Փաշինյանին չի հուզում՝ Քոչարյանն ում է միանալու իր դեմ պայքարելու համար

«Է, թող միանա, ո՞ւմ է ուզում միանալ»,- ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե միանում է իշխանությանը մարտահրավեր նետած ընդդիմությանը։

Հիշեցնենք, որ Reuters գործակալությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ հզոր ընդդիմադիր ուժերը համախմբվում են՝ մոտ ապագայում երկրի նոր ղեկավարությանը մարտահրավեր նետելու համար, և, որ նա մտադիր է միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին:

Բանտից ուղարկված նամակում Քոչարյանը գործակալությանը հայտնել է, որ իր դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն, նա մեղադրել է Նիկոլ Փաշինյանի կառավարությանն օրենքի ընտրողական կիրառման համար: Քոչարյանը նաև ասել է, որ Հայաստանում ի հայտ են գալիս նոր ընդդիմադիր կուսակցություններ:

«Այս գործընթացը, անկասկած, կհանգեցնի նոր հզոր քաղաքական ուժի ստեղծմանը, որն ունակ կլինի շատ արագ մարտահրավեր նետել նոր իշխանություններին»,- ասել է նա: Հարցին՝ արդյոք նա անձամբ կներգրավվի՞ այդ ընդդիմության շարքերում, նա պատասխանել է. «Այո իհարկե», սակայն չի հստակեցրել, թե ինչ բնույթ կկրի այդ մասնակցությունը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հարցազրույցում ասված խոսքերի մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր մոտ այնպիսի տպավորություն է՝  մարդիկ կան, ովքեր չեն հասկանում, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ այլք, նախորդ կառավարության ոչ մի ներկայացուցիչ Հայաստանում այլևս երբեք իշխանություն չի լինի, անհատների մասով էլ չի լինելու նաև ընդդիմություն 90 և ավելի տոկոս հավանականությամբ։

«Իշխանությունը ժողովրդինն է»,- ասաց վարչապետը՝ հավաստիացնելով, որ ինքն իր իշխանության պահպանության համար չի պայքարելու, ժողովուրդն է որոշելու։

 

 

Տեսանյութեր

Լրահոս