«Մինսկի խմբի շրջանակներում որևէ նոր փաստաթղթի ստորագրման հարց օրակարգում չկա». Փաշինյան
Մինսկի խմբի շրջանակներում որևէ նոր փաստաթղթի ստորագրման հարց օրակարգում չկա: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյո՞ք օրակարգում նոր փաստաթղթի ստորագրման հարց կա, ի՞նչ ձևաչափով է դա լինելու, արդեն ձեռնարկվե՞լ են կոնկրետ քայլեր, քանի որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հրապարակավ չի բացառել Արցախյան հակամարտությանը վերաբերող նոր փաստաթղթի ստորագրման հնարավորությունը:
«Գիտեք, ճիշտն ասած, ես պարոն Իգիթյանի հայտարարությանը ծանոթ չեմ, բայց ենթադրում եմ՝ ինքը նկատի է ունեցել, որ ֆորմատի շրջանակում կարգավորումը հնարավոր է համարում: Մենք բոլորս էլ հնարավոր ենք համարում, դրա համար էլ բանակցում ենք: Ավելին՝ մենք համարում ենք, որ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի միակ ֆորմատը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատն է, և այդտեղ տեսականորեն, բնականաբար, եթե բանակցում ենք, հնարավոր հարցի լուծումը: Ինչ վերաբերում է կոնկրետ փաստաթղթին, կոնկրետ փաստաթղթի վերաբերյալ որևէ խոսակցություն, աշխատանք չկա»,- ասաց Ն.Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ բազմիցս ասել է, որ ԼՂ հարցի վերաբերյալ ինքը գաղտնիքներ չի ունենալու.
«Եթե ինձ մնար, ես կնախընտրեի՝ էդ ամեն ինչը ուղիղ եթերում գնար իմ ֆեյսբուքյան էջի, բայց հասկանում եմ, որ դա հնարավոր չի: Նկատի ունեմ, որ կարող է ինչ-որ դետալներ, նրբություններ զուտ կոռեկտության առումով ես չեմ կարող, ցավոք սրտի, բոլորը՝ ես ինչ ասեցի, մյուսն ինչ ասեց, երրորդն ինչ ասեց, և այլն, բայց Ղարաբաղի հարցում չեմ պատրաստվում գաղտնիք ունենալ»:
Ն.Փաշինյանի կարծիքով՝ Ղարաբաղի հարցին փորձագետի մակարդակով տիրապետելու իրավունք ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի և հայ:
Նա նշեց, որ իրենց քաղաքականությունը Ղարաբաղի հարցում այնքան բաց ու թափանցիկ է, որ ըստ էության կարելի է ասել, որ որևէ գաղտնիք չկա, բացի այն կոռեկտ պահերից, որ չի կարող ամեն ինչ պատմել. «Բայց բովանդակության առումով ոչ մի գաղտնիք չկա»: