«Գործակալ եմ համարում բոլոր այն մարդկանց, որոնք ՀՀ-ում որևէ հարց լուծելու համար մտքներով անցկացնում են կամ նույնիսկ գործողություն են ձեռնարկում օտարերկրյա աջակցություն ստանալու համար». Փաշինյան

«ԱԱԾ-ն, այն խնդիրները, որոնք կապված են մեր երկրի անվտանգության հետ, այդ խնդիրները պահում է հսկողության ներքո: Երբ որոշ գործեր կհասունանան այնքան, որ այլ փուլ կմտնեն, հանրությունը դրա վերաբերյալ կտեղեկանա»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, պարզե՞լ է՝ ովքեր են իր նշած օտարերկրյա գործակալները:

Հիշեցնենք, որ 2019թ. փետրվարին Իրան կատարած այցի ընթացքում հանդիպել էր Սպահանի հայ համայնքի հետ, որի ընթացքում ծավալուն ելույթ էր ունեցել և հայտարարել. «Մեր հազարամյա փորձությունները հասցրել են մեզ մի հանգրվանի, որ մենք ՝որպես ժողովուրդ, հասունացել ենք ունենալու հզոր պետություն: Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը և տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ: Մենք՝ որպես ժողովուրդ, այլևս թույլ չենք տալու դավադրություններ մեր պետականության նկատմամբ, թույլ չենք տալու որևէ մեկին մեզ օգտագործել որպես մանրադրամ՝ իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, թույլ չենք տալու, որ մեր իսկ եղբայրներին օգտագործեն մեր պետությունն ավերելու, քանդելու, թուլացնելու համար»։

Ասուլիսում պատասխանելով լրագրողի՝ գործակալների բացահայտման մասին հարցին, Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ից, որպես կատեգորիա, պետք է արմատախիլ արվի արևմտամետություն-ռուսամետություն, կամ հակաարևմտյան-հակառուսական հասկացությունները:

«Ես դեռևս 2015-ին տեղի ունեցած հանրահավաքում ասել եմ, որ Հայաստանից, որպես կատեգորիա, պետք է արմատախիլ արվի արևմտամետությունը, ռուսամետությունը, ամերիկամետությունը: Նաև պետք է արմատախիլ արվի հակառուսությունը, հակաարևմտամետությունը, հակաեվրոպականությունը: Մենք պետք է լինենք հայկականության դիրքերում»

Նրա խոսքով՝ «ազդեցության գործակալներ» հասկացություն կա, և գաղտնիք չէ, որ ՀՀ քաղաքական դաշտում եղել են և կան, կլինեն մարդիկ, ում գործունեությունը կարելի է որակել՝ որպես ազդեցության գործակալ.

«Նաև այդպիսին եմ համարում բոլոր այն մարդկանց, որոնք Հայաստանում որևէ հարց լուծելու համար մտքերով անցկացնում են կամ նույնիսկ գործողություն են ձեռնարկում օտարերկրյա աջակցություն ստանալու համար: Եվ դրա դրսևորումները շատ հրապարակային են: Դրա դրսևորումները շատ հրապարակային են, այնպես որ, ինչ-որ ահասարսուռ բան չեմ ասել: Բաներ կան, որ ես տեսնում եմ, դուք չեք կարող տեսնել, բաներ կան, որ ես տեսնում եմ, և դուք էլ կարող եք տեսնել»:

 

Տեսանյութեր

Լրահոս