«Թուրք-ադրբեջանական զորավարժությունների համատեքստում ավելի սարսափելի է Հայաստանի միջազգային դիվանագիտական մերկությունն ու լռությունը». Գնդապետ
Ադրբեջանի տարածքում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» զորավարժությունն ամփոփված է իր անվան մեջ, որին որևէ վերլուծաբան այս օրերի ընթացքում ուշադրություն չի դարձրել։ Զորավարժության նպատակն այն է, որ Թուրքիան կարողանա վերականգնել իր սահմանները։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ Զինված ուժերի պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 1-5-ը Ադրբեջանի տարածքում անցկացվում է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն, որտեղ ներգրավված են երկու երկրների ռազմական տարբեր ուժեր։
Վ. Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները շարունակական բնույթ են կրում, որոնք հաճախ իրականացնում են հայկական սահմանի մոտ։
«Ցանկացած զորավարժություն մարտական պատրաստության և պատրաստակամության զարգացման նոր աստիճան է, որտեղ զինվորից մինչև օպերատիվ ստրատեգիական համապետական կառավարման մակարդակ մշակում է մարտական պատրաստության տարբեր փուլեր և ստարտեգիական գործողություններ։
Այսինքն՝ զինվորներն ու սպաները ձեռք են բերում ունակություններ, հմտություններ՝ գալիք մարտական գործողությունների համար։ Այս փուլում Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր նպատակը Արցախի և յոթ շրջանների վերագրավման գործընթացն է։ Թե սրան ինչպե՞ս է հակադարձում մեր զինված ուժերը՝ չեմ կարող ասել։ Որոշակի ինֆորմացիա ունեմ, բայց այն պետական գաղտնիք է՝ չեմ կարող ասել։ Այս ամենը շատ անհանգստացնող է, որ նման մասշտաբային զորավարժություններ են անցկացնում»,- նշեց գնդապետը։
Ըստ նրա, այս զորավարժությունների համատեքստում ավելի սարսափելի է Հայաստանի միջազգային դիվանագիտական մերկությունն ու լռությունը, երբ ՆԱՏՕ-ի օդային ուժերի մարշալը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ն կողմնակից է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, բայց ՀՀ ստրատեգիական դաշնակիցը և արտգործնախարարությունը որևէ քայլ չեն ձեռնարկում։
«Երեկ տեղեկացա, որ չեղարկվել է Վրաստանի նախագահի այցը Միացյալ Նահանգներ, միայն նրա համար, որ Վրաստանը չի համաձայնել ՆԱՏՕ-ի զորքեր թողնել իր տարածք՝ վախենալով Ռուսաստանի հետ հարաբերություններում իրավիճակի սրացումից։ Բայց, չգիտես ինչու, Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը չեն վախենում Հայաստանի և Ռուսաստանի ստրատեգիական հարաբերությունների սրացումից։ Ռուսաստանը Թուրքիային թույլ է տալիս, որպես ՆԱՏՕ-ի հարավարևելյան թև, աստիճանաբար մտնել Ադրբեջանի տարածք»,- շեշտեց Վոլոդյա Հովհաննիսյանը։
Նա նաև հավելեց, որ այսօր Նախիջևանը և Ադրբեջանը թուրքական զորքերի համար շատ հասանելի են դարձել, ինչը Հայաստանի համար վտանգավոր է, քանի որ եթե պատերազմ սկսվի՝ Ադրբեջանը հանգիստ կարող է օգտվել Թուրքիայի աջակցությունից և թուրքական զինված ուժերը կարող են մասնակցել Հայաստանի դեմ պատերազմին։
Զվարթ Խաչատրյան