Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները հունիսի սկզբին կանցկացնեն առաջին եռակողմ հանդիպումը

Երևանում մայիսի 8-ին կայացել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով խորհրդակցություն՝ երեք երկրների ԱԳ նախարարների հունիսի 4-ին Նիկոսիայում կայանալիք առաջին եռակողմ հանդիպումը նախապատրաստելու նպատակով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով. «Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, հունականը՝ Հունաստանի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Թեոդորոս Գեորգակելոսը (Theodoros Georgakelos), իսկ կիպրականը՝ Կիպրոսի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Ջորջ Խակալլին (George Chacalli)։

Քննարկվեց երեք երկրների համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, հստակեցվեց Նիկոսիայում կայանալիք նախարարական հանդիպման օրակարգը։

Կողմերը գոհունակություն հայտնեցին երեք երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակի կապակցությամբ և ողջունեցին երկկողմ մակարդակից եռակողմ ձևաչափով համագործակցության անցնելու նախաձեռնությունը։ Ընդգծվեց բազմակողմ ձևաչափերում և միջազգային հարթակներում երեք բարեկամ երկրների միջև փոխգործակցության և փոխաջակցության կարևորությունը:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային, եվրոպական և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Կողմերը ներկայացրին իրենց երկրների համար արտաքին քաղաքական գերակայություն հանդիսացող հարցերի վերաբերյալ վերջին զարգացումները:

Նույն օրը հունական և կիպրական պատվիրակություններն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ինչպես նաև՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»։

Տեսանյութեր

Լրահոս