Համազեկուցողների հայտարարությունն արդյոք հետևանքներ կունենա՞
Հայաստանում նախորդ շաբաթավերջից ծավալված և դեռ շարունակվող ներքաղաքական իրադարձությունները, որոնք ուղղված են դատական իշխանության ոլորտում փոփոխություններին, դուրս չեն մնացել Հայաստանի գործընկեր երկրների և միջազգային կազմակերպությունների ուշադրությունից։ Հետաքրքրական գնահատականներից մեկը ԵԽԽՎ Հայաստանի մոնիտորինգի հարցով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինայինն ու Անդրեյ Շիրցելինն էր։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 19-ի կոչին՝ արգելափակել դատարանների մուտքերն ու ելքերը, համազեկուցողները նշել էին, որ քաղաքական գործիչները պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են դիտարկվել՝ որպես ճնշման գործադրում դատական համակարգի նկատմամբ։ ԵԽԽՎ կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրության տեքստում նշված էր նաև, որ Փաշինյանի այս կոչը հետևել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դատավորի որոշմանը։ Համազեկուցողներն իրենց հայտարարության մեջ ընդգծել էին, որ դատական համակարգի անկախությունն օրենքի գերակայության նախապայման է, և օրենքի գերակայությունը լավագույնս դրսևորվում է քաղաքական դերակատարների ցանկացած միջամտության բացակայության դեպքում։
Ըստ Հայաստանի մոնիտորինգի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների, կան հստակ օրինական ընթացակարգեր, ինչպիսին ավելի բարձր դատարաններ դիմելն է՝ վիճարկելու համար դատարանի այն որոշումը, որը կասկածելի է թվում։ Համազեկուցողների խոսքով՝ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը պահանջում է հարգանք այն ընթացակարգերի նկատմամբ, որոնք կոչված են բոլոր քաղաքացիների պաշտպանության համար, անկախ նրանից, թե ով են նրանք։
«Այնուամենայնիվ մենք ընդունում ենք, որ հանրային արձագանքը դատարանի այդ որոշման վերաբերյալ ընդգծում է դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության դեռևս ցածր մակարդակը։ Դատական բարեփոխումները մնում են առաջնահերթություն, և մենք ողջունում ենք վարչապետ Փաշինյանի ցանկությունը՝ ապագային միտված բարեփոխումներ իրականացնել դատական համակարգում, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ինչպես նաև նրա ցանկությունը՝ համագործակցել Եվրոպայի խորհրդի հետ այդ հարցում»,- ասված էր համազեկուցողների անդրադարձում։
Հիշելով ԵԽԽՎ համազեկուցողների մարտյան հայտարարությունը, որը մեծամասամբ արտացոլում էր նրանց դրական ակնկալիքները՝ ՀՀ իշխանությունների բարեփոխումներ իրականացնելու մտադրության վերաբերյալ, մի շարք փորձագետներ հույս էին հայտնում, որ Հայաստանը ոչ հեռու ապագայում հնարավորություն կստանա դուրս գալ ԵԽ մոնիտորինգային երկրների ցանկից՝ անցում կատարելով երկխոսության նոր ձևաչափի։
«168 Ժամը» եվրոպացի փորձագետների հետ զրույցում փորձեց հասկանալ, թե որքանով է ԵԽԽՎ համազեկուցողների վերջին անդրադարձը մտահոգիչ և ինչ հետևանքներ կարող է ունենալ։
Մեզ հետ զրույցում գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ համազեկուցողների հայտարարությունն օբյեկտիվ է և անկողմնակալ։ Իսկ մտահոգիչ է, թե ոչ, նրա կարծիքով, պետք է որոշեն Հայաստանում, քանի որ համազեկուցողներն իրենց դիտարկումները, դիտողություններն են ներկայացնում, հետևություններ կարող է անել կամ չանել հայկական կողմը, դա հայկական կողմի որոշման տիրույթում է։
«Հասկանալի է, որ Հայաստանը ներկայումս փոփոխությունների փուլում է, շատ ոլորտներում դեռ սպասվում են փոփոխություններ, եվրոպական կառույցները՝ դատելով բոլոր հայտարարություններից, աջակցում են այդ բարեփոխումներին, սակայն դրանց իրականացման որոշ ձևեր գուցե անընդունելի լինեն, դրանց իրականացման ժամկետը գուցե համընկնի այլ իրադարձությունների հետ, ինչը կարող է դիտարկվել կամ կարող է ճնշման կասկած առաջանալ։ Չնայած մինչ այս իրականացվող որևէ գործողություն քննադատության չի արժանացել։ Եթե հայտարարության մեջ խոսվում է ճնշումից, նշանակում է՝ կան կասկածներ, որ այդ գործողությունները կարող են ընկալվել իսկապես ճնշումներ, բայց եթե դրանք նախաձեռնվեին այլ տեսքով՝ ամիսներ առաջ, գուցե նման զարգացումներ չլինեին»,- ասաց Հալբախը։
Նրա խոսքով՝ մեկ հայտարարությունը, որում կա վերապահ վերաբերմունք իշխանությունների գործողությունների նկատմամբ, էական հետևանքներ չի կարող ունենալ, չնայած այս ամենը հաշվի է առնվում, ներառվում է համազեկուցողների առանցքային զեկույցներում, և շարունակական խախտումների արձանագրման դեպքում չի փոխվում տվյալ երկրի կարգավիճակը, չնայած այն հանգամանքին, որ բոլոր երկրներն են ձգտում դուրս գալ ԵԽ-ի հետ երկխոսության նոր, ավելի բարձր մակարդակի։ Ուստի, նրա խոսքով, եթե ԵԽԽՎ հարթակները և ՀՀ հեղինակությունն այդ հարթակում կարևոր են Հայաստանի համար, զեկուցողների դիտարկումները պետք է հաշվի առնվեն։
«Արդարադատության ոլորոտում բարեփոխումների մասին առաջին օրը չէ, որ խոսվում է, եվրոպական կառույցները ողջունում են ՀՀ իշխանությունների հանձնառությունը, սակայն նման կոչերը կարող են դիտարկվել մտահոգիչ, ինչպես այս դեպքում եղավ»,- ասաց նա։
Լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն էլ ասաց, որ ՀՀ իշխանությունների հայտարարած արժեքների, ծրագրերի իրականացման հարցում ըստ էության երկու կարծիք չկա։ Ըստ նրա, հայտարարված փոփոխություններին պատրաստ են աջակցել բոլոր դոնորները, դրանք ունեն աջակցություն նաև երկրի ներսում։
Սակայն հարցը, նրա, ինչպես նաև գերմանացի քաղաքագետի կարծիքով՝ բարեփոխումների նախաձեռնման ձևի մեջ էր, որը ոչ այնքան դրական ընկալվեց մի շարք գործընկերների կողմից, քանի որ դատական համակարգը իշխանության կարևորագույն թևերից մեկն է, որն իր գործունեության մեջ չպետք է լինի կաշկանդված։
«Սակայն ԵԽԽՎ զեկույցն այս իրավիճակում արտացոլում է երկու խնդիր՝ դատական իշխանությունը պետք է լինի անկախ և չպետք է ենթարկվի ճնշումների, բայց այդ իշխանության կայացրած որոշումներն էլ, իրենց հերթին՝ պետք է լինեն վստահելի հասարակության համար։ Այսինքն՝ սա է իրավիճակը, որին անդրադարձ է եղել։
Հաշվի առնելով այն իրավիճակը, որում ՀՀ-ն է ներկայումս, չեմ կարծում, թե այս հայտարարությունը կունենա հետևանքներ, բայց պետք է իշխանությունների համար ավելի զգուշավոր գործելու ուղերձ լինի, եթե նման գնահատականներ ունենալու ցանկություն չկա։
Այս փուլը կարևոր է ՀՀ-ի համար, քանի որ ակտիվ փոփոխությունները նախաձեռնվում են ընտրություններից հետո, և իրական դիտարկումները կազմակերպություններն անում են հիմա, ավելի ուշադիր են իրավիճակին և ավելի խիստ, քան բուն հետհեղափոխական ժամանակաշրջանում։ Այս կոնտեքստում տվյալ հայտարարությունը կհամարեի զգուշացում»,- ասաց Զաշտովտը։