
Իրանի նավթի նախարարը հնարավոր է համարել ՕՊԷՔ-ի փլուզումը

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել է, որ Թեհրանը կպատասխանի ՕՊԷՔ-ի երկրների կողմից ցանկացած սպառնալիքի: Իրանի դեմ դրանցից մի քանիսի միակողմանի գործողությունները կարող են հանգեցնել կազմակերպության փլուզման: Այդ մասին, ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, ասել է նախարարը՝ ամփոփելով ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարկինդոյի հետ մայիսի 2-ին կայացած հանդիպման արդյունքները։
Զանգանեն նշել է, որ ՕՊԷՔ-ը կարող «փլուզվել», եթե կազմակերպության առանձին երկրներ «միակողմանի գործողություններ» ձեռնարկեն Իրանի դեմ: Reuters-ը գրում է, որ այդ խոսքերը վերաբերում են նախեւառաջ Սաուդյան Արաբիային: Էր Ռիադը ողջունել է Իրանի նկատմամբ նավթային պատժամիջոցներից մի քանի երկրների համար բացառությունների գործողությունը դադարեցնելու ԱՄՆ-ի որոշումը եւ խոստացել է մայիսին ավելացնել նավթի արդյունահանումը բոլոր գնորդների պահանջմունքը բավարարելու համար: Ինչպես հայտնել է Shana գործակալությունը, Զանգանեն խոստացել է պատասխանել ՕՊԷՔ-ի բոլոր այն երկրներին, որոնք կսպառնան Թեհրանին: «Իրանն ՕՊԷՔ-ի անդամ է հանդիսանում՝ ելնելով միայն իր շահերից:
Եթե ՕՊԷՔ-ի առանձին անդամներ ցանկանում են սպառնալ կամ վախեցնել Իրանին, ապա ԻԻՀ-ն ձեռնպահ չի մնա նրանց պատասխանելուց»,- ասել է նախարարը: ԱՄՆ-ում մայիսի 2-ին լրանում է Իրանի դեմ նավթային պատժամիջոցներից բացառությունների ժամկետն իրանական նավթ ներմուծող երկրների նկատմամբ: Այսպիսով, եթե Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Թուրքիան, որոնք Վաշինգտոնից բացառություններ էին ստացել մինչեւ մայիսի 2-ը, շարունակեն նավթ գնել Իրանից, ԱՄՆ-ի վարչակազմը պատժամիջոցներ կսահմանի նրանց դեմ:
Այդ հետաձգումը ներմուծողներին տրամադրվել էր, որպեսզի նրանց թույլ տրվեր գտնել նավթի գնման այլընտրական աղբյուրներ: Հունաստանը, Իտալիան, ինչպես նաեւ Թայվանը, որոնք նավթ էին գնում Իրանից, արդեն դադարեցրել են իրանական նավթի ներմուծումը, մինչդեռ իրանական նավթի մյուս ներմուծողները բազմիցս ԱՄՆ-ին խնդրել են երկարաձգել բացառությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: