«Դուխով նախարարության փոխարեն՝ դուխով գործում են». Զեյնալյանը ներկայացրեց Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին նախագիծը
Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ըստ նրա՝ դրա ընդունման պարագայում հնարավոր կլինի կառավարության գործունեությունն իրականացնել առավել օպտիմալ և արդյունավետ ձևաչափով:
Փաթեթով առաջարկվում է նախարարությունների թիվը կրճատել՝ սահմանելով 12 նախարարություն՝ 17-ի փոխարեն, որի պարագայում փոխվարչապետների կողմից համակարգման դերակատարությունը որոշ դեպքերում նվազում է և առավել նպատակահարմար է այն կենտրոնացնել երկու փոխվարչապետների շուրջ: Հետևաբար՝ առաջարկվում է փոխվարչապետների թիվը սահմանել 2: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2 փոխվարչապետների պարագայում առաջին փոխվարչապետ սահմանելու տրամաբանությունը բացակայում է՝ առաջարկվում է հանել առաջին փոխվարչապետի պաշտոնը:
Կառավարության կազմը սահմանվում է.
1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
2) առողջապահության նախարարություն,
3) արդարադատության նախարարություն,
4) արտակարգ իրավիճակների նախարարություն,
5) արտաքին գործերի նախարարություն,
6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
7) շրջակա միջավայրի նախարարություն,
8) պաշտպանության նախարարություն,
9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն,
11) Էկոնոմիկայի նախարարություն,
12) ֆինանսների նախարարություն:
Նա նշեց, որ Մշակույթի նախարարությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Կրթության և գիտության նախարարությունը կմիաձուլվեն՝ ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը կմիաձուլվեն՝ ստեղծելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
Վերջինիս կփոխանցվեն նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ տրասնպորտի ոլորտին վերաբերող բոլոր լիազորությունները և գործառույթները:
Նշված նախարարության ենթակայությանը կհանձնվի նաև Պետական գույքի կառավարման կոմիտեն:
Գյուղատնտեսության նախարարությունն ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կմիաձուլվեն՝ ստեղծելով Էկոնոմիկայի նախարարության:
Սփյուռքի նախարարությունը կմիավորվի Վարչապետի աշխատակազմին, որտեղ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:
Միևնույն ժամանակ Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հայեցողական պաշտոնը, ով կիրականացնի վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորությունների իրականացման աշխատանքների կազմակերպումը:
«Էս բարեփոխում կոչվածի արդյունքում քանի՞ մարդ ա դառնալու գործազուրկ, ծեծելու զբաղվածության կենտրոնի դռները»,- հարցադրում արեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նա հարցադրում արեց՝ կոնկրետ քանի՞ աշխատող պետք է կրճատվի, քանի՞ այլ աշխատատեղ պետք է ստեղծվի. «Ի՞նչ արժի այդ հաճույքը»:
Պետրոսյանը նաև հարցադրում արեց, թե ո՞վ կարող է ասել՝ կրթության նախարարն ի՞նչ կապ ունի սպորտի հետ, ինչպե՞ս կարող է այս ոլորտները նույն անձը ղեկավարել, կամ ինչպե՞ս կարելի է վերացնել սփյուռքի նախարարությունը: Նա առաջարկեց նման պայմաններում ստեղծել «դուխով» նախարարություն:
«Այն ոլորտները, որոնք գտնվում են նախարարությունների ենթակայության տակ, դժվար թե գտնեք մի նախարար, որ իր ենթակայության տակ գտնվող բոլոր ոլորտների հետ նույնչափ առնչություն ունենա:
Նախարարները փորձագետներ չեն, նախարարները քաղաքական պաշտոններ են և ունենում են տեղակալներ»,- պատասխանեց Ա.Զեյնալյանը՝ հավելելով, որ «դուխով նախարարության փոխարեն՝ դուխով գործում են»:
«Կրթության նախարարը կարող է կրթության ոլորտից չլինել, չէ՞»,- հեգնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Կարող է լինել նաև բժիշկ»,- պատասխանեց Զեյնալյանը: