Գերմանիայում կինն ուշքի է եկել 27 տարի կոմայի մեջ գտնվելուց հետո
Գերմանիայում պացիենտը գիտակցության է եկել 27 տարի կոմայի մեջ գտնվելուց հետո: Այդ մասին հայտնել է The National պորտալը: 1991 թվականին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) բնակչուհի Մունիրա Աբդուլլան չորս տարեկան իր որդու եւ փեսայի հետ ավտովթարի էր ենթարկվել: Նրանց մեքենան բախվել Էր դպրոցական ավտոբուսին: Մայրը փրկել է տղային, իրենով ծածկելով նրան, սակայն գանգուղեղային լուրջ վնասվածք է ստացել:
Մունիրային հասցրել են տեղի հոսպիտալ, որից հետո տեղափոխել Լոնդոնի հիվանդանոց: Կինը գտնվում էր վեգետատիվ վիճակում՝ ցուցադրելով գիտակցության միայն նվազագույն նշաններ: Որոշ ժամանակ անց նրան կրկին տեղափոխել են ԱՄԷ: Կինը ֆիզիոթերապեւտիկ բուժընթաց է անցել, որպեսզի պահպանի մկանների տոնուսը, սակայն նրա վիճակը չի լավացել:
«Ես երբեք թեւաթափ չեմ եղել, որովհետեւ միշտ այն զգացողությունն եմ ունեցել, որ մի օր նա գիտակցության կգա»,-լրագրողների հետ անկեղծացել է Մունիրայի որդին՝ Օմար Վեբերը: 2017 թվականին Աբու-Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Զայիդն իմացել է Մունիրայի պատմության մասին եւ նրա բուժման ծախսերը հոգացել է գերմանական կլինիկաներից մեկում: 2018 թվականի հունիսին կինը բժիշկների համար անսպասելիորեն սկսել է գիտակցության գալ եւ որոշակի ձայներ արձակել: Օմարի խոսքով՝ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքը ինչ-որ մեկի հետ վիճում էր մոր մահճակալի մոտ: Երեք օր անց Մունիրան 27 տարվա ընթացքում առաջին անգամ արտասանել է իր որդու անունը: Որոշ ժամանակ անց նա սկսել Է խոսել եւ նույնիսկ աղոթքներ անել: Այժմ պացիենտը բուժումը շարունակում է Աբու-Դաբիում:
«Ես նրա պատմությունը պատմեցի, որպեսզի մարդիկ չկորցնեն հույսը, երբ նման վիճակում են հայտնվում իրենց մերձավորները: Նրանց մահացած մի համարեք, երբ նրանք նման դրության մեջ են: Բոլոր այս տարիներին բժիշկներն ինձ ասում էին, որ նրա վիճակն անհուսալի է եւ իմաստ չունի նրան բուժել, բայց ամեն անգամ, երբ ես կասկածում Էի, ինձ նրա տեղն էի դնում եւ հնարավոր ամեն ինչ անում էի՝ բարելավելու նրա վիճակը»,-պատմել է Օմարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: