
Եվրամիությունը կուսումնասիրի ուկրաիներեն լեզվի մասին Գերագույն ռադայի ընդունած օրենքը

Եվրամիությունը կուսումնասիրի ուկրաիներեն լեզվի մասին Ուկրաինայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը հենց որ այն հրապարակվի: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
«Այո՛, մենք տեղյակ ենք, որ խորհրդարանը նոր օրենք է ընդունել լեզվի մասին: Մենք սպասում ենք օրենքի եզրափակիչ տարբերակի հրապարակմանը, որպեսզի ուսումնասիրենք դրա բովանդակությունը»,-ասել է նա:
Կոսյանչիչը դրա հետ մեկտեղ ընդգծել է, որ ԵՄ-ն քանիցս անհանգստություն է հայտնել Ուկրաինայում լեզվի մասին օրենքի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ: «Ինչպես գիտեք, մենք բազմիցս կրկնել ենք, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է այնպես անեն, որ օրենքը համապատասխանի Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նորմերին»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: