Բաժիններ՝

Մեղադրյալի մասնակցությամբ արձանագրվել են առերևույթ խարդախության նոր դեպքեր

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է քաղաքացիներից  խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի շրջանակներում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բացահայտվել են նույն անձի կողմից կատարված այլ հանցագործություններ ևս:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1985 թվականին, 2018-2019թթ. ընթացքում համացանցի միջոցով ծանոթացել է տարբեր կանանց հետ և ներկայանալով որպես դատախազության աշխատակից՝  կատարել է մի շարք խարդախություններ:

Նախաքննությամբ պարզվել են խաբեությամբ հափշտակություններ կատարելու վերաբերյալ նոր դրվագներ, համաձայն որոնց՝ տղամարդը ոչ միայն բնակարան ձեռքբերելու հարցում օժանդակելու, նախնական վճարումներ կատարելու պատրվակով  է քաղաքացիներից խարդախությամբ առերևույթ հափշտակություն կատարել, այլև յուրացրել է իրեն վստահված ոսկյա զարդեր, ինչպես նաև խարդախությամբ գումարներ է հափշտակել տուժողներից մեկի ավտոմեքենայի առքուվաճառքի ընթացքում, մեկ այլ դեպքում էլ տարեց տղամարդուն խոստացել է հաշմանդամության կարգ ձևակերպել, որի համար պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու և համապատասխան վճարումներ կատարելու պատրվակով խաբեությամբ ստացել է գումար և հափշտակել:

Քրեական գործով իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են խարդախության դեպքերի մի շարք հանգամանքներ, դրանց կատարման մեխանիզմը, պարզվել են նույն անձի կողմից կատարված հանցավոր այլ դրսևորումներ ևս: Տուժող է ճանաչվել 12 անձ:

Քննության տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած 33-ամյա տղամարդը, խաբեությամբ հափշտակություններ կատարելու համար որպես զոհ ընտրել և թիրախավորել է ամուսնալուծված կամ միայնակ ապրող կանանց, որոնց հետ հիմնականում ծանոթություն է հաստատել սոցիալական կայքերի միջոցով, ապա ամուսնանալու, ընկերակցելու, սոցիալական և բնակարանային պայմանները բարելավելու շինծու խոստումներով, չարաշահելով նրանց վստահությունը, մինչև 2019 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում 30-ից 55 տարեկան 11 կանանցից, ինչպես նաև նրանցից մեկի հորից՝ մաս-մաս ստացել և խաբեությամբ հափշտակել է 13.812.700 ՀՀ դրամ, 4.780.141 ՀՀ դրամին համարժեք 9.884 ԱՄՆ դոլար, 58.480 ՀՀ դրամին համարժեք 8.000 ՌԴ ռուբլի գումար, 2.215.188 ՀՀ դրամի ոսկյա զարդեր և 1.050.000 ՀՀ դրամ արժողության երկու բջջային հեռախոս, որի արդյունքում նրանց պատճառել է առանձնապես խոշոր չափերի`21.916.509 ՀՀ դրամի գույքային վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված  33-ամյա տղամարդուն նախկինում առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է և լրացվել. նրան նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (1 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (7 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (1 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (4 դրվագ):

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս