«Ինչո՞ւ Բակո Սահակյանը կամ Արկադի Ղուկասյանը նման միջնորդություն չեն արել Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի համար». Փաշինյան
«Ես կարծում եմ, որ նման դեպքերում Արցախի նախագահին իրավախորհրդատուները ճիշտ խորհուրդներ պետք է տան, որովհետև այդ հարցն այլևս Գլխավոր դատախազի տիրույթում չի, գործն ուղարկվել է դատարան, և, եթե գլխավոր դատախազը նույնիսկ շատ ուզենա, չի կարող այդ հարցը լուծել»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի նամակին:
Ըստ նրա՝ ճիշտ չէ նման դիմում հասցեագրել մի տեղ, որը նրանց իրավազորության տիրույթում չէ, և այստեղ աշխատակազմերի և իրավախորհրդատուների սխալն է:
Փաշինյանը նշեց, որ մարդկային առումով կարող է հասկանալ, որովհետև ընկերական հարաբերություններ կան, Ռոբերտ Քոչարյանն Արցախի առաջին նախագահն է եղել, և այլն, բայց, այնուամենայնիվ, հարցեր ծագում են՝ ինչո՞ւ նման միջնորդություն չեն արել Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի համար, կամ՝ եթե Արցախի հերոսներին չի կարելի ձերբակալվել, հնարավոր է, որ Բակո Սահակյանի կամ Արկադի Ղուկասյանի իշխանության տարիներին որևէ հերոս ձերբակալված չի՞ եղել: Փաշինյանը հարցադրում արեց, թե ո՞րն է սկզբունքը՝ ում մեղքն է ավելի ծա՞նր: