Ի՞նչ է կատարվում «թավշյա» Բնապահպանության նախարարությունում

Երեկ երեկոյան ֆեյսբուքյան էջում  անսպասելի իր հրաժարականի մասին հայտարարեց ՀՀ Բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը։ Նշենք, որ նա այդ պաշտոնում նշանակվել էր  «թավշյա» իշխանափոխությունից հետո։

Իսկ մինչ այդ, 2009-2016թթ. նա աշխատել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Կենսաբազմազանության կայուն կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրում՝ որպես ավագ խորհրդատու, 2017-2018թթ. ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի խորհրդատու՝ հասարակական հիմունքներով, 2017թ. աշխատել է Կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկում, որպես լանդշաֆտների վերականգնման ուսումնասիրության ու պլանավորման, կայուն այգեգործական համակարգերում ներդրումների քարտեզագրման ու պլանավորման գծով միջազգային տեխնիկական փորձագետ, իսկ 2018թ.  «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ»-ում՝ որպես գեոմոնիտորինգի գծով փորձագետ: Նշյալ ԾԻԳ-երը կապվում էին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվան հետ, որի անմիջական կուրացիայի տակ էր։

Այսեր Ղազարյանը, ի դեպ, Հովիկ Աբրահամյանի մանկության մտերիմ ընկեր, 2003-2016թթ. ՀՀ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար աշխատած Սամվել Գալստյանի փեսան է։

Սամվել Գալստյանը հայտնի է նաև նրանով, որ ժամանակին «Սպայկա» ընկերությանը վստահեցրել էր Արարատի մարզի ճահճային տարածքում ջերմոցային տնտեսություն կառուցելու արդյունավետությունը՝ դրանով վնասելով ընկերությանը և փաստի առջև կանգնեցնելով։  Այնինչ, նման տեղանքում որևէ շինություն կառուցելը հետագա պահպանման հսկայական գումարներ է պահանջում։

Մեր աղբյուրների հավաստմամբ՝ հետագայում Այսեր Ղազարյանը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «թավշյա» իշխանությունների կառավարությունում Բնապահպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրեց՝ օգտվելով Սամվել Գալստյանի որդու՝ «Իմ քայլ»-ականների հետ ունեցած սերտ կապերից։

Երեկ Այսեր Ղազարյանն իր հրաժարականի դիմումի հետ միասին ֆեյսբուքյան էջւմ հետևյալ գրառումն էր կատարել, որում ասվում էր.

«Այսօր Կենսաբազմազանության միջազգային օրն է:

Այս խորհրդանշական օրը ես գրեցի իմ աշխատանքից ազատման դիմումը:

Հեղափոխությունը շարունակվում է…………ես մերժում եմ կառավարման «նախկին» համակարգի իներցիաները, վստահ եմ, որ սերն ու հանդուրժողականությունը չեն վերաբերում հանցավոր ռեժիմից «ժառանգված» կառավարման համակարգին և նրան սպասարկող «բալաստին»…. մի տեսակ ակտիվացել են!!!

Հետգրություն: տղեք դուրս եկեք «իներցիոն տաշտից», մի տեսակ չեք նայվում…»։

Այսեր Ղազարյանի այս գրառումը լուրջ աղմուկ է առաջացրել սոցիալական ցանցերում և իշխանությունների ներսում։ Հասարակությունը հիասթափված է՝ ինչպիսի բարքեր են տիրում «թավշյա» հեղափոխական իշխանությունների շրջանում։

Ի՞նչ է իրականում կատարվում Բնապահպանության նախարարությունում

Ովքե՞ր են նախարարությունում հարց լուծողները։ Թերևս սա է նախարարությունում տիրող իրավիճակի ողջ թնջուկի պատճառը։ Նախ, անդրադառնանք Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին։ Վերջինս նախկին՝ Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակահատվածում՝ 2017թ. սկզբում, աշխատել է որպես ՀՀ վարչապետի օգնական, այնուհետև 2017-2018թթ. եղել է Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի առաջին տեղակալը։ Վերջինս համարվում էր Կարեն Կարապետյանի թիմակիցը և սիրելի կադրերից մեկը, որին, չնայած Ա. Մինասյանի դիմադրությանը, նշանակեց առաջին տեղակալ։ Փաշինյանի իշխանափոխությունից հետո նա շատ ճկուն կերպով տեղավորվեց «Իմ քայլ»-ականների շարքերում և 2018թ. մայիսի 12-ից ստացավ ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը։

Ժամանակի ընթացքում Էրիկ Գրիգորյանը նախարարությունը համալրեց իր կադրերով, որոնց մի մասը դարձյալ համարվում էին վարչապետ Կարեն Կարապետյանի կադրերը։  Դրանցից է, օրինակ, նախարարության Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար  Վահե Ջիլավյանը, ով 2017թ. հունիսից 2018թ. մայիս ժամանակահատվածում եղել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը։

Էրիկ Գրիգորյանի բերած մյուս կադրերից են Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Էդգար Փիրումյանը, ով Բնապահպանության նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանի (Բուլկի Արամի) պաշտոնավարման ժամանակ աշխատել է՝ որպես նախարարության աշխատակազմի ղեկավար, և կոորդինացրել է ամբողջ նախարարության տված թույլտվություններն ու ֆինանսական մուտք ու ելքերը:

Էդգարը  Փիրումյանը հաջորդ նախարար Արամայիս Գրիգորյանի նշանակվելուց հետո  շատ կարճ ժամանակով աշխատել է՝ որպես ՀՀ ԲՆ ջրային գործակալության պետ, և այնուհետև ազատման դիմում  է գրել։ Ասում են՝ ազատումը կապված է եղել նախկին նախարար Արամ Հարությունյանի  կատարած ինչ-ինչ չարաշահումների հետ, որը հայտնաբերել էր նախարար Արամայիս Գրիգորյանը:

Նշենք, որ Էրիկ Գրիգորյանն իր մտերիմ ընկերոջը՝ Վիգեն Ավետիսյանին, հետագայում նախարարությունից տեղափոխեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ որպես ղեկավար։ Էդգար Ավետիսյանը ևս Արամ Հարությունյանի կադրերից էր Բնապահպանության նախարարությունում և  զբաղեցնում էր Ընդերքի  և  հողերի  պահպանության  քաղաքականության  վարչության պետի պաշտոնը։ Նախարար Էրիկ Գրիգորյանի այդ որոշումը պայմանավորված էր նրանով, որ նախարարության որոշ թույլտվություններ վերահսկվելու են կառավարությանն առընթեր Բնապահպանության և ընդերքի տեսչական այդ մարմնի կողմից, և Ավետիսյանը համապատասխան և իրեն ցանկալի դիրքորոշում կհայտնի։

Վերադառնալով փոխնախարար Այսեր Ղազարյանի աշխատանքից ազատման դիմումի հետ ներկայացված ֆեյսբուքյան գրառմանը, որում հստակ ակնարկվում է կառավարման «նախկին» համակարգի իներցիոն միտումների մասին, և հաշվի առնելով ֆեյսբուքյան որոշ արձագանքները նրա գրառման ներքո, հասկանալի է դառնում, թե ինչն է հանդիսացել որպես նրա ազատման դիմումի պատճառ։

Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր արձագանքելով՝ գրել են.

«Շաաատ եմ ափսոսում, որ Այսեր Ղազարյանը ազատման դիմում է ներկայացրել։ Վստահաբար հայտարարում եմ՝ ՀՀ բնապահպանության նախարարությունում ընթանում են շատ վատ, ոչ ազնիվ, ոչ մասնագիտական ու ոչ բարոյական գործընթացներ։ Ագրեսիվ դիլետանտ մասնագետները իրենց խրախճանքը կկազմակերպեն, միջազգային դրամաշնորհներ կշահեն, հազարավոր հեկտար անտառներ կտնկեն ու բոլորն էլ անկենսունակ, չոր տարածքներ կլինեն, ինչպես եղել է անցյալում, այժմ և գալիք օրերում։
ԱՄՈԹ…»,- գրել է քաղաքացիներից մեկը։

«Վարչապետին առընթեր տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանին աշխատանքից ազատելուց հետո ինձ համար արդեն պարզ դարձավ, որ Ավինյանական կառավարությունը իրական տնտեսական ու բնապահպանական խնդիրներից հեռու է, և բնական է, որ արժանապատվություն ունեցող Այսեր Ղազարյանի նման անձնավորությունն այդ կառավարությունում անելիք չունի»,- արձագանքել է Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը։

Այս նախարարությունում որևէ աշխատանքի կոորդինացման պարագայում շատ կարևոր է եղել, թե ով է «ասիչը»։  Նախարար Էրիկ Գրիգորյանը նշանակման օրից սկսած փորձել է իր ձեռքում պահել բոլոր աշխատանքների կուրացիան՝ դրանք կազմակերպելով իր մտերիմների, ընկերների, այսպես ասած՝ «իր մարդկանց» միջոցով, ինչը նախարարությունում արդեն տևական ժամանակ լուրջ խմորումներ էր առաջացրել։ Դա է վկայում նաև Այսեր Ղազարյանի այսօրինակ հրաժարականը։ Ըստ մեր տեղեկությունների՝ Էրիկ Գրիգորյանն անձնական վերահսկողության տակ է պահում հատկապես անտառների կառավարման ոլորտը, ինչպես նաև ընդերքի հետ կապված գործառույթները։ Նա, ի դեպ, համարվում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թևի ներկայացուցիչ։

Տեսանյութեր

Լրահոս