Չինաստանը ողջունում է բոլոր երկրների մասնակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը. Սի Ցզինպին
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը փակ ակումբ չէ, Պեկինը ողջունում է ցանկացող բոլոր երկրների մասնակցությունը: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը՝ ելույթ ունենալով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովի բացման արարողությանը:
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը փակ ակումբ չէ… Միասին մենք նոր հնարավորություններ կստեղծենք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում համագործակցելու համար»,- ասել է նա: ՉԺՀ-ի նախագահն ընդգծել Է, որ նախաձեռնությունը միտված է գործնական համագործակցության եւ հաղորդակցման մշտական ընդլայնմանը, այն բանին, որ համատեղ պայքար մղվի ռիսկերի ու մարտահրավերների դեմ, ինչպես նաեւ ընդհանուր զարգացման հասնելուն:
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ համաժողովն ապրիլի 25-27-ին ընթանում է Պեկինում, դրան մասնակցում են պետությունների ու կառավարությունների 37 ղեկավարներ: Համաժողովի աշխատանքին մասնակցելու համար ժամանել են նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
Համաժողովի բոլոր միջոցառումները նախագահելու է ՉԺՀ-ի առաջնորդ Սի Ցզինպինը, որը ճառով հանդես կգա համաժողովի բացմանը, ինչպես նաեւ կամփոփի դրա արդյունքները: Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» առաջին համաժողովը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսին: Դրան մասնակցել են 29 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ:
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» հայեցակարգը Չինաստանի նախաձեռնությունն է գոյություն ունեցող առեւտրափոխադրական միջանցքների կատարելագործման եւ նորերի ստեղծման նպատակով, որոնք կապում են Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի եւ Աֆրիկայի 60-ից ավելի երկրներ, ինչը կոչված է նպաստել նրանց եւ Չինաստանի միջեւ առեւտրական հարաբերությունների զարգացմանը:
«Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» ձեւավորման գաղափարն առաջադրվել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի կողմից եւ առաջին անգամ հնչել է 2013 թվականի սեպտեմբերին Ղազախստան պետական այցի շրջանակում Աստանայում նրա ունեցած ելույթի ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: