ԱՀԿ-ն մինչև 2030 թվականն օձերի խաթոցից մահացությունը կրկնակի նվազեցնելու գլոբալ ռազմավարություն է մշակել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտադիր է մինչեւ 2030 թվականը հասնել թունավոր օձերի խաթոցից մահացության կրկնակի նվազեցման. խոսքը տարեկան տասնյակ հազարավոր կյանքեր փրկելու մասին է: Այդ նպատակի իրագործմանն է միտված կազմակերպության կողմից մշակված 12-ամյա ռազմավարությունը: ԱՀԿ-ի ժնեւյան կենտրոնակայանը մայիսի 6-ին հրապարակել է այդ ծրագրի հիմնական թեզիսները, որի պաշտոնական մեկնարկը տրվելու է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 72-րդ ամենամյա նստաշրջանում (մայիսի 20-28-ին):
ԱՀԿ-ի գնահատումների համաձայն, Երկրի 5,8 մլրդ բնակիչներ ենթարկվում են օձերի խայթոցներին ենթարկվելու ռիսկին: Միջին հաշվով օրական դրանցից տուժում է 7400 մարդ եւ նրանցից մոտավորապես 220-380-ի համար օձերի խայթոցն ավարտվում է մահվան ելքով: Տուժածների թիվը տարեկան հասնում է 1,8 միլիոնից մինչեւ 2,7 միլիոն, իսկ մահացածներինը՝ 81 հազարից մինչեւ 138 հազար:
Հատկապես սուր իրադրություն է ստեղծվել Ասիայի երկրներում, որտեղ տարեկան տեղի է ունենում օձի խայթոցից թունավորման մինչեւ 2 մլն դեպք, ինչպես նաեւ Աֆրիկայում, որտեղ ամեն տարի բուժման կարիք է ունենում 435 հազարից մինչեւ 580 հազար մարդ:
Կազմակերպությունում ընդգծում են, որ ԱՀԿ-ի նոր ռազմավարության գլխավոր խնդիրը բժշկական օգնության բարելավումն է այն նպատակով, որ «մահերի թիվը եւ հաշմանդամության դեպքերը մինչեւ 2030 թվականը կրճատվեն 50 տոկոսով»:
Նշվել Է աշխատանքի չորս գլխավոր ուղղություն՝ տեղական համայնքների դերի բարձրացումը օձերի խայթոցների վտանգավորության վերաբերյալ բնակիչներին իրազեկելու հարցում, բնակչության արդյունավետ բուժման ապահովումը, առողջապահության համակարգի ամրապնդումը, գլոբալ համագործակցության զարգացումը օձի խայթոցից թունավորման խնդրի լուծման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: