
ԵՄ-ի հերթական գագաթնաժողովը կարող է կայանալ մայիսի 28-ին Բրյուսելում. Reuters

Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները ծրագրում են Բրյուսելում հերթական գագաթնաժողովն անցկացնել մայիսի 28-ին՝ Եվրախորհրդարանի ընտրություններից հետո: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով մի քանի պաշտոնյաների:
Նրանց տվյալներով՝ Եվրոպայի ղեկավարները կքննարկեն Եվրահանձնաժողոի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին փոխարինողի թեկնածությունը:
Եվրախորհրդարանի ընտրությունները 2019 թվականին հանրակցության երկրներում տեղի կունենան մայիսի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում: Խորհրդարանը նիստ կգումարի հուլիսի 2-ին եւ կառաջադրի Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածուին:
Reuters-ի տվյալներով՝ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ամենայն հավանականությամբ, առաջիկա գագաթնաժողովի մասին կհայտարարի մայիսի 9-ին Ռումինիա ուղեւորության ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: