«Եթե Փաշինյանն այդքան ուժեղ տղա է, թող մեկ անգամ էլ ասի՝ Ռուսաստանը մեղավո՞ր է Ապրիլյան պատերազմի մեջ, թե՞ ոչ, թող կրկնի այն, ինչն ասում էր ժամանակին». Արմեն Աշոտյան
«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հեղափոխության հերթական երկրորդ փուլ է հայտարարում, որովհետև մեկ տարվա ընթացքում ես երկրորդ փուլի առնվազն 3-4 դեպք եմ հիշում, երբ պաշարում էին Ազգային ժողովը, երբ Երևանի ավագանու ընտրություններ էին կազմակերպում, և այլն… Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում երկրում որևէ ինստիտուտ, ճյուղ, որն իր ուղղակի ազդեցության տակ չէ։ Անցյալ տարվա մայիսին նա կուլ տվեց ՀՀ գործադիր իշխանությունն ու դարձավ վարչապետ։
Անցյալ տավա հոկտեմբերին նա կուլ տվեց Ազգային ժողովը, ու ունեցանք այն ԱԺ-ն, որն այսօր դժվար է անվանել ՀՀ թիվ 1 քաղաքական մարմին։ Այս ընթացքում նա փորձում էր կուլ տալ նաև իշխանության 4-րդ ճյուղին՝ ազատ մամուլին, ու վստահ եմ, որ այդ հարձակումները դեռ կշարունակվեն։ Երեկ նա հարձակվեց 3-րդ ճյուղի՝ դատական իշխանության վրա։ Ակնհայտ է, որ այս մարդու համար ժողովրդի մեջքի հետևը պախկվելը դարձել է սեփական հիվանդագին քաղաքական ամբիցիաները թաքցնելու և ժողովրդի անվան տակ երկրում տոտալիտարիզմ հաստատելու անհաջող փորձ»,- «5-րդ ալիքի» եթերում երեկ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Վերջինիս պնդմամբ՝ նա պարզապես օգտագործեց պահը Ռոբերտ Քոչարյանի գործի առիթով ու գրոհեց դատական իշխանության վրա, և այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի երեկվա պոռթկումը պետք չէ դիտարկել՝ որպես անհավասարակշիռ քաղաքական ղեկավարի զգացմունքային որոշում։
Ա. Աշոտյանը կարծում է, որ սա հաշվարկված էր, այլ բան է, որ տապալվեց 3 ֆրոնտով՝ Սահմանդրության հետ խնդիրներ ունենալու մասով, որի համար վարչապետը պատասխան է տալու, միջազգային կազմակերպությունների՝ այդ ակցիան անարձագանք թողնելու և սեփական իշխանությունն ապալեգիտիմացնելու տեսանկյուններից։
«Նա սովոր էր կուրծք ծեծելով ասել, որ ունի հազարավոր աջակիցներ, որոնք, պարզվում է, ըստ Փաշինյանի աջակից Դանիել Իոաննիսյանի՝ 1100 հոգի էր՝ ողջ հանրապետությունով մեկ։ Ընդ որում, բոլոր մարզպետներին ու պատգամավորներին հրահանգված էր ապահովել ակցիայի մարդաշատությունը։ Հանրությանը դեռևս անհայտ, բայց ժամանակին տասնյակ-հազարավոր ձայներ հավաքած այդ պատգամավորները հավակնում էին դառնալ պետության ներսում Փաշինյանի աջ ձեռքերը»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ վարչապետի պրոբլեմն այն էր, որ այդ անհաջող որոշումը կոնսոլիդացրեց քաղաքական դաշտը, ովքեր հասկանում էին, որ պետք է կանխել Հայաստանը վերջնականապես թաղելու այդ սպառնալիքը։
Ըստ բանախոսի՝ այս ակցիան ևս մեկ խնդիր ի հայտ բերեց. Որ հասարակությունը վերջնականապես հասկացավ, որ երկիրը չունի Սահմանադրության երաշխավոր, և նախագահ Արմեն Սարգսյանը՝ որպես ՀՀ Սահմանադրության երաշխավոր, իր տեղում չէ։
Արմեն Աշոտյանը տարակուսում է, որ երկրի ղեկավարը, ում ենթարկվում է երկրում տառացիորեն յուրաքանչյուր կանոն, և, ով հայտարարում է, որ դատական համակարգը կոռումպացված է և վիրահատական միջամտության կարիք ունի, մեկ տարի իշխանության ղեկին լինելով՝ չի կարողանում որևէ դատավորի վրա այդ մեղադրանքով գործ հարուցել։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը որոշեց քննության առարկա դարձնել 2016թ. ապրիլյան պատերազմը, Արմեն Աշոտյանն ասաց, որ պարզապես Փաշինյանը փորձելու է անկյուն գցել Հանրապետական կուսակցությանը, Սերժ Սարգսյանին, Բակո Սահակյանին, բոլոր այն մարդկանց, ում այս գործի շրջանակներով հնարավոր կլինի դեմ տալ պատին։
«Նիկոլ Փաշինյանի մոտ բնավորություն է դարձել զոհերի արյան վրա կառուցել քաղաքական ծրագրեր ու քաղաքական կարիերա։ Նա դա երկար ժամանակ անում էր ու անում է առ այսօր՝ շահարկելով Մարտի 1-ի զոհերի հիշատակը, հիմա փորձելու է նույն մեխանիզմով շահարկել ապրիլյան պատերազմում իրենց կյանքը տված զինվորների ու քաղաքացիական բնակչության հիշատակը»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ, եթե Փաշինյանն այդքան ուժեղ տղա է, թող մեկ անգամ էլ ասի՝ Ռուսաստանը մեղավո՞ր է ապրիլյան պատերազմի մեջ, թե՞ ոչ, թող կրկնի այն, ինչն ասում էր ժամանակին, և, եթե ինքն իրոք հավատում է իր ասածին, ապա այդ հայտարարությունից հետո անմիջապես պետք է պաշտոնանկ աներ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ով նախարարի առաջին տեղակալն էր ապրիլյան պատերազմի օրերին։
Մանրամասները՝ տեսանյութում։