
Ինդոնեզիայում քվեները հաշվելիս ընտրական հանձնաժողովի 92 մարդ է մահացել գերհոգնածությունից

Առնվազն 92 մարդ է մահացել Ինդոնեզիայում կայացած ընդհանուր ընտրություններից հետո քվեները հաշվելու ընթացքում սաստիկ գերհոգնածության պատճառով: Ապրիլի 23-ին այս մասին հայտնել է Antara գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Արիֆ Բուդիմանին։
Ավելի վաղ հաղորդվել էր 54 մահացածների եւ 32 հոսպիտալացվածների մասին: Բուդիմանի տվյալներով՝ եւս 374 մարդ գանգատվել է առողջական խնդիրներից քվեների հաշվումից հետո չափազանց հոգնածության պատճառով, որը շարունակվել է մի ամբողջ օր: Զոհերից մեկը դարձել է Մալուկուի նահանգի Ադոդո Մոլու բնակավայրի ընտրական տեղամասի ղեկավարը, նա մահացել է իր տարածաշրջանում ընտրությունների արդյունքների ամփոփմանը նվիրված լիագումար նիստի ժամանակ:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է ԿԸՀ-ի նախագահը, ապրիլի 17-ին կայացած ընտրությունները ամենախոշորն են դարձել աշխարհում: Բացի նախագահից, Ինդոնեզիայի քաղաքացիներն ընտրել են խորհրդարանի երկու պալատների պատգամավորներին, տեղացի օրենսդիրներին:
Ընդամենը դրանց մասնակցել է գրեթե 240 հազար թեկնածու, որոնք հավակնել են 20 հազար տեղի: Մասնակցությունը հասել է ձայնի իրավունք ունեցող 193 միլիոն մարդու գրեթե 80 տոկոսին: Ամբողջ երկրում բացվել է ավելի քան 813 հազար ընտրական տեղամաս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: