«Առհասարակ ես իրեն էլ  կոչ կանեմ՝ այս թեմայով ինքը չխոսի». Դավիթ Սանասարյանը՝ Արթուր Վանեցյանին

ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև իր և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հարաբերություններին՝ ասելով, որ դրանք աշխատանքային հարաբերություններ են եղել։ «Իմ և պարոն Վանեցյանի հարաբերությունները չպետք է որևէ ձևով կապ ունենան այս գործի հետ»,- ասաց նա:

«Եվ առհասրաակ ես իրեն էլ  կոչ կանեմ՝ այս թեմայով ինքը չխոսի։ … Կոչս շատ հստակ է, որ չխառնվեն մարդիկ, ովքեր իրավասու չեն խառնվելու, որովհետև դա դիտարկվելու է՝ որպես ճնշում հետագա իրավական գործընթացների վրա»,- հավելեց Սանասարյանը։

Ովքե՞ր են հակահեղափոխականները, արդյո՞ք իշխանության ներսում են նրանք՝  լրագրողի հարցին ի պատասխան՝ Դավիթ Սանասարյանը հենց լրագրողներին խորհուրդ տվեց ուսումնասիրել ու բացահայտել, բայց չժխտեց՝ ունի իր ենթադրությունները.

«Տարբեր կասկածներ ունեմ, բայց չեմ ուզում դրա մասին խոսել։ Դուք տեսաք, որ ես շարունակում եմ իմ հարգալից վերաբերմունքը հատկապես վարչապետի նկատմամբ. շատերը վարչապետից ակնկալում են, որ արդարադատություն պետք է  իրականացնի, բայց նրա ֆունկցիան չէ… ո՛չ դատախազի, ո՛չ էլ քննիչի, ո՛չ էլ դատարանների, և առաջարկում եմ՝ էդ հարցով իրեն մի դիմեք»։

«Էն, որ խնդիրները շարունակվում են, էն, որ շատ են էդ խնդիրները… որևիցե մեկը չի ասել, որ էդ խնդիրները գոյություն չունեն, էդ խնդիրները միշտ եղել են, և շարունակական պայքար կա էդ խնդիրների վերացնելու ուղղությամբ»,- նկատեց Սանասարյանը՝ հավելելով, որ իրավապահ մարմինները պետք է համապատասխանեն նոր Հայաստանի պահանջներին։

Սանասարյանը խոսեց նաև գործի հանդեպ քննչական մարմնի հետ չհամագործակցելու պատճառների մասին։

«Ես տեսնում եմ՝ կանխակալ մոտեցումներ կան, և, երբ որ գործն այլ քննչական մարմնում քննվի, ես շահագրգռված եմ շատ ավելի հստակ ձևով աջակցել, որ գործն ամբողջությամբ բացվի»,- տեղեկացրեց նա։

Զարուհի Դիլանյան

 

Տեսանյութեր

Լրահոս