Վարչապետի այցն ինչ ավելացրեց հայ-չինական գործընկերությանը

Միայն ճոխ հյուրասիրությո՞ւն, թե՞ նաև տնտեսական ծրագրեր  

Նիկոլ Փաշինյանի Չինաստան կատարած այցի տնտեսական արդյունքները Հայաստանի համար այս պահին շատ աղոտ են։ Այն բանից հետո, երբ վարչապետը չմասնակցեց բոլորովին վերջերս Չինաստանում կայացած մեկ այլ՝ շատ ավելի կարևոր, այսպես կոչված` «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին, ինչը զուտ տնտեսական միջոցառում էր, ուներ աշխարհաքաղաքական համագործակցություն հաստատելու նպատակ, և որի շրջանակներում ստորագրվեցին միլիարդավոր դոլարների հասնող բազմաշերտ պայմանագրեր, թվում էր, թե այս այցով կհաջողվի փոխհատուցել բաց թողնված հնարավորությունը։ Բայց, կարծես, այդպես չեղավ. ընդհանուր հայտարարություններից զատ, որևէ կոնկրետ պայմանավորվածության մասին առայժմ խոսք չկա։

Առաջին տպավորությունն այն է, որ այցն այդ ծրագրերին միանալու առումով՝ ոչինչ կամ գրեթե ոչինչ չտվեց հայ-չինական տնտեսական հարաբերություններին։ Վարչապետի Չինաստան կատարած այցից ամենատպավորիչը, թերևս, չինական հյուրասիրության և «պենկինյան բադը» համտեսելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումն էր։

«Չինաստանի մեր գործընկերներն ամեն ինչ անում են, որ մենք անմոռանալի տպավորություններով հեռանանք Պեկինից։ Ավելի քան ստացվել է։ Այսօր էլ ինձ ու Աննային հրավիրել են 150 տարվա մի ռեստորան` «Բադ՝ պեկինյան ձևով» փորձելու։ Եվ ընդհանրապես՝ ցնցված ենք չինական հյուրասիրությունից»,- այցի երկրորդ օրը ֆեյսբուքյան իր էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը` հրապարակելով նաև հյուրասիրության լուսանկարը։

Փոխարենը՝ վարչապետն առայժմ չի շտապում խոսել այցի տնտեսական արդյունքների մասին։ Ասելիք չկա՞, թե՞ դեռ ժամանակը չէ, կերևա առաջիկայում։

Այս պահին, դատելով վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրություններից, «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի շրջանակներում, որն ավելի շատ մշակութային և ոչ թե տնտեսական միջոցառում է, Չինաստանի ղեկավարության հետ Նիկոլ Փաշինյանի ունեցած հանդիպումների ժամանակ առարկայական պայմանավորվածություններ կարծես ձեռք չեն բերվել։ Բացի այն, որ չինական ընկերություններից մեկը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարությանը։ Թեև, եթե դա պիտի լինի զուտ մրցույթներին մասնակցելու տեսքով, ապա շատ բան չի փոխում։ Այլ հարց, եթե ընկերությունն իր կողմից իրականացնի ներդրումներ, կառուցի ճանապարհը` հետագայում շահագործելու և ներդրումները հետ ստանալու ակնկալիքով։

Այլապես, Հյուսիս-Հարավի կառուցմանը նախկինում ևս չինական ընկերություն մասնակցել է։ Բայց ոչ՝ որպես ներդրող, այլ՝ որպես հայտարարված մրցույթի հաղթող։

Իհարկե, Չինաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններին։ Բայց խոսքն առայժմ հնարավորությունների մասին է։

Մի բան փաստ է, որ Հայաստանն ուշացել կամ հերթական անգամ դուրս է մնացել տարածաշրջանային կարևոր ենթակառուցվածքային ծրագրերից, որոնք ընդգրկված են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ։

Սա այն ծրագիրն է, որին մասնակցելու համար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, Հայաստանի վերջին երեք կառավարություններն ափսոսեցին վճարել 5 մլն դոլար: «Պեկինում ընթանում է «Մետաքսի ճանապարհ» 2-րդ ֆորումը։ Մասնակցում է 40 երկրի նախագահ։ Այնտեղ են Պուտինը, Նազարբաևը, Ալիևը և այլք։ Վերջին ճշգրտումներն են կատարվում 3 հիմնական ճանապարհների, 6 ենթատարբերակների ուղղությամբ։ Ֆինանսավորումն ընթանում է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի միջոցով։ Բանկն ունի 100 մլրդ դոլարի կապիտալ և 1 տրլն դոլարի վարկային ռեսուրս։ Հայաստանի վերջին 3 կառավարություններն ափսոսեցին 5 մլն դոլար վճարել և դառնալ բանկի հիմնադիր անդամ։ Ներկայումս բանկի միջոցներով հսկայածավալ շինարարություն են անում ռուսները, ադրբեջանցիները (նկատենք, որ այս երկրներն ունեն առևտրի դրական հաշվեկշիռ և սովորաբար վարկեր չեն վերցնում), վրացիները, ղազախներն ու ղրղըզները։ Եվրասիական մայրցամաքը մի 10 տարուց անճանաչելիորեն կփոխվի։

Լա՞վ, գազամուղները մեզ շրջանցում են, նավթամուղներն ու երկաթուղիները՝ նույնպես։ Ավտոճանապարհային ծրագրեր է՞լ չենք կարողանում մտնել»,- շուրջ մեկ ամիս առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր Հրանտ Բագրատյանը։

Ի՞նչ կփոխվի վարչապետի այցից հետո, հավանաբար շուտով կիմանանք։

Մինչ Հայաստանն առայժմ դուրս է մնում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում իրականացվող տարածաշրջանային խոշոր ծրագրերից, Չինաստանը վերջին տարիներին բավականաչափ ընդլայնել է տեղը Հայաստանի առևտրային գործընկերների կազմում։ Որպես այդպիսին՝ այն դարձել է երկրորդը` զիջելով միայն Ռուսաստանին։

Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի ծավալը տատանվում է տարեկան 750-800 մլն դոլարի սահմաններում։ Բայց դրա հիմնական մասը բաժին է ընկնում չինական ապրանքների ներմուծումներին։ Հայաստանից արտահանումը կազմում է տարեկան ընդամենը 100-120 մլն դոլար։

Ինչպես շատ ու շատ այլ երկրների դեպքում, Չինաստանի հետ ևս առևտրային հաշվեկշիռը բացասական է, ինչը գնալով խորանում է` ներմուծումների ավելի ինտենսիվ աճի հետևանքով։

Չնայած մեծ հնարավորություններին` հայկական ապրանքների տեսականին չինական շուկայում չափազանց սահմանափակ է։ Հայաստանն այդ երկիր է մատակարարում հիմնականում հանքանյութ և առաջին հերթին՝ պղինձ։ Արտահանման գրեթե 90 տոկոսը բաժին է ընկնում այդ ապրանքատեսակին։

Հայկական այլ ապրանքների մատակարարումները չինական շուկայում խիստ սահմանափակ են։ Վերջին տարիներին մշտապես փորձեր են եղել Չինաստան արտահանել հատկապես հայկական գինի, սակայն՝ դատելով ծավալներից, առայժմ շոշափելի արդյունքներ չկան։

Փոխարենը՝ չինական ապրանքների մուտքը Հայաստանի շուկա բավական ակտիվ է և ընդգրկուն։ Այս երկրից բերվում է տարբեր տեսակի ապրանքներ` սկսած հեռախոսներից, վերջացրած հագուստեղենով և շինարարական նյութերով։

Հավելենք, որ Չինաստան կատարած այցի վերջին օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպել է չինական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք հայտնել են իրենց հետաքրքրությունները Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս