
Ռուսաստանցիների մեծամասնությունն հանդես է եկել Սիրիայում ՌԴ-ի ռազմական գործողությունների դադարեցման օգտին

Ռուսաստանցիների կեսը (51 տոկոս) պաշտպանում է Սիրիայի նկատմամբ Մոսկվայի քաղաքականությունը, բայց էլ ավելի մեծ թվով քաղաքացիներ (55 տոկոս) կարծում են, որ մերձավորարեւելյան այս երկրում ՌԴ ռազմական գործողությունները պետք է ավարտել: Այդ մասին վկայում են «Լեւադա-կենտրոնի» անցկացրած հարցման տվյալները:
Ըստ սոցիոլոգիական հետազոտության տվյալների, որոնք ստացվել են «Ինտերֆաքս» գործակալությունում, ռուսաստանցիները կամ բոլորովին չեն հետեւում, թե ինչ է տեղի ունենում Սիրիայում (39 տոկոս), կամ իրադարձություններին ուշադիր չեն հետեւում (48 տոկոս): Սիրիայի իրադրության զարգացմանը ուշադիր հետեւում է հարցման մասնակիցների 13 տոկոսը:
Հարցման արդյունքների համաձայն, ռուսաստանցիները չեն բացառում, որ ռազմական գործողությունը Սիրիայում կարող է Ռուսաստանի համար վերաճել «նոր Աֆղանստանի». քաղաքացիների 6 տոկոսը կարծում է, որ դա, անպայմանորեն, տեղի կունենա. 31 տոկոսն իրադարձությունների նման զարգացումը միանգամայն հավանական է համարում. 34 տոկոսը՝ քիչ հավանական:
Հարցմանը, որն անցկացվել է 2019 թվականի ապրիլի 18-23-ը, մասնակցել է ՌԴ-ի 50 սուբյեկտների 137 բնակավայրերի 18 եւ ավելի բարձր տարիքի 1625 մարդ:
Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունն անցկացվում է 2015 թվականի սեպտեմբերի 30-ից: