

Հիշեցնեմ, որ այդ ծրագիրը սկսվել է դաշնակցական նախարարի օրոք: Իրական ձեռքբերումներ չեն կարող լինել, քանի դեռ չենք լրջացել: Ո՞ւր է տնտեսական հեղափոխությունը: Չեմ ուզում իջնել ամբոխավարության մակարդակի, որ մի քանի ամսվա մեջ արդյունք ակնկալեմ, բայց կարող եմ, չէ՞, հարցնել՝ սկսվե՞լ է տնտեսական հեղափոխությունը, ե՞րբ սկսվեց, ինչո՞վ է արտահայտվում: Միայն պնդումների մե՞ջ, որ Հայաստանում կոռուպցիա չկա: Այդ դեպքում Առողջապահության փոխնախարարն ինչո՞ւ ձերբակալվեց, ՊՎԾ պետի նկատմամբ ինչո՞ւ քրեական գործ հարուցվեց, եթե չկա կոռուպցիա:

Բագրատաշենի մաքսակետում մարդիկ ինչի՞ց էին բողոքում, եթե ոչ՝ կոռուպցիայից: Ասում եք՝ օլիգարխներ չկան, իսկ տնտեսության կառուցվածքը  փոխվե՞լ է, այդ ո՞ր կենսական նշանակություն ունեցող ճյուղում գերիշխող դիրքեր ունեցող ընկերությունը զիջեց իր դիրքը: Խնդրում եմ՝ բանանի անուն չտաք: Էս մեր ժողովուրդը 5000 տարի առանց բանանի ապրել է, մի 5000 տարի էլ կկարողանա ապրել: Օլիգարխին խոշոր սեփականատերի փոխելով՝ դրանից էությունը չի փոխվում: Եթե կա կոռուպցիա, օլիգարխիա՝ տնտեսությունը չի զարգանա, ակտիվ տնտեսական քաղաքականություն է պետք իրականացնել:

Ասում են՝ աղքատությունը գլխիդ մեջ է. ուրեմն, եթե մարդ անցյալ տարի աղքատ էր՝ իշխանություններն էին մեղավոր, եթե այսօր է աղքատ՝ աղքատությունը մարդու գլխի մեջ է: Արդա՞ր է արդյոք այս մոտեցումը: Ասում են՝ ՀՀ-ում իրականացնում ենք բարձր աշխատավարձերի քաղաքականություն, Հայաստանը պետք է լինի հարուստների երկիր, բարձրագույն կրթություն ունեցող և երեք օտար լեզու իմացողների երկիր, իսկ բանվորները, արհեստավորները, գյուղացիները, թե՞ հանկարծ որոշեցիք, թե հող մշակելը պակաս պատվաբեր է, քան ինչ-որ կայք գրելը:

Սոցիալական պետություն չեն կառուցում՝ լոկ մի խումբ շահառուների նպաստները բարձրացնելով»,- ելույթում ասաց ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս