Բաժիններ՝

«Ես պարոն Օսիպյանին կասեմ հետևյալը՝ կնոջովդ և ընտանիքովդ զբաղվի, քանի ժամանակ ունես։ Ու թող սրա մեջ սպառնալիք չտեսնի, քանի որ կրկնում եմ այն նույն գրառումները, որոնք ինձ են ուղղված եղել». Բորիս Մուրազի

Շուրջ 1.5 ամիս առաջ politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Ոստիկանապետ Օսիպյանը սպառնում է ինձ և ընտանիքիս։ Մանրամասները՝ քիչ անց»։

168.am-ի հետ զրույցում Բորիս Մուրազին այս գրառման շարժառիթը համարեց այն, որ Ոստիկանությանը սպասարկող ֆեյսբուքյան էջերը, այսպես կոչված՝ ֆեյքերը, ովքեր իրենց ողջ գործունեության ընթացքում Ֆեյսբուքում տարածում են ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին վերաբերող դրական նյութեր, և, ըստ ամենայնի, ոստիկանության աշխատողներ են, politik.am կայքի հրապարակման տակ դնում են իր կնոջ ու երեխայի նկարը և գրում, որ ինքը պետք է ուշադիր լինի իր ընտանիքի նկատմամբ, ավելի շատ ժամանակ անցկացնի իր ընտանիքի հետ, որովհետև շուտով դատվելու է, գրում են հայհոյանքներ իր ու իր ընտանիքի անդամների հասցեին։

Բորիս Մուրազին հրապարակել էր նաև իր ու իր ընտանիքի հասցեին արված բոլոր գրառումների պատկերները՝ սքրինշոթերը։

«Քանի որ այդ ֆեյքերն իրենց էջերում տարածում են Ոստիկանության լրատվությունը, ինձ համար իրենք ոստիկանության աշխատողներ են, և քանի որ հրապարակումը եղել է հենց Վ. Օսիպյանի մասին, ու հենց այդ նյութի տակ են այս գրառումներն արվել, ես համարում եմ, որ դա կոնկրետ սպառնալիք է ոստիկանապետի կողմից»,- նշել էր politik.am կայքի գլխավոր խմբագիրը։

Օրեր առաջ «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ոստիկանություն` խնդրելով պարզաբանել, թե ուսումնասիրությունն ինչ ընթացակարգով է իրականացվել, արդյո՞ք իրեն ու իր ընտանիքի անդամներին սպառնալու մասին խմբագրի հայտարարությունները դիտարկվել են՝ որպես հաղորդում հանցագործության մասին, և նյութեր նախապատրաստվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե այո, ապա նյութերի նախապատրաստման արդյունքում հարուցվե՞լ է քրեական գործ, թե՞ ոչ` նկատի ունենալով, որ նյութերի նախապատրաստման համար սահմանված 10-օրյա ժամկետը լրացել է: Հարուցվելու դեպքում խնդրել էինք տեղեկացնել նաև, թե որ հոդվածով է հարուցվել, իսկ եթե մերժվել է, ապա որ հիմքով:

«Ստուգումների շրջանակներում ուսումնասիրվել են ինչպես վերը նշված թեմայի շուրջ համացանցում առկա հրապարակումները, այնպես էլ՝ դրանց կապակցությամբ տարբեր օգտատերերի կողմից համացանցում կատարված մեկնաբանությունները, որոնց արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված առերևույթ հանցագործության՝ «սպանության, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնացնելու սպառնալիքի» հատկանիշներ չեն հայտնաբերվել։ Արարքը կարող է որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով, եթե առկա է սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ, ինչը, սակայն, ըստ ստուգողական գործողությունների, բացակայում է տվյալ դեպքում»,- նշված է Ոստիկանության գրավոր պատասխանում։

Այսպիսով՝ փաստվում է, որ լրագրողին սպառնալու մամուլի հարապարակումները չեն դիտարկվել՝ որպես հանցագործության մասին հաղորդում, թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քրեական գործ հարուցելու առիթ են հանդիսանում նաև մամուլի հրապարակումները, երկրորդ՝ նյութեր չեն նախապատրաստվել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված կարգով, որի պարագայում անհրաժեշտ կլիներ որոշում կայացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, ինչը թույլ կտար կողմին վիճարկել այն, երրորդ՝ ստուգումն իրականացրել է այն մարմինը, որի ենթակայության տակ գտնվող ենթադրյալ ֆեյքերը սպառնացել են լրագրողին։

168.amԲորիս Մուրազիին խնդրեց մեկնաբանել Ոստիկանության որոշումը քրգործ չհարուցելու մասին։

Politik.am-ի խմբագիրը նշեց, որ իր համար սպասելի էր այն, ինչ եղավ, և պարզ էր, որ ոստիկանությունն ինքն իրեն չի բացահայտելու, բայց ինքն ուրախ է այս միջադեպի համար, քանի որ ոստիկանապետը տեսավ, որ ֆեյքերով սպառնալիքներով չի կարող իրենց լռեցնել. իրենք կգրեն այն, ինչ կհամարեն, որ պետք է գրել։

«Ինձ համար գոնե ոստիկանության իմաստով այս իշխանությունները նախորդներից չեն տարբերվում։ Եվ հենց այս պատճառով էլ հանցագործության մասին հաղորդում չեմ տալիս, քանի որ հանցագործներին հանցագործության մասին հաղորդում չեն տալիս, իրենց կրիմինալ «պանյատներով» դա ճիշտ չի»,- այսպես Բորիս Մուրազին մեկնաբանեց Ոստիկանությունում հաղորդում չտալու իր պատճառները, ապա դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ հայտարարեց.

«Ես պարոն Օսիպյանին կասեմ հետևյալը՝ կնոջովդ և ընտանիքովդ զբաղվի, քանի ժամանակ ունես։ Ու խնդրում եմ՝ թող սրա մեջ սպառնալիք չտեսնի, քանի որ կրկնում եմ այն նույն գրառումները, որոնք ինձ են ուղղված եղել։ Նաև ավելացնում եմ, որ պարոն Օսիպյանին քիչ է մնացել։ Եթե մարդկայինը չի հասկանում, ապա կլինի դաժան»։

Բորիս Մուրազին, սակայն, վերջում նշեց, որ կցանկանա պարոն Օսիպյանի կնոջ և նրա ընտանիքի անդամների ներողամտությունը հայցել.

«Ես իրենց դեմ որևէ բան չունեմ, վերաբերվում եմ հարգանքով։ Ես միայն վերադարձնում եմ այն, ինչ ինձ ասել են, և այն, ինչ պարոն Օսիպյանի ղեկավարած կառույցը հանցագործություն չի համարել։ Եվ նպատակը միմիայն այն է, որպեսզի պարոն Օսիպյանը գիտակցի իր կառույցի անարդար որոշումը, քանի որ այս նախադեպից ելնելով՝ ցանկացածը կարող է նման բան գրել և անպատիժ մնալ օրինականության դաշտում»։

Ոստիկանության պատասխանի մեջ նշվում է, որ իրենք ստուգումներ են իրականացրել փաստի առթիվ, այլ ոչ թե նյութեր են նախապատրաստել, սակայն մութ է մնում, թե այդ ստուգումների արդյունքում ի՞նչ գործողություններ են իրականացվել, որոնք թույլ են տվել եզրակացնել, որ սպառնալիքի հատկանիշներ չեն հայտնաբերվել։

Ի վերջո, արդյո՞ք հայտնաբերվել են գրառում կատարած անձինք, հրավիրվե՞լ են ոստիկանություն, բացատրություն տվե՞լ են… Կարճ ասած՝ ի՞նչ հիմքով է ոստիկանությունը համարել, որ սպառնալիքի հատկանիշներ չկան։

Մյուս կողմից՝ քանի որ վարչապետը հրահանգ է տվել ֆեյքերի դեմ կատաղի պայքար մղել, և նույնիսկ արդեն ձերբակալված անձ կա, միգուցե արդեն Ազգային անվտանգության ծառայությո՞ւնը (ԱԱԾ) զբաղվի մասնավորապես լրատվամիջոցների ներկայացուցիչների հասցեին հնչող սպառնալիքներով, զրպարտություններով ու գռեհիկ հայհոյանքներով, և այդ ժամանակ արդեն հստակ կիմանանք՝ ունի՞ ոստիկանությունը ֆեյքեր, թե՞ ոչ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս