Դանիել Իոաննիսյանը ԱԱԾ պետին սկանդալ է խոստանում. ՖԲ-ն արգելափակել է նրան
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջը ջնջվել է, նրա վերջին գրառումը եղել է ապրիլի 27-ին: Դանիելը վերջին շրջանում նաև պասիվ է ընդհանուր առմամբ, նրա վերջին հարցազրույցը եղել է 24 TV-ում, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ղեկավարը սուր քննադատության է ենթարկել երբեմնի թիմակից վարչապետին ու նրա վարած կադրային քաղաքականությունը:
Վարկած կա, որ դաշտից «սորոսական» համարվող ակտիվիստի արտասովոր «անհետացումը» կապված է ԱԱԾ-ի գործողությունների հետ: Մասնավորապես՝ խոսվում է այն մասին, որ Դանիելին այստեղից ինչ-որ տեղեկատվություն է փոխանցվել, ինչից հետո Դավիթ Սանասարյանի մեծ աջակիցը փոխել է իր դիրքորոշումը՝ կապված ՊՎԾ հայտնի գործով նյութերի հետ:
Ինչ խոսք, տեսականորեն չի կարելի բացառել նաև Գործադիր մարմնի միջամտության գործոնը, ի վերջո, Դանիելի հակաքարոզչական գրառումների հետ կապված նույն անհանգստությունը կարող էր նաև վարչապետն ունենալ:
Բացի այն, որ Դանիելն օրվա մեջ ԱԱԾ-ի դերը նսեմացնող նույնաբովանդակ մի քանի հակաքարոզչական գրառում էր կատարում, վերջին շրջանում նա ակնհայտորեն հարվածում էր Նիկոլ Փաշինյանին: Հեղափոխական երբեմնի թիմակիցը հաճախ էր կոշտ քննադատության ենթարկում վարչապետի վարած քաղաքականությունը:
Բիշքեկից 168.am-ի հետ կապի դուրս եկած Դանիելն ուրախացավ, որ ՖԲ-ում իր «ինքնաոչնչացման ակտի մասին» զանազան վարկածներ են շրջանառվում:
Նա ասում է, որ իր ընկալումներով՝ սլաքները դեպի մեր պետական օղակներ չեն տանում:
Նա նշեց, որ իր, ինչպես նաև Լևոն Բարսեղյանի, Լառա Ահարոնյանի և Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջերի շղթայաբար արգելափակումը կրում է միևնույն ձեռագիրը:
Թիմի ներսում քննարկվող վարկածներից հիմնականը, ըստ նրա՝ ՌԴ-ի գործոնն են համարում:
«Այս 4 ակտիվիստներս հակառուսական օգտատերեր ենք և գոնե այդ հարցում վստահաբար ունենք նույնացում, թերևս այդ պատճառով համարում ենք, որ խանգարել ենք դրսի ուժերին»,- ասում է Դանիել Իոաննիսյանը:
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի շահագրգիռ լինելը Դանիելը բացառում է գրեթե 100 տոկոսով՝ թեկուզ հենց այն փաստարկով, որ ԱԱԾ-ի դեմ միայն ինքն է արշավ սկսել իր նշած անձանցից:
Իսկ եթե մասնագետների ուսումնասիրություններն այդուհանդերձ հակառակում համոզեն, Դանիելը խոստանում է մեծ սկանդալ բարձրացնել ԱԱԾ պետի դեմ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազդեցությունը բացառում է և չի ուզում հավատալ դրան ոչ մի կերպ, իրենց հարաբերությունների մասին միայն դրական նոտայով է խոսում:
Առաջիկա օրերին պարզ կդառնա այս անձանց դեմ իրականացված արշավի հեղինակը, և Դանիել Իոաննիսյանը խոստանում է, որ կբարձրաձայնի այդ մասին: Իսկ հետագա ինքնապաշտպանական մեխանիզմների մասին օրերս քննարկումներ է ունեցել կառավարության որոշ պաշտոնյաների հետ:
Սյուզի Բադոյան