Ատոմ Ջանջուղազյանը հարկային պոտենցիալ, հարկային ծախս հասկացությունները շփոթե՞լ է
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հերքում է, որ բյուջեի եկամուտների 438 մլրդ դրամ թերակատարում է եղել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կառավարության նիստում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հայտարարությանը, որ իրենց գնահատումներով՝ 2018թ. Հայաստանում 438 մլրդ դրամով պակաս հարկ է հավաքվել, քան պիտի հավաքվեր՝ Դ.Անանյանը նշեց, որ կա հարկային ծախս և հարկային պոտենցիալ հասկացություններ, հարկային ծախսը հանրագումարային այն մեծությունն է, որ հարկային օրենսդրությամբ տրված արտոնությունների պատճառով այդքան թերի է հավաքագրվում:
Ըստ նրա՝ բյուջետային ուղերձում նշված է, որ հարկային ծախսը գնահատվում է 442 մլրդ:
«Հավանաբար՝ խոսքը դրա մասին է եղել, և պարոն Ջանջուղազյանը հարկային պոտենցիալ, հարկային ծախս հասկացությունները շփոթել է»,- ասաց Դ.Անանյանը:
ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ բյուջեի որևէ թերակատարում չկա, իսկ գումար կորում է արտոնությունների պատճառով:
168.am-ի հարցին՝ ինչպե՞ս կարող էր Ատոմ Ջանջուղազյանի նման մասնագետը շփոթել այդ տերմինները, Անանյանը պատասխանեց, որ Ա. Ջանուղազյանը հետո փորձել է շտկել իրեն՝ ասելով, որ դա հարկային վարչարարության հետ չի կապված, այլ օրենսդրության հետ է կապված.
«Նորմալ է»: