«Մենք արդեն մեկ տարուց ավելի տեսնում ենք փողոցային արդարադատություն». Քաղաքագետը՝ ներքին ու արտաքին մարտահրավերների մասին

Հարցազրույց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ

Պարոն Դանիելյան, երեք օր է՝ տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը: Հետևո՞ւմ եք ընթացքին:

– Որքանով որ ժամանակ կա, հետևում եմ։

Դատարանի դահլիճից դուրս զարգացումները, ըստ ձեզ, ինչպիսի՞ հանգուցալուծում կստանան: Ակնհայտ է, որ մեծ է բախման հավանականությունը երկու թևերի միջև: Շատերն իշխանություններին կոչ են անում իրավիճակը հանդարտեցնել, բայց արդյո՞ք դա հնարավոր է:

– Ես չեմ կարծում, որ դրսում հավաքվածների միջև կարող է բախում լինել, որովհետև ոստիկանները հսկում են իրավիճակը։ Բոլոր դեպքերում՝ դա անցանկալի իրավիճակ է, որովհետև մենք արդեն մեկ տարուց ավելի տեսնում ենք փողոցային արդարադատություն, երբ դատական պրոցեսների վրա ազդեցություն է ունենում փողոցը։ Դա անթույլատրելի իրավիճակ է։ Եվ ես կարծում եմ, որ գործող իշխանություններն այնքան ողջախոհություն կունենան, որ կազմակերպեն դատական պրոցեսները ոչ թե փողոցում, այլ դատարանի դահլիճում։

Իսկ արդար դատավարության ակնկալիք ունե՞ք:

– Ես ընդհանրապես Հայաստանում արդար դատավարության ակնկալիք չունեմ, և այդ  ակնկալիքները միայն ներկա իրավիճակով չեն պայմանավորված, այլ վերջին 30 տարիների։ Մենք տեսել ենք՝ ինչպես են գլխավոր դատախազ սպանել, փաստաբաններ են սպանվել կամ ծեծվել, գլխավոր խմբագիրներ են ծեծվել։ Եվ, բնականաբար, նման պայմաններում արդար դատավարությունների մասին խոսելը մի քիչ լուրջ չի հնչի՝ հատկապես, երբ դատավարություններն ունենում են քաղաքական հնչեղություն։

Նոր իշխանություններին կհաջողվի՞ փակել Մարտի 1-ի էջը՝ հաշվի առնելով, որ նաև այդ հավակնություններով էին եկել իշխանության։

– Ես կարծում եմ՝ չի հաջողվի փակել։ Երբ ասում են՝ «Մարտի 1-ի էջը», ինձ թվում է, ձևակերպումն այդքան էլ ճիշտ չէ. ամեն ինչ սկսվել է 1995-1996թթ., երբ ոչ արդար ընտրություներ տեղի ունեցան։ Եվ 1996 թվականին, մենք հիշում ենք, բանակ է հանվել փողոց, եղել են կրակոցներ, և հայկական քաղաքական էլիտան ճեղքվել է։ Ու ամբողջ հետագա պրոցեսները՝ և՛ 2008 թ., և՛ հետագայում, այդ ճեղքվածքի շարունակությունն են եղել։ Այս հեղափոխության հիմնական արժեքը կարող էր լինել այն, որ 1996 թվականի այդ անարդարությունը, որը ճեղքեց ՀՀ քաղաքական էլիտան, ավարտվեր, գային նոր մարդիկ, նոր էջից սկսվեր: Սակայն, ցավոք սրտի, դա շարունակվում է, և հիմա մենք նորից մտել ենք մի փուլ, երբ 1996 թվականից այդ ճեղքումը սկսեց շարունակվել։ Մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր և՛ եթերներում, և՛ հրապարակային ելույթներում այն մարդիկ են, որոնք 1996 թվականին ունեցել են դերակատարություն։ Սա նույն գործընթացի շարունակությունն է։

Այսինքն՝ այս մեկ տարում Դուք չտեսա՞ք այնպիսի արդյունքներ, որոնք կարող էին բավարարել Ձեզ և ժողովրդին նաև։

– Երբ ասում ենք՝ «բավարարել ժողովրդին», դա շատ տեսական է հնչում։ Իհարկե, եղել են կարևոր իրադարձություններ, առաջին հերթին՝ հանրությունը կարողացել է ազդել և փոխել իշխանությունը, քանի որ 1995 թվից այս կողմ ընտրական գործընթացի նկատմամբ վստահություն չկար։ Սակայն այն համակարգային  փոփոխությունները, որոնք երաշխիք կլինեին, որ այս ամենը չի կրկնվի, կարծես թե չկան, և այն խոստումները, որոնք տրվել են, նույնպես չեն կատարվում։

Իսկ այդ դեպքում փոփոխությունների մասին վարչապետի ներկայացրած 100 փաստերն ի՞նչ էին։ 

– Նման փաստեր էին ներկայացնում ժամանակին նաև Կարեն Կարապետյանը, Հովիկ Աբրահամյանը. դեռ վիճելի հարց է՝ ում փաստերն էին ավելի ազդեցիկ։ Ուղղակի մի տարբերությամբ՝ այն ժամանկավա կառավարության նկատմամբ չկար վստահություն, և մարդիկ այդ փաստերը չէին ցանկանում տեսնել, հիմա՝ կա վստահություն, և ցանկացած փաստ կարող է դիտարկվել՝ որպես առաջընթաց։ Բայց այդ 100 կետերը սովորական կառավարության սովորական հաշվետվություն էին, դա հեղափոխական կառավարության հաշվետվություն չէր։

Արտաքին քաղաքականությանն անդրադառնանք։ Է. Մամեդյարովը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում մի քանի ուշագրավ հայտարարություններ էր արել: Մասնավորապես նա հայտարարել է, թե փաստաթուղթը բանակցությունների սեղանին է, այլ օրակարգ չկա, և հենց դրա շուրջ պետք է նստեն ու բանակցեն: Ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, հատկապես, երբ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ բանակցություններ՝ որպես այդպիսին, չկան, և հանդիպումների ժամանակ իրենք ընդամենը զրուցում են բանակցությունների համար անհրաժեշտ մթնոլորտ ձևավորելու շուրջ, որն էլ, ըստ էության, հակասում է Մամեդյարովի արած հայտարարությանը

– Եկեք մենք մեզ հիմարի տեղ չդնենք. և՛ Ադրբեջանն է հասկանում, և՛ Հայաստանն է հասկանում, որ փոխզիջում գոյություն չունի։ Դա է իրականությունը։ Այն փաստաթղթերը, որոնք դրված են, քննարկվում են՝ ուղղակի բանակցությունների իմիտացիա ստեղծել է. մենք 1994 թվականից այս կողմ այդ իմիտացիաների մեջ ենք։ Սակայն այդ իմիտացիաներն ունեն աշխարհաքաղաքական նշանակություն, և նույն Մինսկի խմբի կազմը նույնպես աշխարհաքաղաքական ակումբ է։ Եվ ինչն է հետաքրքիր, որ երկու համար մեկ երկրները, որոնք Կովկասում մեծ ազդեցություն ունեն և ապագայում այդ ազդեցությունն ընդլայնելու միտումներ ունեն, Իրանն ու Թուրքիան են, որոնք Մինսկի խմբի համանախագահների կազմում չեն ընդգրկվել։

Հիմա մեր ռեգիոնում աշխարհաքաղաքական շատ լուրջ փոփոխություններ են լինում։ Իրանի զարգացումները դեռևս անհասկանալի են, և հնարավոր է, որ լինի պատերազմ։ Այդ դեպքում՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար այդ իրավիճակը կարող է փոփոխությունների բերել, և այստեղ շատ անսպասելի զարգացումներ կարող են լինել։ Եվ այս առումով, կարելի է ասել, որ սա սպասողական իրավիճակ է.  և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը հասկանում են, որ անկանխատեսելի զարգացումներ կարող են լինել, և ըստ իս՝ դրանով է պայմանավորված շփման գծում այս հարաբերական խաղաղությունը։

Մամեդյարովի մյուս հայտարարությունը, կարծեք, հենց Իրանի մասին էր. նա  հայտարարել էր, թե շուտով կփակվի նաև Հայաստանի երրորդ բաց սահմանը: Սա պարզապես արված հայտարարությո՞ւն է, թե՞ այնուամենայնիվ կա նման վտանգ: Հիշեցնենք, որ նման ակնարկ խորհրդարանում արել էր նաև Ն. Փաշինյանը՝ ասելով, թե հնարավոր է՝ մի օր փակվի Իրանի հետ սահմանը:

– Բնականաբար, կա նման վստանգ, և կփակվի ոչ միայն Հայաստանի և Իրանի, այլև Ադրբեջանի և Իրանի սահմանը։ Եվ բազմաթիվ փախստականներ առաջին հերթին՝ կհայտնվեն Ադրբեջանում, նաև փախստականներ, որոնք կլինեն, մեղմ ասած, շատ զայրացած և իսլամական արժեքներ կրող մարդիկ։ Ու պարզ չէ, թե Ադրբեջանի ճակատագիրն ինչ կլինի։ Այսինքն, մեզ երրորդ սահմանի փակմամբ սպառնալով՝ իրենք պետք է մտածեն, թե ընդհանրապես Ադրբեջանը՝ որպես անկախ պետություն, կշարունակի՞ լինել, կամ կշարունակի՞ լինել՝ որպես իսլամական պետություն, և արդյո՞ք այդ շիիզմի և սուննիզմի պայքարն Ադրբեջանի ներսում տեղի չի ունենա։ Այդ առումով իրենց մարտահրավերներն ավելի շատ են, քան Հայաստանինը։

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս