Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրոպական խորհրդի շենք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է Եվրոպական խորհրդի շենք, որտեղ նրան դիմավորել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանն Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների հետ մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը տրվել է Դոնալդ Տուսկի անունից: 

Ընթրիքին ներկա են եղել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Լեհաստանի և Շվեդիայի նախկին արտգործնախարարներ` Ռադոսլավ Սիկորսկին և Կառլ Բիլդտը, ովքեր Արևելյան գործընկերության նախաձեռնողներից են:

Միջոցառման ընթացքում Արևելյան գործընկերության մասնակից երկրների ղեկավարները, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև վերը նշված բարձրաստիճան պաշտոնյաները հանդես են եկել ողջույնի խոսքերով: Նրանք անդրադարձել են Արևելյան գործընկերության շրջանակում 10 տարիների ընթացքում իրականացված ծրագրերին, դրանց արդյունքներին, ինչպես նաև առաջիկա միջոցառումներին ու նախաձեռնություններին:

Տեսանյութեր

Լրահոս