Նկարիչների միության նախագահը նախկինից մնացած 5 մլն դրամ գույքահարկի և 18 մլն այլ պարտքերի համար դիմել է քաղաքապետին և վարչապետին
2018 թվականի դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարի նիստը, որտեղ միության 422 անդամները 56 % տոկոս ձայների առավելությամբ ընտրեցին նոր ղեկավար։ 168.am-ը զրուցել է Նկարիչների միության նոր նախագահի՝ գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանի հետ։ Սաֆարյանը մեզ հետ զրույցում խոսել է միության այն խնդիրների մասին, որոնք ժառանգել է, անդրադարձել հինգ ամիսների ընթացքում արվածին ու ներկայացրել անելիքները։
– Նկարիչների միության կուտակած պարտքերի թեման նորից արծարծվում է։ Ի՞նչ փուլում է խնդրի լուծումը։ Մի քանի անգամ տարբեր առիթներով շրջանառվել է պարտքի չափը` շուրջ 31 միլիոն դրամ։ Պարտքն ինչի՞ հետևանքով է գոյացել։
– Այդ գումարից մի հատվածը՝ մոտ 5 միլիոն դրամը, Միության շենքի գույքահարկի պարտքն է, մոտ 8 միլիոն դրամը՝ քանդակի կոմբինատի գույքահարկի պարտքն է, և մոտ 18 միլիոն դրամ կազմում է Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ): 2015-2017 թթ. հասարակական կազմակերպությունները (հ/կ) նույնպես ԱԱՀ-ի դաշտ էին անցել և պետք է հարկվեին։ Նախկին ղեկավարների ասելով՝ նրանք չեն իմացել այդ մասին։ Բայց բազմիցս կրկնել եմ, հիմա էլ եմ ասում՝ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից։ Պարտավոր էին իմանալ։ Չնայած նրան, որ 2016 թվականից օրենքը դուրս է եկել, բայց պարտքը մնացել է, և ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճի պատճառով այդ պարտքն անընդհատ տույժեր է ավելացրել իր վրա։
Մենք գալով՝ իմացանք այդ ամենի մասին և վարչության բազմաթիվ ժողովներ ենք արել, որպեսզի լուծումներ գտնենք, նաև Միության նախկին նախագահ Կարեն Աղամյանին ենք հրավիրել, որպեսզի տեսնենք՝ ինքն ի՞նչ լուծումներ է առաջարկում, սակայն նա հրաժարվել է գալ՝ առանց պատճառաբանության։
Մենք, մեր հերթին, գույքահարկի մասով դիմել եք քաղաքապետին՝ քննարկման գործընթացի փուլում է, նաև 18 միլիոնի պարտքի համար դիմել ենք վարչապետին՝ նորից ընթացքի մեջ է, և հուսանք, կկարողանանք լուծել այս հարցը։
– Անցյալ տարի մեկ այլ աղմկահարույց թեմա էր քննարկվում. քրեական գործ էր հարուցվել Միության նախկին նախագահ Կարեն Աղամյանի նկատմամբ, որի հիմքում նկարիչ Խաչիկ Հարությունյանի դիմումն էր, որտեղ մասնավորապես նշվում էր, որ Միությանը պատկանող՝ Աբովյան 16 հասցեում գտնվող 1165 քմ մակերեսով ցուցասրահների մասնաշենքը նվիրատվության պայմանագրով հանձնվել է Էդուարդ Թախունցին։ Ավելի ուշ՝ արդեն 2018-ի դեկտեմբերին, Քննչական կոմիտեն կարճեց հարուցված գործը։ Ի՞նչ էր իրականում եղել:
– Տարածքների կորցնելու-չկորցնելու հարցի մասով ասեմ, որ մեր տանիքը ուրիշ սեփականատիրոջ տալու որոշումը կայացվել է ժողովով, բայց թե ի՞նչ ենք շահել և ի՞նչ ենք ունեցել՝ դա հարցի մյուս կողմն է։ Մենք մեր տանիքը տալով՝ ունեցել ենք վերանորոգված ցուցասրահներ, և վերջ։
– Կարեն Աղամյանը պնդում էր, որ շենքը եղել է սեյսմիկ վտանգավոր վիճակում, և, որ այն վերակառուցվել է՝ վերանորոգվելուց զատ։
– Միայն ցուցասրահների հատվածն է վերակառուցվել։ Կրկնում եմ՝ եթե գնում ես ինչ-որ գործարքի, մանավանդ, որ քո կողմն է ամբողջ դիվիդենտները, դու կարող ես ավելի շատ բան պահանջել։ Այսինքն, այդ գործարքին գնալով՝ այդ մարդը ունենալու էր իր ուզած տարածքը՝ հյուրանոցային սենյակները, իսկ Միությունը ի՞նչ պետք է ունենար՝ ուղղակի ցուցասրահնե՞ր՝ վերակառուցված կամ վերանորոգված։ Ես կարծում եմ՝ քիչ է։ Որովհետև հենց ձմեռը գալիս է, ունենում ենք ջեռուցման խնդիր։
– Միության նախկին նախագահը նաև այդ հարցն էր հրապարակել, թե այդպիսով Միությունը կարողանում է օգտվել նույն կաթսայից։
– Համակարգը կա, բայց կաթսան պատկանում է մեր վերևի սեփականատիրոջը… Ինչի՞, եթե մենք կարող էինք ունենալ մեր կաթսան, մենք մեր կարիքները հոգայինք… Մենք չունենք ներքևում ավտոկայանատեղի։ Այն նույնպես պատկանում է վերևի սեփականատիրոջը։
– Այս հարցի մասով էլ Աղամյանը նկատել էր, որ նկուղ երբևէ չի էլ եղել։
– Կարելի էր բանակցել և շատ ավելի լավ արդյունքների հասնել։
– Օգտվո՞ւմ եք ավտոկայանատեղիից։
– Սկզբից օգտվում էինք, հիմա ինչ-որ խնդիրներ ունեն՝ կալանքի տակ է։
– Վարդաշենի կոմբինատի հարցը. սեփականաշնորհման վկայականի խնդիրը լուծման ի՞նչ փուլում է։
– Համապատասխան փաստաթղթեր են անհրաժեշտ։ Մենք այդ փուլում ենք հիմա։ Պիտի դիմենք՝ ունենանք սեփականաշնորհման վկայական։
– «Նոր Հայաստան, Նկարիչների նոր միություն»․ այս պատրաստակամությամբ ստանձնեցիք պաշտոնը. 5 ամիսների ընթացքում ի՞նչ է արվել Միությունում, և ի՞նչ ծրագրեր ունեք։
– Շատ ծրագրեր ունեինք, շատ փոփոխություններ էինք պլանավորել անել, բայց վերոհիշյալ պարտքերի պատճառով փոքր-ինչ հետաձգվում են մեր պլանները, թեև կարող եմ ասել՝ քիչ բան չենք արել։
Նույն ֆեյսբուքյան էջն է ակտիվացել. եկել էինք՝ մոտ 3000 էր, հիմա 7000-ի շեմին է հասել մեր ֆեյսբուքյան էջի հետևորդների թիվը։ Այսինքն, հանրության ակտիվությունը դեպի Նկարիչների միություն էապես մեծացել է։
Ցուցասրահներն ամեն ցուցահանդեսից առաջ փորձում ենք յուրովի ներկայացնել՝ ինչ-որ պատ է ներկվում, ինչ-որ տումբա։ Վերջին ցուցահանդեսը որ եղավ՝ Քանդակի հանրապետական ցուցահանդեսը, եթե տեսնեք, փոփոխությունը կզգաք։ Հենց Նկարիչների միության մուտքից արդեն փոփոխությունը կզգաք։
Շուտով մեզ մոտ կբացվի նկարչական խանութ։ Կարողանում ենք օգտակար լինել Միության անդամներին։ Էապես ակտիվացել է Միության անդամների շարժը՝ անդամավաճար վճարելու հարցում. մարդիկ ոգևորված գալիս են վճարելու։
Մեր սրտացավ, կամեցող մարդկանց շնորհիվ հենց հիմա իրականացվում է վերանորոգման աշխատանքներ մեր Շորժայի ստեղծագործական տանը, չնայած նրան, որ հիմա պարալիզացված ենք ֆինանսապես, բայց տարբեր մարդանց հետ բանակցում ենք և կարողանում ենք գտնել ճանապարհներ, որպեսզի նա, ով կմտնի Նկարիչների միություն՝ չզգա այդ խնդիրները։
– Այսօր շատ են անհատ նկարիչները, ովքեր մասնակցում են միջազգային ցուցադրությունների ինքնուրույն, ասել է թե՝ չունեն միությունների կարիք՝ ինչպես առաջ էր, կարելի է ասել՝ Միության դերը երկրորդայնացվել է։ Ի՞նչ ծրագրեր ունեք Միությունը նաև այս նկարիչների համար գրավիչ դարձնելու համար։
– Նույն միջազգային տարբեր ցուցահանդեսների հայտեր ենք ներկայացնում, սպասում ենք պատասխանների։ Հենց այսօր մեր Միության անդամներից մեկնեցին Լեհաստան՝ մասնակցելու ցուցահանդեսի։ Գործը արվում է, ուղղակի մարդ պիտի սրտացավ լինի, սիրի իր գործը և ամեն ինչի կհասնի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Զարուհի Դիլանյան