Բաժիններ՝

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Բալայանը բանախոսել է «Մեկ տարի թավշյա հեղափոխությունից հետո» խորագրով քննարկմանը

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, որպես հիմնական բանախոս, մայիսի 8-ին մասնակցել է «Մեկ տարի թավշյա հեղափոխությունից հետո» խորագրով քննարկմանը, որին ներկա էին «Hug the Hague conference» Էրազմուս ծրագրի շրջանակներում արևելաեվրոպական երկրներից Նիդերլանդներ ժամանած շուրջ հինգ տասնյակ հասարակական, ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Բալայանը խորհրդանշական է համարել, որ քննարկումը տեղի է ունենում վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունից ուղիղ մեկ տարի անց և հենց նույն պահին, երբ Երևանում ընթանում է ՀՀ վարչապետի մեկամյա պաշտոնավարմանը նվիրված ասուլիսը։

Դեսպանը ներկայացրել է Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած «Թավշյա հեղափոխության» արդյունքները, լայնածավալ բարեփոխումները, որոնք իրականացվում են Հայաստանում ներկայիս իշխանությունների կողմից՝ շեշտը դնելով կոռուպցիայի դեմ պայքարի և ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման առաջնահերթությունների վրա։

Տիգրան Բալայանը ներկայացրել է Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները՝ կարևորելով Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ և Եվրամիության հետ սերտ համագործակցություն ունեցող երկրի դերը։

Դեսպան Բալայանը երիտասարդների հետ կիսվել է իր մասնագիտական փորձով և նրանց խորհուրդ տվել ակտիվ մասնակցություն ցուցաբերել իրենց երկրներում ընթացող քաղաքական զարգացումներին՝ հղում անելով այն կարևորագույն դերակատարությանը, որ հայ երիտասարդներն ունեցան անցած տարվա հեղափոխության ընթացքում։

Քննարկմանը հաջորդել է հարցուպատասխանը, որի ընթացքում Հայաստանի դեսպանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս