Բաժիններ՝

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հետ կապված անորոշության մեծ դոզա կա». Տնտեսագետ

ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի խոսքով՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հետ կապված  դեռևս մեծ անորոշություններ կան՝ անորոշության մեծ «դոզա» կա։

Նրա կարծիքով՝ նոր իշխանությունները ցանկանում են նոր քաղաքականություն իրականացնել, սակայն հաջողություններ դեռ չկան։

«Բոլոր պարագաներում տնտեսական առաջաընթաց և զարգացում ապահովելու համար ակնհայտորեն պետք է տնտեսական հավասարակշռված և հիմնավորված քաղաքականություն իրականացվի, որտեղ իր ուրույն տեղն ունի հարկային քաղաքականությունը։ Այն նախ՝ պետք է նպաստի տնտեսական աճին, ինչը պետք է ապահովվի Կառավարության կողմից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկիրը չի տիրապետում ստրատեգիական ռեսուրսների, արտադրական կուլտուրայի առումով չենք փայլում, արտահանման համար ժամանակակից արտադրանք չենք ստեղծում, ուստի մուտքերի տեսանկյունից մեր հնարավորությունները մեծ չեն, հետևաբար՝ նպատակ կա այդ մուտքերը հնարավորինս մեծացնել։ Ահա այս ամենից էլ բխում է Հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխությունները»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց տնտեսագետը։

Ըստ նրա՝ այդ փոփոխությունների համատեքստում նպատակ են դրել համահարթեցնել եկամտահարկը, այս հարցում կարծիքները միանշանակ չեն։

Տնտեսագետի դիտարկմամբ, սա կարող է վտանգել պետական մուտքերի առանց այն էլ սուղ տնտեսական հնարավորությունները՝ 20-30 մլրդ դրամի չափով։

«Այս ամենը փոխհատուցելու համար ենթադրվում է այլ տիրույթներում գործունեության իրականացում, ինչպիսին է, օրինակ՝ ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը և այլն։ Եթե այս հարկերի բարձրացում տեղի ունենա, ապա, խոշոր հաշվով, դժվարությունները կրելու են շարքային քաղաքացիները։ Գուցե քաղաքացիները կարողանային կրել այն պարագայում, եթե ունենային բարձր վարձատրություն, բայց ունենք ցածր եկամուտներ, գործազրկության գրեթե 20 տոկոս ցուցանիշ, ուստի որևէ մեկը չի կարող համաձարկություն ու պատասխանատվություն ունենալ և ասել, որ այս փոփոխությունները ենթադրում են ավելի դրական իրավիճակներ»,- շեշտեց Վ. Բոստանջյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս