Ինչո՞ւ է Միհրան Պողոսյանը հայտնվել Կարելիայում
Ապրիլի 21-ին ՌԴ իրավապահները Կարելիայի Հանրապետությունում ձերբակալել էին ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին, որը հետախուզվում էր ՀՀ ՀՔԾ-ի կողմից: ՀՔԾ-ից նշել էին, որ արտահանձնման գործընթացն ընթացքի մեջ է։
Ինչո՞ւ է Լոնդոնում և Մոսկվայում սեփականություն ունեցող Միհրան Պողոսյանը հանկարծ հայտնվում Կարելիայի Հանրապետությունում։
168.am-ի տեղեկություններով՝ ՌԴ Կարելիայի Հանրապետության նահանգապետ Արթուր Պարֆյոնչիկովը 2008-2017թթ. զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության Դատական կատարողների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավի պաշտոնը։
Միհրան Պողոսյանը 2008 թ. հունիսի 11-ին է ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում։
Պաշտոնավարման ընթացքում խիստ մտերիմ հարաբերություններ են ձևավորվել նրանց միջև։
Ի դեպ, Պարֆյոնչիկովը, ով եղել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ուսանողական ընկերը, մի քանի անգամ այցելել է Հայաստան։
Մ. Պողոսյանը ևս բազմաթիվ այցեր ու ջերմ հարաբերություններ է ունեցել ֆեդերալ մակարդակի այդ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որը, ի դեպ, ունի բարձրագույն իրավաբանական կրթություն և իր ծառայությունը սկսել է դեռևս Սովետական Միության դատախազությունում՝ հասնելով մինչև ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքի դատախազի պաշտոնին։
Եվ պատահական չէ, որ Միհրան Պողոսյանը ՀՔԾ կողմից տարածված հաղորդագրությունից հետո, որպես իր գտնվելու հասցե՝ նշում է ՌԴ Կարելիայի Հանրապետությունը, որի ղեկավարը հենց Արթուր Պարֆյոնչիկովն է։ Նաև պատահական չէ այն, որ ձերբակալությունից հետո, մի քանի օր անց Մ. Պողոսյանը խնդրագրով դիմում է ՌԴ իշխանություններին՝ քաղաքական ապաստան ստանալու համար։
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Դատարանն ապրիլի 15-ին որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել գեներալին։ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: