ՀՀ ԱԻ նախարարը ՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի փոխնախագահի հետ քննարկել արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության հեռանկարները
ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանը մայիսի 14-ին ընդունել է ՌԴ Դաշնային խորհրդի (ԴԽ) պատվիրակությանը՝ ԴԽ պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Արենինի գլխավորությամբ:
Պատվիրակության կազմում ընդգրկված են սենատորներ Ֆրանց Կլինցևիչը, Վյաչեսլավ Մարխաևը և ՌԴ օրենսդիր վերին պալատը ներկայացնող մի շարք այլ անձինք:
Հայկական կողմը հանդիպմանը ներկայացնում էին Արա Նազարյանը, ԱԻ փոխնախարար Արկադի Բալյանը, Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության միջազգային համագործակցության առաջին բաժին պետ Աղվան Սարգսյանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ռուսական համագործակցության հեռանկարները:
Ողջունելով հյուրերին՝ փոխնախարար Արա Նազարյանը նշել է, որ ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարությունները համագործակցում են երկու երկրների կառավարությունների միջև ստորագրված արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրերի և տարբեր միջազգային կառույցների շրջանակներում (ՀԱՊԿ, ԱՊՀ, ՄԱԿ, ԵԱՏՄ):
Առանձին ուշադրություն է դարձվում հայ փրկարարների ուսուցման կազմակերպման գործընթացին, պարբերաբար անցկացվում են համատեղ հատուկ տակտիկական և ուսուցողական վարժանքներ:
Արա Նազարյանի խոսքով՝ հայ-ռուսական համագործակցությունը համընթաց զարգանում է նաև սեյսմիկ պաշտպանության, լեռնափրկարարական աշխատանքների իրականացման, անտառային հրդեհների դեմ պայքարի, երկրաշարժերից պաշտպանվելու և դրանց հետևանքների վերացման ոլորտներում:
Այս առումով, ԱԻ փոխնախարարը նշել է, որ 2017թ. «Խոսրովի անտառ» արգելոցը պատուհասած հրդեհը հաջողվեց մարել ռուսական կողմի տրամադրած ինքնաթիռի օժանդակությամբ:
Արա Նազարյանի խոսքով՝ ինքնաթիռի ռուսաստանցի անձնակազմը հրդեհաշիջման արդյունավետության համար ստիպված էր թռիչքներ իրականացնել չափազանց ցածր և վտանգավոր բարձրության վրա, որի համար օդանավի անձնակազմը պարգևատրվել է ԱԻՆ շքանշաններով:
Սերգեյ Արենինը, շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ջերմ ընդունելության համար, նշել է, որ արտակարգ իրավիճակների արձագանքման և կանխարգելման ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների հիմքում ընկած է բազմամյա երկկողմ փոխշահավետ համագործակցությունը և ամուր իրավական բազան, ինչը թույլ է տալիս երկու երկրների ԱԻ նախարարություններին իրականացնել համատեղ և արդունավետ աշխատանք:
Որպես արտակարգ իրավիճակների արձագանքման և կանխարգելման ոլորտում հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացման գրավական՝ Սերգեյ Արենինը մատնանշել է 2015թ. հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծումը և ծավալած բազմակողմանի գործունեությունը:
Արա Նազարյանը, նույնպես կարևորելով հումանիտար կենտրոնի գործունեությունը, առաձնացրել է Սիրիային և Իրանին ցուցաբերված մարդասիրական օգնության առաքելությունները:
Սերգեյ Արենինը, վկայակոչելով Սպիտակի ավերիչ երկրաշարժը, նշել է, որ հենց այստեղ՝ Հայաստանում, երկրաշարժի հետևանքների վերացման գործընթացի ժամանակ դրվեցին ԽՍՀՄ, ապա նաև ԱՊՀ անկախ երկրների փրկարարական և լեռնափրկարարական ծառայությունների ստեղծման հիմքերը:
«Հենց այդ ժամանակ է կոփվել մեր փրկարարների եղբայրությունը, ինչն իրենց հնարավորություն է տալիս լուծել անգամ ամենաբարդ խնդիրները»,- նշեց Սերգեյ Արենինը:
Հանդիպումից հետո հյուրերն այցելել են ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն (ՃԿԱԿ):
Այցելության ընթացքում կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը մանրամասն ներկայացրել է ՃԿԱԿ առաքելությունը, գործունեությունը և գործառույթները: