Ակնկալվում է, որ Ամուլսարի ծրագիրը շուտով կվերսկսվի. Իսկ ինչի՞ համար էր այս ամբողջ աղմուկը
Չնայած Ամուլսարի հանքի շահագործման էկոլոգիական փորձաքննության վերջնական արդյունքները դեռևս պատրաստ չեն, այնուհանդերձ արդեն կան առաջին արձագանքները, որ դրանք կլինեն դրական։ Սպասվում է, որ ծրագիրը կվերսկսվի այս տարվա երկրորդ կեսին։
Նման ակնկալիքներ ունի, մասնավորապես, Կենտրոնական բանկը։ Վերջինս ընթացիկ տարվա տնտեսական աճի սեփական կանխատեսումներում արդեն իսկ ներառել է Ամուլսարի ծրագրի վերսկսման ազդեցությունը։
Ինչպես երեքշաբթի օրն Ազգային ժողովում հայտարարեց ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը, ի տարբերություն Թեղուտի, Ամուլսարի ազդեցությունը տնտեսական աճի ցուցանիշների վրա հաշվարկված է. «Ամուլսարի մասով մենք ենթադրություն ենք արել, որ տարվա երկրորդ կեսից ծրագիրը կշարունակվի։ Դա մեր գնահատականն է»։
Թե ինչի՞ վրա է հիմնված Կենտրոնական բանկի գնահատականը՝ դժվար է ասել, բայց այն, որ դա չէր կարող առանց լուրջ հիմքերի լինել, միանշանակ է։ Ուստի մնում է ենթադրել, որ Կենտրոնական բանկը բավարար տեղեկատվություն ունեցել է, որպեսզի Ամուլսարի ծրագրի վերսկսման ազդեցությունը ներառի տնտեսական աճի կանխատեսումներում։
Հայտնի է, որ ծրագրի հետագա ճակատագիրը կառավարությունը կապել է իրականացվող հերթական էկոլոգիական փորձաքննության արդյունքների հետ։ Այդ նպատակով հատկացված 400 հազար դոլարով լիբանանյան ELARD ընկերությունը պետք է ներկայացնի նոր եզրակացություն։ Սպասվում է, որ դա կլինի մոտ ժամանակներս՝ մայիսի վերջին-հունիսի սկզբին։
Թեև արդեն կան տեղեկություններ, որ նախնական եզրակացությունը պատրաստ է. այն էական խնդիրներ չի պարունակում հանքի հետագա շահագործման համար։ Կան որոշ դիտողություններ, որոնք կարող են շտկվել։
Տարվա երկրորդ կեսից Ամուլսարի ծրագրի վերսկսման հետ կապված՝ Կենտրոնական բանկի գնահատականներն ըստ էության բխում են այս տեղեկություններից։ Պետք է ենթադրել, որ դրանք գալիս են կառավարությունից։ Պարզ է, որ, ինչպես Կենտրոնական բանկը, այնպես էլ կառավարությունն առաջիկա տնտեսական աճի գործում կարևորում են Ամուլսարի դերը։ Ու հիմա անհամբեր սպասում են, թե երբ պիտի վերսկսվի ծրագիրը։ Մնում է հարցնել՝ ինչի՞ համար էր այս ամբողջ աղմուկը, և այն ի՞նչ տվեց։
Հիշեցնենք, որ մի քանի հարյուր միլիոն դոլարանոց խոշոր ներդրումային ծրագիրն իշխանափոխությունից անմիջապես հետո հայտնվեց հարկադիր պարապուրդում։ Շուրջ մեկ տարի է՝ այն արգելափակված է։ Տուրք տալով հասարակության որոշ խմբերի ճնշումներին և հետապնդելով ինչ-ինչ նպատակներ` կառավարությունը, ըստ էության, անուղղակիորեն օժանդակեց ծրագրի կասեցմանը։
Այսօր հավանաբար արդեն չկա նման անհրաժեշտություն, և պետք է ենթադրել, որ կառավարությունը շահագրգռված է վերսկսել ծրագրի իրականացումը։ Դրա համար վերջինս, բնականաբար, լուրջ պատճառներ ունի։
Տնտեսական զարգացումները Հայաստանում հեռու են բավարար լինելուց։ Ընդհակառակը` դրանք հիմնված են այնպիսի ճյուղերի վրա, որոնք մեծ արդյունք չեն ստեղծում։ Տնտեսության իրական հատվածում գործընթացները դանդաղ են առաջ գնում։ Պատճառներից մեկն էլ հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ իշխանափոխությունից անմիջապես հետո կառավարության կողմից ցուցաբերված անտրամաբանական վերաբերմունքն էր։ Վկա նաև Ամուլսարը, որը մեկ տարի շարունակ գտնվում է հարկադիր պարապուրդում։
Գոնե կառավարությունը պատկերացնո՞ւմ է, թե իր անպատասխանատու պահվածքի հետևանքով ինչպիսի վնասներ է հասցրել Հայաստանի տնտեսությանը։ Խոսքը զուտ տնտեսական, ինչպես նաև սոցիալական էֆեկտի մասին չէ, թեև դա պակաս կարևոր չէ։ Խոսքը նախ և առաջ՝ երկրի ներդրումային գրավչության խաթարման մասին է։ Զարմանալի չէ, որ ներդրողները դադարել են գալ Հայաստան։ Կառավարությունը ևս հույսը կտրել է։
Այլ բան, թերևս, չէր էլ կարող լինել. Եթե մի քանի հարյուր միլիոնանոց ծրագիրն է այդպես տապալվում, պարզ չէ, թե որքանով կարող են իրենց ապահով զգալ ավելի փոքր ներդրողները։
Միայն այն, որ Ամուլսարի ծրագրի դադարեցումից հետո ավելի քան 1000 մարդ հայտնվեց հարկադիր պարապուրդում, բավարար է պատկերացնելու համար դրա սոցիալական ազդեցությունը։ Պակաս քիչ չեն նաև զուտ տնտեսական հետևանքները։ Առնվազն մեկ տարի հետ ընկան ծրագրի իրականացման շրջանակներում ակնկալվող, այդ թվում` ֆինանսական արդյունքները։
Հիմա, երբ Կենտրոնական բանկը տնտեսական աճի հաշվարկներում ներառել է նաև Ամուլսարի ծրագրի վերսկսման ազդեցությունը, ենթադրվում է, որ նաև դրանով է պայմանավորել կանխատեսումների վերանայումը։ Նախկին 4,4-5,5-ի դիմաց՝ ակնկալիքները 2019թ. համար դարձել են 4,6-6,1 տոկոս։ Այսպես ասած, այս տարվա կետային կանխատեսումը 5,4 տոկոս է։
Այն շատ չի տարբերվում Հայաստանի տնտեսության աճի պոտենցիալի վերաբերյալ միջազգային ֆինանսական կառույցների գնահատականներից, որոնք հիմնականում 4,5-5 տոկոսի սահմաններում են։ Կենտրոնական բանկը գուցե մի փոքր ավելի լավատես է։ Բայց առավելագույն և նվազագույն ցուցանիշների միջև առկա 1,5 տոկոսանոց տարբերությունը վկայում է, որ աճի հետ կապված ռիսկերը բավական մեծ են։ Դրանք հիմնականում նվազման ուղղությամբ են` կապված ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին գործոնների հետ։
Հավանաբար դա է պատճառը, որ առաջիկա երկու տարիների համար Կենտրոնական բանկի կանխատեսումներն ավելի ցածր են` 3,8-5,3 տոկոս։
Այլ կերպ ասած, ԿԲ-ն առաջիկայում Հայաստանի տնտեսության համար հեղափոխական զարգացումներ չի ակնկալում։ Այնպես, ինչպես միջազգային հայտնի ֆինանսական կառույցները։ Իսկ դա նշանակում է, որ ժամանակին վարչապետը շատ է շտապել նման հայտարարություններ անելու համար։ Հայաստանի տնտեսության պոտենցիալն առայժմ թռիչքային զարգացման հնարավորություն չի տալիս։ Ընդհակառակը` իշխանափոխությունից հետո աճի տեմպը նվազել է, իսկ ռիսկերն ավելացել են։
Չնայած ձևավորած բարձր սպասումներին, այդպես էլ կառավարությունը չի կարողանում իրականացնել խոստացված տնտեսական բարեփոխումները։ Ընդհակառակը` երբեմն իր գործողություններով խոչընդոտներ է ստեղծում տնտեսության համար։ Նման օրինակներ շատ կան։
Այդ պայմաններում մնում է արձանագրել, որ Հայաստանում առկա զարգացումները հեռու են բավարար լինելուց։ Ոչ թե նրա համար, որ տնտեսական աճը բարձր է կամ ցածր, այլ, որ խիստ անորակ է։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ