Ինչից է կախված գազային բանակցությունների փոխընդունելի ավարտը
«Գազի ու էներգակիրների գները շատ մեծ կապ ունեն այլ ապրանքների գների հետ, որոնք էլ Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունների բաղկացուցիչ մասն են»,- ապրիլի 30-ին Երևանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի 17-րդ նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կրկին բարձրացնելով գազի սակագնի հարցը՝ ակնարկելով, որ գազի գնագոյացման ռուսական քաղաքականությունից հայկական կողմը, մեղմ ասած, գոհ չէ։ Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ ԵԱՏՄ-ում բնական գազի, նավթի, էներգակիրների ու ապագայում՝ նաև էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ստեղծումը ՀՀ առաջնահերթություններից մեկն է։
«Մենք այդ հարցը քննարկում ենք տարբեր ձևաչափերով, և հույս ունեմ, որ այս խնդիրն ի վերջո լուծում կստանա, որովհետև այն լուրջ նշանակություն ունի մեր երկրների տնտեսությունների համար։ Գազի ու էներգակիրների գները շատ մեծ կապ ունեն այլ ապրանքների գների հետ, որոնք էլ կազմում են մեր երկրների տնտեսությունների բաղկացուցիչ մասը»,- հստակեցրել է ՀՀ վարչապետը։
Ավելի վաղ՝ 2018թ. դեկտեմբերի 31-ին հայ-ռուսական գազային պայմանագրի ժամկետի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գազի գինը սպառողների համար չի թանկանա։ Նա նշել էր, որ գազի գինը կարող է «Գազպրոմ» ընկերությունը թանկացնել իր դուստր ձեռնարկության՝ «Գազպրոմ Արմենիայի» համար, սակայն այն չի անդրադառնա Հայաստանի սպառողների վրա։
Նա նաև ֆիքսել էր, որ այս պայմանավորվածությունները գործելու են 2019 թվականին, և ինքը հույս ունի, որ մեկ տարի անց կկարողանան երկարաժամկետ պայմանավորվածություն ձեռք բերել։ Ներկայումս գազի գինը սահմանին Հայաստանի համար կազմում է 165 դոլար, սակայն սպառողը շարունակում է վճարել դրա դիմաց նախկին գնով, և տեղեկություններ են շրջանառվում, որ «Գազպրոմ Արմենիա» դուստր ձեռնարկությունում ակտիվ քննարկումներ են ընթանում՝ այս ռեժիմն ապագայում ևս շարունակելու և «Գազպրոմի» բարձրացած գինն ինչ-որ կերպ դուստր ձեռնարկությունում ծախսերի կրճատման կամ աշխատողների կրճատումների հաշվին փոխհատուցելու մասին։
Հայտնի չէ՝ արդյոք ԵԱՏՄ միջկառավարական նիստին մասնակցելու նպատակով ՀՀ այցելած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ քննարկվե՞լ է գազի սակագների հարցը, թե՞ ոչ, և կամ՝ ի՞նչ լուծումներ են գտնվել։ Սակայն ակնհայտ է մեկ այլ հանգամանք, որ հայկական կողմը ցանկացավ անձնական լավ հարաբերություններ հաստատել ՌԴ վարչապետի հետ, ինչն արտահայտվեց ՀՀ վարչապետի կողմից ռուս պաշտոնյային տանը հյուրընկալելու քայլով, որը տարբեր կերպ մեկնաբանվեց հայ-ռուսական մամուլում։
Սակայն հայտնի չէ նաև, թե ՀՀ վարչապետի այս քայլն ինչպես կնպաստի հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրների, այդ թվում՝ գազային բանակցությունները հայկական կողմի համար ընդունելի ավարտին հասցնելու հարցում։
«168 Ժամի» հետ զրույցում ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ, բնականաբար, ԵԱՏՄ-ում նման շուկա ստեղծելու գաղափարը գազի ցածր գներ սահմանելու նպատակով է արվում, և դա ապագա լուծումներին միտված քայլ է։
Ըստ նրա, ներկայիս բանակցություններում նորություն չի լինի պնդել, որ կա և՛ քաղաքական, և՛ տնտեսական գործոն։ Նրա խոսքով, Ռուսաստանն իր տնտեսական քաղաքականության հարցում հաշվի է առնում նաև քաղաքական հարաբերությունների մակարդակը։
Ըստ Լուկիանովի, հայ-ռուսական բարձր մակարդակի հարաբերություններում կան աննշան խնդիրներ, որոնք հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթի վրա ըստ էության չեն անդրադառնում, բայց գուցե ունենան իրավիճակային հետևանքներ։
«Բնականաբար, կողմերից յուրաքանչյուրը ձգտում է իր համար շահավետ պայմանների ամրագրմանը, կարծում եմ՝ ներկայումս այդ գործընթացն է գնում։
Եվ հասկանալով, որ ցանկացած պայմանավորվածություն երկարատև խնդիր չի լուծում, ԵԱՏՄ այն անդամները, ովքեր նման խնդիր ունեն, առաջարկում են ընդհանուր շուկա, որից իրենք կշահեն։ Սա հասկանալի մոտեցում է, որքանով հետագա ընթացք կունենա՝ ցույց կտան առաջիկա քննարկումները։ Կարծում եմ՝ ներկայումս Հայաստանի և Ռուսաստանի միջև հնարավոր են այնպիսի քաղաքական և տնտեսական պայմանավորվածություններ, որոնց արդյունքում գազը թանկ չի լինի ՀՀ սպառողի համար։ ՌԴ-ն հակված չէ բարդացնել ՀՀ սպառողի կյանքը, պարզապես կան տնտեսական խնդիրներ, և գազի գինը փոխվում է։
Հայաստանն ու Բելառուսը միշտ են եղել այս առումով արտոնյալ դիրքերում՝ ունենալով ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ։
Կարծում եմ՝ ՀՀ իշխանություններն այս փուլում կարող են հարմար գին բանակցել ռուսական կողմի հետ՝ վերացնելով հայ-ռուսական քաղաքական հարաբերություններում այն խնդիրները, որոնք եղել են։ Գաղտնիք չէ, որ եղել են իրավիճակային խնդիրներ, դրանց ազդեցությունը պետք է չեզոքացնել՝ թողնելով բացառապես տնտեսական բնույթի քննարկումներ»,- ասաց նա։
Իր հերթին՝ ռուս տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ էներգակիրների միասնական շուկայի մասին (որը ենթադրում է եվրասիական ինտեգրացիայի շատ ավելի խորը մակարդակ բոլոր ուղղություններով) խոսում են Հայաստանն ու Բելառուսը՝ ցանկանալով ստանալ գազ ներքին գներով։
Ըստ նրա՝ ոչ բոլոր հարցերում են ԵԱՏՄ անդամ երկրները ձգտում ինտեգրացիայի նման մակարդակի, բայց երբ հարցը վերաբերում է գազին, որն իսկապես տնտեսության վրա ազդող էական գործոն է, կա ցանկություն՝ ձևավորել միասնական շուկա։
Նրա համոզմամբ, նման ինտեգրացիայի պետք է պատրաստ լինել, և դա միանգամից չի կարող լինել, հատկապես, երբ ԵԱՏՄ-ում կան առևտրային խնդիրներ, որոնք քննարկումների փուլում են։
«Կարծում եմ՝ նման շուկայի ձևավորումն ապագայի հարց է։ Այդ դեպքում չպետք է լինեն խնդիրներ, կասկածներ, դա շատ ավելի լուրջ ներդրում է Ռուսաստանի կողմից։ Մինչ այս տարեվերջ, երբ նախատեսում են ավարտել հայ-ռուսական գազային բանակցությունները, նման ծրագրերը չեն առարկայանա։ Կարծում եմ նաև, որ կա քաղաքական տարր այս հարցերում, բայց ոչ պակաս տնտեսական գործոն, և կարծում եմ՝ հիմա լուծումների ակտիվ փնտրտուք է ընթանում, և «Գազպրոմ Արմենիան» «Գազպրոմի» միջոցով կարող է փոխհատուցել սակագնի բարձրացված մասը»,- ասաց նա։
Փորձագետը կարծում է, որ Երևանի ճկունության շնորհիվ հնարավոր է փոխընդունելի սակագին որոշել։