«Ես երբեք թույլ չեմ տա ինձ հետ, իմ ընտանիքի հետ կապված սուտ լուրեր տարածվեն. ես դրա դեմ պատրաստվում եմ պայքարել»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական համակարգը ՀՀ-ում հաղթահարված է համարում:

«ՀՀ-ում այլևս վերացված է սուպերվարչապետական համակարգը, որովհետև ժողովրդավարական երկրում չի կարող լինել սուպերվարապետական համակարգ»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց Ն.Փաշինյանը:

Ըստ նրա՝ եթե խոսքը վերաբերում է մեկ-երկու հանգամանքի, այդտեղ էլ կան փաստեր, մասնավորապես՝ եթե խոսքը վերաբերում է ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նախարարություններ դարձնելուն, դա այլ հարց է:

Նա հարցադրում արեց՝ ո՞վ է ուզում երկրում նոր Սերժ Սարգսյան, քանի որ վերջինս ԱԱԾ-ի ղեկավարն էր նախկինում:

«Մի երկրում, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին, սուպերվարչապետ չի կարող լինել»,- ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ իր դեմ կազմակերպված հակաքարոզչություն է իրականացվում, ֆինանսական մեծ միջոցներ ծախսելով, չի՞ պատրաստվում դրա դեմն առնել, Փաշինյանը հայտարարեց, որ՝ ո՛չ, որովհետև ժողովուրդն է դատողը, յուրաքանչյուրն ազատ է իրեն հարց ուղղելու և խոսքի ազատությունն առավել կարևոր է:

Ըստ նրա՝ այս մեկ տարում ազգային ամբիցիաները ոչ թե պակասել են, այլ կրկնապատկվել ու եռապատկվել:

«Բայց մի նրբություն կա՝ ես երբեք թույլ չեմ տա ինձ հետ, իմ ընտանիքի հետ կապված սուտ լուրեր տարածվեն»,- ասաց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ ճշմարտությունն ամեն ինչից վեր է և ինքը պարբերաբար արձագանքելու է սուտ լուրերին:

«Այնպես որ՝ ես դրա դեմ պատրաստվում եմ պայքարել»,- նշեց Ն.Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս