Բաժիններ՝

«Վալերիյ  Օսիպյանի խնդրանքով՝ բարձրաստիճան պաշտոնյա է փորձում միջամտել իմ լրագրողական աշխատանքին, նաև քրեական հեղինակության միջամտությամբ ինձ փորձել են համոզել նյութ հեռացնել». Բորիս Մուրազի

Շուրջ մեկ ժամ առաջ politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել. «Ոստիկանապետ Օսիպյանը սպառնում է ինձ և ընտանիքիս։ Մանրամասնները՝ քիչ անց»։

168.am-ի հետ զրույցում Բորիս Մուրազին այս գրառման շարժառիթը համարեց այն, որ Ոստիկանությանը սպասարկող ֆեյսբուքյան էջերը, այսպես կոչված՝ ֆեյքերը, ովքեր իրենց ողջ գործունեության ընթացքում Ֆեյսբուքում տարածում են ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին վերաբերող դրական նյութեր, և, ըստ ամենայնի, ոստիկանության աշխատողներ են, politik.am կայքի հրապարակման տակ դնում են իր կնոջ ու երեխայի նկարը և գրում, որ ինքը պետք է ուշադիր լինի իր ընտանիքի նկատմամբ, ավելի շատ ժամանակ անցկացնի իր ընտանիքի հետ, որովհետև շուտով դատվելու է, գրում են հայհոյանքներ իր ու իր ընտանիքի անդամների հասցեին։

«Քանի որ այդ ֆեյքերն իրենց էջերում տարածում են Ոստիկանության լրատվությունը, ինձ համար իրենք ոստիկանության աշխատողներ են, և քանի որ հրապարակումը եղել է հենց Վ. Օսիպյանի մասին, ու հենց այդ նյութի տակ են այս գրառումներն արվել, ես համարում եմ, որ դա կոնկրետ սպառնալիք է ոստիկանապետի կողմից»,- նշեց politik.am կայքի գլխավոր խմբագիրը։

Վերջինս հավելեց նաև, որ ինքը վստահ է, որ սա սպառնալիք է անձամբ ոստիկանապետի կողմից, քանի որ մի քանի օր առաջ ոստիկանապետ Վալերիյ  Օսիպյանն իրեն թույլ է տվել կեսգիշերին անձամբ, viber կապով զանգահարել իրեն և սկսել հարցուփորձ անել, թե «ես ինչ իրավունք ունեմ իր մասին բացասական հրապարակումներ անեմ, իր գնահատմամբ ապատեղեկատվություն տարածեմ, ինչի եմ այդպես անում, ով է ինձ վճարում, ինչի եմ իր թշնամիների ջրաղացին ջուր լցնում։ Խոսքը կայքում հրապարակված նախկին նյութերի, մասնավորապես՝ Նարեկ Սարգսյանին (ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին:- 168.am) վերաբերող նյութի մասին էր։

«Ես նրան ասել եմ, Դուք՝ որպես ոստիկանապետ, առաջին հերթին Դուք իրավունք չունեք ինձ զանգելու, երկրորդ հերթին՝ իրավունք չունեք կեսգիշերին զանգելու, Դուք ինձ անհանգստացնում եք,- մանրամասնեց Բորիս Մուրազին։ -Էդտեղ մենք խոսել ենք նաև այն մասին, որ նախկին հրապարակումներից մեկի մասով ոստիկանապետը փորձել է, իրենց բնորոշմամբ, որովհետև ինձ համար բոլոր մարդիկ մարդիկ են, եթե իրենց օրենքի շրջանակում են պահում, և ես բնորոշումներ չեմ տալիս, կրկնում եմ, իրենց բնորոշմամբ՝ քրեական հեղինակության միջամտությամբ ինձ համոզել այդ նյութը հեռացնել։ Նաև Վալերիյ  Օսիպյանի խնդրանքով՝ բարձրաստիճան պաշտոնյա է փորձում միջամտել իմ լրագրողական աշխատանքին։ Նույն հրապարակման հետ կապված, նույն օրն այդ 2 անձինք փորձել են միջամտել, իսկ կեսգիշերին զանգել է Վալերիյ  Օսիպյանը անձամբ, ինչն ինձ համար անթույլատրելի է»։

Բ. Մուրազին նշեց նաև, որ իր հետ խոսելիս ոստիկանապետը շատ բարկացած տոնով ասել է, թե՝ «ես ճանաչո՞ւմ եմ արդյոք իրեն, որ այդպիսի բաներ եմ գրում, ինքը ոչ ոքից չի վախենում, ո՞նց կարող են իրեն զանգել», ինչին ինքը պատասխանել է, որ լավ կլիներ, եթե իր մամուլի ծառայությունը դրան անդրադառնար, ոչ թե ինքն անձամբ զանգեր։

168.am-ի այն դիտարկմանը, թե այսօրվա իր գրառման տակ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեկնաբանություն է թողել, որում մասնավորապես գրել է. «Ոստիկանության պետը ձեզ և առհասարակ որևէ մեկին չի սպառնում, հակառակը՝ ոստիկանության պետն ու նրա ղեկավարած կառույցը կոչված են պաշտպանելու ձեզ և բոլորին ամեն տեսակ սպառնալիքից։ Ես ձեզ առաջարկեցի ոստիկանությունում հաղորդում տալ և դրանով հնարավորություն ընձեռել բացահայտել ձեր հետ կատարվածը։ Փոխարենը նախընտրեցիք հրապարակավ մերկապարանոց հայտարարությամբ հանդես գալ։ Եթե դուք իրականում ուզում եք պարզել կատարվածը, ապա մի և օրինական ձև կա՝ դիմել իրավապահ կառույցին, հակառակ դեպքում ստիպված ենք կարծել, որ ձեր ասածները միայն ու միայն աղմուկ բարձրացնելու ու դրանից ինչ-ինչ շահ քաղելու նպատակ է հետապնդում», ինչո՞ւ այդ սպառնալիքների մասով ինքը Ոստիկանությունում հաղորդում չի ներկայացնում հանցագործության մասին, Բ. Մուրազին ասաց.

«Երբ առավոտյան տեսա, որ արդեն ընտանիքիս անդամներին են սպառնում, ես այդ մի հատվածը սքրինշոթ արեցի և ուղարկեցի ոստիկանապետ Օսիպյանին՝ նաև ձայնային հաղորդագրություն ուղարկեցի առ այն, որ՝ Դուք անցնում եք թույլատրելիի սահմանները, Դուք արդեն իմ ընտանիքի մասին եք խոսում, և ես արձագանքելու եմ դրան ու անպատասխան չեմ թողնելու, որից հետո Աշոտ Ահարոնյանը գրում է, որ ոստիկանապետն իրեն ասել է, թե ինչ-որ խնդիր կա։ Ես պատասխանել եմ, որ ես խնդիր չունեմ, խնդիրը ձերն է, որ այսպես եք աշխատում։ Ինքը ինձ առաջարկեց դիմել 6-րդ վարչություն, ինչն ինձ համար մի քիչ ծիծաղելի է, որովհետև չեմ կարծում՝ այդ վարչությունը պետք է բացահայտի իրենց ֆեյքերի պատմությունը։ Որևէ մեկը ինձ չի կարող համոզել, որ այդ ֆեյքերը ոստիկանության աշխատակիցներ չեն»։

Մեր հարցին, թե իր այս գրառումից հետո ոստիկանությունից իր հետ կապվե՞լ են արդյոք, Բ. Մուրազին պատասխանեց, որ Վալերիյ  Օսիպյանն է իրեն գրել միայն, որ իր համար ևս անթույլատրելի է ընտանիքի անդամներին խառնել, բայց խնդիրն այն է, որ այդ սահմաններն ինքը չի անցել, այլ ոստիկանությունը։

«Ես չեմ հասկանում 6-րդ վարչություն դիմելու իմաստը, որովհետև ես իրենց եմ կասկածում այս ամենի մեջ։ Դա ժամանակի անիմաստ կորուստ է։ 4-5 ամիս առաջ անօրինական կերպով մուտք էին գործել իմ ֆեյսբուքյան էջ, ես 6-րդ վարչություն հաղորդում եմ տվել, մինչև հիմա բացահայտում են։ Եթե ես իրենց չկասկածեի, օրինակ, եթե Ազգային անվտանգության ծառայությունը էդ հաղորդումը ընդուներ, ես կգնայի, էնտեղ հաղորդում կներկայացնեի հանցագործության մասին, բայց չի կարելի նույն կառույցին կասկածել ու գնալ իրենց մոտ հաղորդում տալ»,- եզրափակեց politik.am-ի խմբագիրը։

Ստորև ներկայացնում ենք նաև այդ սպառնալիքների սքրինշոթերը ու դրանք գրող անձանց ֆեյսբուքյան էջերի նյութերի հրապարակումները, որոնցից, ըստ Բորիս Մուրազիի, պարզ է դառնում, որ վերջիններս ոստիկանության աշխատակիցներ են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս