Կենսաբազմազանության խնդիրներն ու ներմուծվող կոկորդիլոսները
Շաբաթներ առաջ կառավարությունն ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Վերջինս, ըստ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի՝ նպատակ ունի նվազեցնել ապօրինի անտառահատումները, խստացնել պատժաչափերը:
Մայիսի 22-ին՝ Կենսաբազմազանության միջազգային օրվա շրջանակում, թեմային անդրադարձան նաև ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWC) բնապահպանական ծրագրերի պատասխանատու Արսեն Գասպարյանը։
«Ամեն տարի այս օրը նշվում է որոշակի կարգախոսով։ Այս տարի այն նշվում է «Մեր կենսաբազմազանությունը մեր սնունդն է և մեր առողջությունը» խորագրով»,- տեղեկացրեց Արսեն Գասպարյանը՝ հավելելով, որ մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք կենդանական ու բուսական աշխարհին։
Աիդա Իսկոյանը վերհանեց կենդանական աշխարհի մասին օրենքում և Կառավարության որոշման մեջ առկա որոշ հակասություններ.
«Կառավարության որոշման մեջ կան դրույթներ, որոնք պետք է անպայմանորեն լինեն օրենքում։ Ասենք՝ ո՞ր տեսակի որսն է համարվում ապօրինի՝ բավականին մեծ է այդ ցուցակը…»։
Իսկոյանն անդրադարձավ նաև մասնավոր անձանց մոտ պահվող կենդանիների խնդիրներին. «Ցավոք, օրենքը դեռևս թույլ է տալիս, որ մասնավոր անձն ունենա կենդանի, բայց դրա համար պետք է լինի հատուկ թույլտվություն»։
«Որսի գործընթացը չի կանոնակարգվում, և այս թեմային անդրադառնալը կարևոր է։ Այդ որոշումը չպիտի լինի ինքնանպատակ և պիտի կանխարգելի որսագողությունը»,- կառավարության որոշմանն անդրադառնալով՝ նշում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWC) բնապահպանական ծրագրերի պատասխանատուն։
Մանրամասները՝ տեսանյութում
Թեմայի շրջանակում 168.am-ը հետաքրքրվեց, թե մեր կենսաբազմազանության մեջ ավելացող տեսակի՝ կոկորդիլոսի մասին ի՞նչ կարծիքի են մասնագետները: Պարզվեց՝ ամեն ինչ չէ, որ այդքան հեշտ է. կոկորդիլոս ներմուծելու համար էլ են պետք մասնագիտական գնահատականներ:
«Եթե մենք ուզում ենք վերցնել այլ երկրներից այլ տեսակները, շատ կարևոր է՝ անցկացվի նախնական փորձաքննություն»,- նշեց ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավարը։
Արսեն Գասպարյանն էլ հավելեց, որ կարևոր է ճշտել նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության խնդիրները։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ կոկորդիլոս բուծելու բիզնես ծրագրերի մասին հայտարարել էր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Զարուհի Դիլանյան