Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արտավազդ Փելեշյանին, մաղթել ստեղծագործական նորանոր թռիչքներ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանին:
Ողջունելով անվանի կինոռեժիսորին՝ նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել նրա ավանդը հայ և համաշխարհային կինոյի զարգացման գործում և նշել, որ նա ժամանակակից հայ մշակույթի մեծագույն ներկայացուցիչներից է:
Անդրադառնալով Արտավազդ Փելեշյանի ստեղծագործություններին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ նա համաշխարհային վավերագրական կինոյի հայտնի դեմքերից մեկն է, ով հավատարմորեն է ծառայում արվեստին ու մշակույթին՝ մեր ժողովրդին պարգևելով հպարտության բազմաթիվ պահեր:
Վավերագրական կինոյի վարպետը Հանրապետության նախագահին նվիրել է իր հեղինակած «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գիրքը:
Նախագահ Սարգսյանն Արտավազդ Փելեշյանին մաղթել է առողջություն և ստեղծագործական նորանոր թռիչքներ՝ համոզմունք հայտնելով, որ նա կշարունակի ուրախացնել իր արվեստի երկրպագուներին նոր և ինքնատիպ ստեղծագործություններով: