
Արարատի մարզում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է ավելի քան 12 մլրդ դրամով

Արարատի մարզում արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալները վերջին տարիներին աճի էական միտում են արձանագրել: 2018-ին արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա համեմատ ընթացիկ գներով աճել է ավելի քան 12 մլրդ դրամով: Այս մասին «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովում ասաց մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Արարատի մարզի տնտեսության կարևորագույն և հիմնական ոլորտներից մեկն արդյունաբերությունն է: Արարատի մարզի քաղաքներում, համայնքներում առկա է արդյունաբերական հզոր համալիր, որն ընդգրկում է արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերը: Զգալիորեն բարձրացել է սննդի արդյունաբերության տեսակարար կշիռը: Մարզում արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալները վերջին տարիներին տարեցտարի աճի էական միտում են արձանագրել: 2018-ին նախորդ տարվա համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ընթացիկ գներով աճել է ավելի քան 12 մլրդ դրամով»,-ասաց մարզպետը:
Սարգսյանի խոսքով` արդյունաբերական զարգացումը խթանելու, արտադրական հզորությունների վերագործարկման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով իրականացվելու են միջոցառումներ և ծրագրեր: Դրանք ուղղված են լինելու արդյունաբերական ներուժի ճիշտ գնահատմանը, ոչ արդիական տեխնոլոգիաների՝ նորերով փոխարինմանը, միջազգային շուկայում տնտեսության այլ ճյուղերի արտադրանքի և ծառայությունների ներդրմանը, մարզի մի շարք համայնքներում պտղի և բանջարեղենի վերամշակման փոքր արտադրությունների ստեղծմանն ու զարգացմանը: