Շրի Լանկայում արգելված չէ մասնակցությունն օտարերկրյա ահաբեկչական խմբերին. վարչապետ
Շրի Լանկայի իշխանությունները գիտեին, որ այդ կղզի-պետության որոշ քաղաքացիներ արտասահմանում կռվել են իսլամիստների կողմից, բայց նրանց կալանավորման համար իրավաբանական հնարավորություններ չեն եղել: Այս մասին հայտնել է Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիքրամասինգհեն Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք գիտեինք, որ նրանք (երկրի մի շարք քաղաքացիներ) մեկնել էին Սիրիա եւ միացել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության, բայց մեր երկրում հանցագործություն չի համարվում արտասահման մեկնումն՝ օտարերկրյա զինված ապստամբության մասնակցելու համար»,- ասել է վարչապետը:
«Մենք չունենք օրենքներ, որոնք մեզ թույլ են տալիս կալանավորել մարդկանց, որոնք միացել են օտարերկրյա ահաբեկչական խմբերի: Մենք կարող ենք կալանավորել սոսկ նրանց, ովքեր մասնակցում են Շրի Լանկայում գործող ահաբեկչական խմբավորումներին»,- հավելել է նա:
Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ. առաջին վեցը որոտացել են երկրի երեք տաճարներում եւ երեք հյուրանոցներում, յոթերորդը՝ կղզու արեւմուտքում, ութերորդը՝ Կոլոմբոյի արվարձանի բնակելի համալիրում:
Ահաբեկչական գործողություններում գործի են դրվել ինը մահապարտ-ահաբեկիչներ, որոնցից ութի ինքնությունն արդեն պարզված է: Նրանք Շրի Լանկայի քաղաքացիներ են: Վերջին տվյալների համաձայն, պայթյունների հետեւանքով զոհվել է 250 մարդ: Պայթյունների հետաքննության ընթացքում ձերբակալված կասկածյալների թիվը հասել է 76-ի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: