Վարդան Բոստանջյանը՝ «Սպայկայի» գործի և շարժական սրճարանների մասին
«Լինեն շարժական սրճարաններ, թե մեկ այլ սրճարան, մարդիկ աշխատում են, որպեսզի բավարարեն իրենց կենցաղային ամենատարրական պահանջները»։ Խոսելով շարժական սրճարանների խնդրի մասին՝ 168.am-ի հետ զրույցում նման ասաց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ից Երևանի մի շարք շարժական սրճարաններ զրկվել են էլեկտրականությունից, դրանց մի մասը քաղաքապետարանը պատրաստվում է ապամոնտաժել, որն էլ առաջացրել է սրճարանատերերի դժգոհությունը, նրանք այսօր Կառավարության շենքի մոտ հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Ամեն ինչ պետք է կանոնակարգեն, պետք է այնպես անեն, որ այդ մարդիկ իրենց նվազագույն եկամուտը չկորցնեն»,- ասաց տնտեսագետը։
Անդրադառնալով «Սպայկա» ընկերության տնօրենի ձերբակալությանը՝ Վարդան Բոստանջյանը նշեց, որ ամեն ոք, ով ունի պարտավորություններ պետության հանդեպ, պետք է կատարի դրանք։
«Պետք է մենք հասկանանք նաև, որ նախկինում գուցե աշխատանքային հարաբերություններն այլ են եղել, մարդիկ գործել են այլ տիրույթում։ Հիմա թող բարի լինեն ու ասեն, որ այլևս նման բան չի լինելու։ Եթե հանկարծ շարունակվի, մենք ունենք վերահսկողական մարմիններ, և, եթե այս կամ այն ընկերությունը հակվածություն կունենա պահպանելու նախկին հարաբերությունները, ապա այդ ժամանակ վարչական, քրեական պատասխանատվության կարող են ենթարկել։ Բայց հիմա հանկարծ հայտնաբերում են, որ, ենթադրենք, Տիգրան Մեծի ժամանակ մարդը պարտավորությունը չի կատարել, և դրա համար ցմահ բանտարկում են՝ առնվազն սա առաջացնում է զայրույթ»,- եզրափակեց Վարդան Բոստանջյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան