«Թեման շատ լուրջ է, խրթին և նուրբ թելերով». Պարգև Օհանյանը՝ անցումային արդարադատության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր վերջին ասուլիսի ժամանակ խոսել էր անցումային արդարադատության մասին՝ նշելով, որ այն բազմաթիվ նյուանսներ ունի, և այդպիսի մեխանիզմների արագ կիրառումը նաև ռիսկեր է բերում:

«Մենք կարող ենք դեպք ունենալ, որ ունքը սարքելու տեղը՝ տանք, աչքն էլ հանենք: Դրա համար մենք չենք կարող մեկ կամ երկու, երեք կամ չորս ամսում ներդնել այդպիսի մեխանիզմ, դրանք պետք է շատ մանրամասն քննարկվեն, տրվեն տեղական, միջազգային փորձաքննության, միջազգային փորձագետների կարծիքը հավաքվի, որ մենք համոզվենք՝ գնում ենք ճիշտ ճանապարհով»,- ասել էր Ն.Փաշինյանը՝ հիշեցնելով նաև, որ կա Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը կարող է հետագայում ընդդեմ ՀՀ-ի որոշումներ կայացնել։

168.am-ը նախկին դատավոր Պարգև Օհանյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ժամկետներում է հնարավոր սկսել անցումային արդարադատությունը, և ի՞նչ ռիսկեր կան։

«Կդժվարանամ ժամկետներ նշել։ Թեման շատ լուրջ է, խրթին և նուրբ թելերով։ Ես չեմ կարող մեկնաբանել վարչապետի խոսքը, առավել ևս՝ չգիտեմ, թե քաղաքական ինչ մոտիվացիա կա, որովհետև «անցումային արդարադատություն» կոչվածը միշտ յուրահատուկ է լինում յուրաքանչյուր երկրի համար, դա դասական ինստիտուտ չի, որ ասես, թե տեսականորեն ինչպես պետք է արվի և ինչ ժամկետներում։ Այսինքն՝ այստեղ քաղաքական մոտիվացում պետք է լինի, և ըստ այդմ՝ կոնցեպտը մշակվի ու իրականացվի։ Թե ի՞նչ խնդիր ունեն քաղաքական այս իշխանությունները, ես դժվարանում եմ ասել, բայց ամբողջ նպատակն ուղղված է այն տխուր վիճակին, որ պետք է փոխել»,- ասաց Պ.Օհանյանը։

Ըստ նրա՝ իշխանությունները դիտավորություն չունեն անցումային արդարադատության անցնելու գործընթացը ձգձգելու համար։ Օհանյանի խոսքով՝ եթե ինքը լիներ քաղաքական իշխանությունում հարց որոշողը, իր առջև կծառանային հետևյալ հարցերը՝ 1. օրենսդրական հիմքերի ապահովում, 2. կիրառական պրոցես, թե ինչ ինստիտուտներ պետք է ստեղծվեն, օրինակ՝ իրավունքի դատարան։

«Այդ ամեն ինչի հիմքը պետք է ծառայի կոնցեպտը, որը պետք է մշակի քաղաքական ուժը և իրենից ներկայացնելու է, ըստ էության, քաղաքական փաստաթուղթ, հետո նոր միայն՝ կյանքի կոչվելուց հետո հետզհետե կվերածվի իրավական գործընթացի։ Մենք շատ կարծրացած, եթե չասենք՝ լճացած, արդարադատության համակարգ ունենք, կամ դատական իշխանություն, թեև ես միշտ ասել եմ, որ այդ հարցը պետք է համակարգային նայել, և դա միայն դատական իշխանության հետ չի կապված, այլ կապված է ամբողջ դատաիրավական համակարգի հետ։ Ես չգիտեմ՝ իրենք ա՞յդ աչքով են նայում, թե՞ նայում են միայն դատական իշխանության ուղղությամբ»,- ասաց Պ.Օհանյանը։

ՄԻԵԴ-ի հետ կապված իշխանությունների զգուշավորությունը նախկին դատավորը տեղին ու ողջունելի է համարում։ Նրա կարծիքով՝ տեսականորեն հնարավոր է, որ այժմ էլ լինեն գործեր, որոնք ՄԻԵԴ-ում բողոքարկվելու դեպքում՝ կհանգեցնեն ընդդեմ ՀՀ-ի որոշումների.

«Ես ուզում եմ հավատալ, որ ՄԻԵԴ-ն անկախ մարմին է, և իր համար նշանակություն չունի՝ այստեղ իշխանության գլուխ ինչ ուժ է՝ ժողովրդավարակա՞ն, թե՞ ավտորիտար, իրենք բողոքները քննել և քննելու են, հուսամ, իրավունքի խախտումների տեսանկյունից։ Գիտեք, սխալվում ենք բոլորս, այլ հարց է, որ, ինչպես ասում են՝ սխալի վրա համառում է միայն անխելքը։

Ամեն դեպքում՝ ինչպիսի արդարադատություն էլ ունենանք, սխալվելու հավանականությունը չի վերանա, կարող է Սամվել Մայրապետյանի գործում էլ լինեն ինչ-որ իրավունքի խախտումներ, կարող է այլ գործերով էլ լինեն, այդտեղ պետք չի ինչ-որ դավադրություն փնտրել։ Ամեն դեպքում ՄԻԵԴ-ն այդ հարցերը քննելու է Կոնվենցիայի շրջանակներում, ըստ այդմ էլ՝ կարող են որոշումներ լինել պետության դեմ։ Ամենաքաղաքակիրթ երկրների դեմ էլ լինում են որոշումներ։

Դրանից պետք է հետևություններ անել։ Եթե ընդհանրացնենք ու մի քիչ կոպիտ ասենք՝ ստացվում է, որ նախկին իշխանությունները թքած ունեին ՄԻԵԴ-ի որոշումների վրա: Ավելին, նախկին խորհրդային տարիներին յուրաքանչյուր դատավորի համար յուրաքանչյուր բեկանված դատավճիռ մի պատմություն էր, սթրես էր ու պատասխանատվություն, որովհետև այդ բեկանված վճիռը կարող էր անգամ ճակատագրական լինել այդ դատավորի համար։ Իսկ հիմա ես գործեր գիտեմ, որ առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել, նույնիսկ ազատազրկում է տվել մի չնչին արարքի համար, իսկ վերաքննիչ դատարանն արդարացրել է։

Հիմա արդյո՞ք այդ առաջին ատյանի դատավորը մտահոգվելու խնդիր ունի։ Կարծես թե տեսականորեն՝ այո, իսկ գործնականում՝ չգիտեմ։ Խոսքն այն մասին չի, որ տեռոր սկսվի դատավորների հանդեպ, բայց նրանք պետք է այդ իմաստով առավել զգույշ լինեն, քան քաղաքական իշխանությունները։ Նրանք պետք է շահագրգիռ լինեն, որ այնպիսի վճիռ կայացնեն, որ ՄԻԵԴ-ում չբեկանվի ու որոշում կայացվի պետության դեմ, և պետք է ինչ-որ պատասխանատվության ենթարկվեն»։

Պ.Օհանյանը նշեց, որ վերջերս կառավարությունում քննարկված ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծն ուղիղ կապ ունի անցումային արդարադատության հետ. «Առանց դրա հնարավոր չէ։ Բայց սա նույնպես քաղաքական պրիզմայի տակ պետք է նայել, և այդ ինստիտուտն էլ շատ նուրբ ու ցավոտ կարող է լինել։ Պետք է օրենսդրությունն այնպես մշակվի ու կիրառվի, որ դիկտատուրա չառաջանա»։

Տեսանյութեր

Լրահոս