«Ուոթֆորդ» – «Արսենալ». Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի պայքար
Անգլիական Պրեմիեր լիգայում թիմերը շարունակում են պայքարը մի քանի գոտիներում: Այս մրցաշրջանում Անգլիայում լարված է ոչ միայն չեմպիոնական պայքարը, այլև պայքարը Չեմպիոնների լիգայի գոտու համար: Լոնդոնի «Արսենալը» լավագույն քառյակի հավակնորդներից մեկն է, և պարզապես իրավունք չունի միավոր կորցնելու, քանի որ յուրաքանչյուր կորցրած միավորը հնարավորություն է մրցակիցների համար:
«Ուոթֆորդ»
«Ուոթֆորդը» մոտենում է այս խաղին շատ բարձր տրամադրությամբ: Մեկ շաբաթ առաջ «Ուոթֆորդը» կարողացավ նվաճել Անգլիայի գավաթի եզրափակչի ուղեգիր: Մինչ օրս թիմը երբեք չի նվաճել այս հեղինակավոր գավաթը, իսկ եզրափակչում միայն մեկ անգամ է խաղացել՝ 1984 թվականին՝ պարտվելով «Էվերթոնին» (0:2):
Ընթացիկ կիսաեզրափակիչ խաղում Խավիեր Գրասիի թիմը հրաշալի քամբեքի հեղինակ դարձավ: Հանդիպման ընթացքում 0:2 հաշվով զիջելով՝ նրանք ոչ միայն կարողացան հավասարեցնել հաշիվը, այլև հաղթել լրացուցիչ ժամանակում:
Այս մրցաշրջանում «Ուոթֆորդը» կարող է պայքարել Եվրոպայի լիգայի ուղեգրի համար: Հիմա թիմը մրցաշարային աղյուսակում 9-րդն է, բայց 7-րդ տեղից նրան բաժանում է միայն 1 միավոր: Այս միավորը հնարավոր է նվաճել լոնդոնյան ակումբի հետ խաղում, որը այնքան էլ վստահ չի խաղում մրցակցի հարկի տակ:
Սեփական հարկի տակ Գրասիի թիմը շատ լավ է հանդես գալիս: Թիմը չի պարտվել 5 խաղ անընդմեջ, չնայած այս ընթացքում մրցակիցները ամենաուժեղը չէին: «Ուոթֆորդը» ոչ-ոքիներ խաղաց «Նյուքասլի» (1:1) և «Բերնլիի» (0:0) հետ, որից հետո հաղթեց «Ֆուլհեմին» (4:1), «Լեսթերին» (2:1) և «Էվերթոնին» (1:0):
«Ուոթֆորդում» չկան վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ, բայց հարցականի տակ է մի շարք խաղացողների մասնակությունը, այդ թվում՝ Ռոբերտո Պերեյրա, Խոսե Հոլեբաս, Ժերար Դեուլոֆեու, Թոմ Քլիվերլի, Դոմինգոս Քուին և Ադալբերտո Պենյարանդա:
«Արսենալ»
«Արսենալը» անցյալ հինգշաբթի լավ հայտ ներկայացրեց Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու համար՝ հաղթելով իտալական «Նապոլիին»՝ 2:0 հաշվով: Այնուամենայնիվ, տանը Լոնդոնը ներկայացնող ակումբը միշտ շատ լավ է հանդես գալիս, ինչը չի կարելի ասել արտագնա հանդիպումների մասին:
Այս մրցաշրջանում «Արսենալը» հիասթափեցրեց իր երկրպագուներին, երբ լքեց Լիգայի գավաթը և Անգլիայի գավաթը, ինչպես նաև մի շարք անհաջողություններ կրեց առաջնությունում: Չնայած այս ամենին, լոնդոնյան ակումբը բարելավել է խաղը և պայքարում է Պրեմիեր լիգայում 4-րդ հորիզոնականի համար: Այս պահին Ունայի Էմերիի թիմը 6-րդն է: 3-րդ հորիզնականից «Արսենալին» բաժանում է 4 միավոր, 4-րդ հորիզոնականից՝ 3 միավոր, իսկ 5-րդ հորիզոնականից՝ 1 միավոր: Պետք է նշել նաև, որ 4-րդ հորիզոնականը գրավող «Չելսին» երկու խաղ ավելի է անցկացրել: «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը» ևս մեկ խաղ ավելի են անցկացրել, քան Ունայի Էմերիի թիմը:
Ինչպես նշեցինք, լոնդոնյան ակումբի առավելություններից մեկը սեփական հարկի տակ հրաշալի հանդես գալն է: Տանը լոնդոնցիները գրեթե անպարտելի են: Արտագնա խաղերի վիճակագրությունը բացասական է: Սա ապացուցվեց նաև վերջին արտագնա խաղում՝ «Էվերթոնի» դեմ (1:0): Սա առաջին պարտությունն էր Պրեմիեր լիգայի վերջին 7 խաղերում:
Այս խաղին ընդառաջ Էմերիի թիմը ունի լուրջ խնդիրներ պաշտպանության գծում: Որակազրկման պատճառով չի խաղա Սոկրատիս Պապաստատոպուլոսը: Վնասվածքներ ունեն Հեկտոր Բելերինը, Ռոբ Հոլդինգը, Դենի Ուելբեքը: Հարցականի տակ է Գրանիտ Ջակայի մասնակցությունը:
Վիճակագրություն
- «Ուոթֆորդը» սեփական հարկի տակ չի պարտվել 5 խաղ անընդմեջ՝ 3 հաղթանակ և 2 ոչ-ոքի
- «Արսենալը» մրցակցի հարկի տակ չի հաղթել Պրեմիեր լիգայի վերջին 6 խաղերից 4-ում
- Այս թիմերի մասնակցությամբ վերջին 8 խաղերից 7-ը ստացվել են գոլառատ
«Ուոթֆորդն» այժմ լավ վիճակում է: Թիմը պարբերաբար գոլեր է խփում սեփական հարկի տակ, չունի հարձակման գծի հետ խնդիրներ, չնայած այնքան էլ վստահ հանդես չի գալիս պաշտպանությունում: «Արսենալի» մրցաշարային վիճակն իր հերթին պարտավորեցնում է երեք միավոր վաստակել: Սակայն վերջին շրջանում առաջացած խնդիրները ազդում են թիմի հարձակվողական խաղի վրա:
Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան